ԵԽ մամուլի ծառայության երեկ տարա ծած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 31-ին կայանալիք առաջին քաղաքային ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախընտրական առաքելությունն իրականացվեց Երեւանում մայիսի 3-6-ը։ Երեք անդամից կազմված պատվիրակությունը՝ Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինը, Միշել Գեգանը եւ Նայջել Մերմագենը, հանդիպել են կառավարության ու քաղաքային պաշտոնյաների, քաղաքական խմբակցությունների մեծ մասի թեկնածուների, ինչպես նաեւ ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ՝ պատվիրակությունը հանդիպել է մի խումբ դեսպանների հետ. «Մարդիկ, որոնց հետ խոսել է պատվիրակությունը՝ մասնավորապես ընդգծել են այս ընտրությունների նշանակությունը Հայաստանում տեղական ժողովրդավարության եւ ընդհանուր առմամբ՝ երկրում քաղաքական իրավիճակի համար։ Կոնգրեսի պատվիրակության մոտ պատկերացում է ստեղծվել, որ սպառնալիքներ կան այս ընտրությունների պատշաճ անցկացման համար, մասնավորապես՝ կապված ընտրողների գրանցման ու մոբիլիզացիայի, ձայները հաշվելու եւ քարոզարշավի լրատվական անաչառության առումով։ Պատվիրակությունն ընդհանուր տպավորություն է ստացել, որ քաղաքապետի ինստիտուցիոնալ ու քաղաքական դերը վտանգված է մարգինալացման իշխանությունում գտնվող քաղաքական ուժերի եւ ընդդիմության միջեւ խիստ առճակատման պատճառով»: Առաքելության ավարտին Ֆաբիո Պելեգրինն ասել է. «Մենք մտահոգ ենք, որ Երեւանի քաղաքացիների իրական կարիքները կարող են մի կողմ մղվել այս առճակատման պատճառով»: Իսկ Նայջել Մերմագենը շեշտել է. «Կոնգրեսը տեղյակ է այս ընտրությունների նշանակությանն ու առանձնահատուկ բնույթին։ Որպես այս ընտրությունների միակ ինստիտուցիոնալ դիտորդներ՝ մենք այս ասպեկտները հաշվի կառնենք մեր դիտորդական առաքելության ընթացքում, որն իրականացվելու է մայիսի վերջին»: Միշել Գեգանը եզրափակել է. «Չնայած մեր առաքելության ընթացքում բարձրաձայնված մտահոգություններին՝ մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները կանեն առավելագույնն այս ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան պատշաճ ձեւով անցկացնելու համար»: