Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոնը պատասխանեց Ծառուկյանին

Մայիս 07,2009 00:00

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերից հայտարարել էր, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, եւ ասել էր, որ եթե «թիվ մեկ» սոցիոլոգը կարողանա հրապարակավ ապացուցել իր թվերի իսկությունը (հիշեցնենք, որ սոցիոլոգը վերջին շրջանում կանխատեսում է ՀՀԿ-ի հաղթանակը), ապա ինքը նրան մեկ միլիոն դոլար կտա (հետո այդ դոլարը դարձրեց դրամ), իսկ եթե Ահարոն Ադիբեկյանը չկարողանա ապացուցել, եւ պարզվի, որ նրա անցկացրած սոցհարցումները հորինված են, ապա, ինչպես նշեց ԲՀԿ նախագահը, «մենք պատժելու ձեւերը գիտենք»: Երեկ մամուլի ասուլիսում Ահարոն Ադիբեկյանը հակադարձել է Գագիկ Ծառուկյանին: Նախ ասաց. «Ես տվել եմ 20 վարկանիշներից վեցը, որը չի վերաբերվել, թե ձայն կտան, թե չեն տա: Ուղղակի նկարագրել եմ այն իրավիճակը, որում գտնվում են մրցակիցները: Այդ թվերը դեռ ոչինչ չեն նշանակում, որովհետեւ կան 14 այլ գործոններ, որոնք ի վերջո կբերեն նրան, թե ձայնը տալո՞ւ են, թե՞ չեն տալու: Ու քանի որ դեռ խմորումները գնում են, ես վարկանիշ չեմ տվել, չնայած ունեմ»:

Սոցիոլոգը նաեւ բացատրեց. «Դժբախտաբար, եթե ես վարկանիշ տված լինեի, ես կգնայի «Շանթ», կհաստատեի վարկանիշս եւ այդ միլիոն դոլարը կամ դրամը, որովհետեւ Ծառուկյանը երկուսն էլ ասեց, երկուսից մեկը կստանայի: Եվ, ընդհանրապես, ես ուղղակի ցավում եմ, որ նման մասշտաբի քաղաքական գործիչ, ռեստորանային մտածելակերպով, փորձում է մտնել քաղաքական վերնախավի առաջին շարքը, ղեկավարել մի ուժ, որը հավակնում է լինել եթե ոչ առաջինը, ապա երկրորդը, եւ սոցիոլոգիան համեմատում է ռեստորանային նվագախմբի հետ, որը կարող է իր համար ձոն երգել թագավոր ախպոր մասին: Ես ցավում եմ, ուղղակի ցավում եմ, որովհետեւ ես փորձել եմ նրա հետ համագործակցել եւ ցույց տալ, թե ժամանակակից մենեջմենտը քաղաքական ինչ ձեւաչափերով է ընդհանրապես ընթանում: Ու եթե նա այդքան կրուտոյ ա, որ կարող է միլիոն դոլար ինձ տալ, թող հինգ տոկոսը տա «Գելափին» կամ տասը տոկոսը, առնի «Գելափին», եւ «Գելափը» հաստատի, որ Ծառուկյանը ամենատաղանդավոր քաղաքական գործիչն է, որ նրա «Բարգավաճ Հայաստանն» ամենավարկանիշային կազմակերպությունն է, իսկ Քուշկյանն ամենաանցողիկ քաղաքապետն է»:

Ի պատասխան սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պարզաբանումների, ԲՀԿ-ից «Առավոտին» ասացին հետեւյալը. «Սոցիոլոգիան ընդհանրապես լուրջ գիտություն է, եթե դրանով զբաղվում են լուրջ մարդիկ։ Ահարոն Ադիբեկյանին ընդհանրապես չէինք էլ պատասխանի, եթե նա տեւական ժամանակ շուրջօրյա հերթապահություն սահմանած չլիներ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակի մատույցներում՝ ակնկալելով սոցհարցման պատվեր։ Բնականաբար՝ բացառապես մեր ճաշակին ու ցանկություններին հարմարեցված։ Այդ պատվերը չստանալը երեւի թե Ադիբեկյանի մոտ լուրջ ճգնաժամ է առաջացրել, որից, կարծում եմ, սոցիոլոգիան առանձնապես չի տուժի։ Այնպես որ, Ադիբեկյանին առաջարկն արված է, եւ նա երկար-բարակ ճամարտակելու փոխարեն կա՛մ կարող է այն ընդունել, կա՛մ ուղղակի արժանապատիվ ներողություն խնդրել՝ սոցիոլոգիայի պես լուրջ գիտությունը հետեւողականորեն վարկաբեկելու համար։ Ընտրությունն իրենն է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել