Բայց միտինգներ չի անելու
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն իր «ճաշակին եւ մոտեցումներին» համապատասխան՝ ավելի պասիվ քարոզարշավ կվարի: «Միտինգային հանդիպումները մեր ոճը չեն, բայց ժողովրդի հետ շփումներ անպայման կլինեն: Ասենք՝ մենք կարող ենք մտնել մի բակ, որտեղ 5-10 մարդ հավաքված կլինեն. կխոսենք հետները, կներկայացնենք մեր ծրագրերը, կլսենք նրանց կարծիքն ու մոտեցումները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱՍԿ նախընտրական ցուցակը գլխավորող Մովսես Շահվերդյանը: Կուսակցության նախընտրական ծրագիրը եւ քարոզչական նյութերը դեռ նախապատրաստական փուլում են, հիմնադրամը նույնպես ձեւավորված չէ: Քարոզչական նյութերը կտարածվեն քարոզարշավի վերջին օրերին: Փարատելով «Առավոտի» տարակուսանքը՝ մեր զրուցակիցը, հղում անելով առաջին նախագահին, նկատեց. «Որ ժողովրդին կանդիցիայի բերենք»: Իսկ մինչ այդ նա խոստանում է, որ հաղթանակի դեպքում (ՀԱՍԿ-ում համոզված են առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակում) փորձելու են Երեւանի համար ինքնակառավարման ամենաբարձր մակարդակն ապահովել: Այդ առիթով էլ ջանալու են, որպեսզի Երեւանի ավագանին օրենսդրական նախաձեռնության իրավունք ունենա, ապա՝ օգտվելով այդ իրավունքից, լրամշակումներ կատարվեն գործող օրենքում, որն, ըստ Մովսես Շահվերդյանի, հնարավորություն կտա մայրաքաղաքի ավագանուն կազմակերպել Երեւանում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքները՝ այդպիսով թե աշխատատեղերի եւ թե սոցիալական հարցեր կլուծվեն: «Մեր նախընտրական ծրագրում առաջարկում ենք, որ Երեւանի քաղաքապետարանում արդյունաբերության բաժին ստեղծվի: Հանրապետությունում արդյունաբերության նախարարությունը վերացված է, եւ դրանից էլ երեւի գալիս է արդյունաբերությանն առկա մոտեցումը: Իսկ մեր հանրապետությունն՝ իր տարածքով, բնակչությամբ եւ ռեսուրսներով, առանց զարգացած արդյունաբերության երկար գոյատեւել չի կարող»,- գտնում է պարոն Շահվերդյանը՝ վստահեցնելով, որ իրենք ի զորու են վերականգնել Երեւանի երբեմնի գիտակրթական եւ արդյունաբերական խոշոր կենտրոնի համբավը: «Առավոտի» դիտարկմանը՝ առանց նախկին միութենական կապերի ինչպե՞ս եք դա պատրաստվում անել, Մովսես Շահվերդյանը հիշեցրեց, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել եւ մտերիմ հարաբերությունների մեջ լինել Կարեն Սերոբիչի եւ Ալեքսան Մատվեիչի հետ, ուստի լավ ինֆորմացված է. «Ցանկացած պետություն ունի իր կապերը համաշխարհային տնտեսության հետ: Այն ժամանակ Մոսկվան այդ հարցերը կարգավորում էր, բայց այսօր էլ հնարավորություններ կան օգտագործելու նախկին միութենական կապերը՝ 30-40 տոկոսով: Եթե մեր արդյունաբերությունն անգամ այդ ծավալով աշխատի՝ դա մեր ժողովրդին բարեկեցիկ կյանք կտա: Ողջ խնդիրն այն է՝ մենք դա ուզո՞ւմ ենք, ձգտո՞ւմ ենք դրան… Ոչ թե դժվար է, այլ չեն էլ փորձում անել, մասնավորեցման անվան տակ սեփականաշնորհում են հսկայական արդյունաբերական ձեռնարկություններ եւ դարձնում հարստանալու միջոց՝ հաստոցները որպես մետաղի ջարդոն վաճառելով»,- ասում է մեր զրուցակիցը:
Ի դեպ, կուսակցությունն ընտրությունների է գնում 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի՝ «Հավատա եւ վստահիր» կարգախոսով, իսկ ուղեկից կարգախոսն է՝ «Բարեկարգ եւ բարգավաճ քաղաք, բարեկեցիկ եւ բարեկիրթ քաղաքացի»: