Քաղբանտարկյալների գործերը շարունակվում են փլուզվել
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների, նաեւ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարաններում երեկ շարունակվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի գործով դատական նիստերը: Ինչպես մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննության, այնպես էլ հիշյալ երկու պատգամավորների գործով մեղադրող կողմին որեւէ կերպ չի հաջողվում փաստացիորեն հաստատել կամ ապացուցել այդ մարդկանց առաջադրված «զանգվածային անկարգությունների կազմակերպում» մեղադրանքը: Բանն այն է, որ բոլոր այդ գործերով անցնող դատակոչված վկաները դատարանում կամ հայտարարում են, թե իրենց ցուցմունքները կորզվել են խոշտանգման, հոգեբանական ճնշումների արդյունքում, կամ նրանց ցուցմունքները հակասական են լինում, բայց բոլոր այդ դեպքերում էլ քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների ապացուցման համար ուղղակի փաստական տվյալներ չեն պարունակում: Մասնավորապես, Հ. Հակոբյանի գործով դատաքննության ժամանակ երեկ ցուցմունք է տվել դատակոչված վկաներից միայն մեկը՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի տեսուչ Արման Կիրակոսյանը: Ինչպես նախորդ օրը հարցաքննված ոստիկան վկաներից 4-ը, այնպես էլ այս մի վկան ո՛չ նախաքննության ընթացքում, ո՛չ դատարանում որեւէ բան, որը կապացուցեր պատգամավորին առաջադրված մեղադրանքը, այդպես էլ չի ասել: «hetq.am»-ի մատուցմամբ, Ա. Կիրակոսյանը, որն իր ցուցմունքի համաձայն՝ 2008թ. մարտի 1-ի առավոտյան, ժամը 6-ի սահմաններում, «հրահանգով» մեկնել էր Ազատության հրապարակ՝ վրանները խուզարկելու, նշել էր, թե «Հակոբ Հակոբյանը կանգնած էր հրապարակի սկզբնամասում՝ «Օպերա» ակումբի կողմից, հենց իմ դիմաց՝ մոտ 2 մ հեռավորության վրա: Հակոբյանը բղավում էր՝ ուզում եմ խոսել ձեր պետի հետ»: Ըստ վկայի, Հ. Հակոբյանն իր տեսադաշտում է եղել ընդամենը 5 րոպե, նրա ձեռքին ոչինչ չի եղել, եւ ինքը, բացի վերոհիշյալ արտահայտությունից, Հակոբյանի շուրթերից որեւէ արտահայտություն կամ կոչ չի լսել:
Երեկ պատգամավորի գործով դատաքննությունը հետաձգվել է, որովհետեւ մյուս վկաները դատարան չեն ներկայացել: Իսկ Հ. Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանն էլ դատական նիստից հետո հայտարարել է, որ «թեեւ դատախազությունը նախապես դատակոչել էր 34 վկայի, բայց այսօր այդ թիվը կրճատվել է մինչեւ 17-ի: Նա, ով հօգուտ Հակոբյանի է ցուցմունք տվել, որպես վկա չի դատակոչվել, իսկ ի վնաս ցուցմունք տվողներին դատակոչել են»: Դատակոչված 17 վկաներից 6-ը, հիշեցնենք, ոստիկաններ են: Պաշտպանի ասելով, իր համար անհասկանալի է այդ վկաներին դատակոչելու իմաստը, որովհետեւ վերջիններիս «ցուցմունքները նույնիսկ անուղղակիորեն չեն ապացուցում, թե Հ. Հակոբյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ: Կուզեմ, որ դատախազությունը նման 10 վկա էլ բերի դատարան՝ ցուցմունք տալու: Թո՛ղ բերեն. նրանց ցուցմունքներն իմ պաշտպանյալի արդարացմանն են ուղղված»:
Իսկ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում Սասուն Միքայելյանի գործով անցնող վկա Յաշա Մելքոնյանը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկ հենց դատարանում է հայտարարել, որ նախաքննության ընթացքում սուտ ցուցմունք է տվել. «Ես սուտ եմ գրել: Ներողություն եմ խնդրում դրա համար: Ես շատ վատ վիճակում էի: Ասում էին՝ գրի, գրում էի, մենակ թողեն գնամ մի տեղ պառկեմ… Շատ բաներ իրենք (քննիչները) են թելադրել»: Հիշեցնենք, որ այս վկան «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ արդեն երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ ոստիկանին չենթարկվելու համար: Վկան դատարանում նաեւ ասել է, որ մոտ 10 օր առաջ իրեն կանչել են դատախազություն, ցույց են տվել 4 էջանոց մի գրած թուղթ՝ ասելով, թե դա իր ցուցմունքն է առ այն, որ նա կատարել է Ս. Միքայելյանի հրահանգները: Իսկ մինչեւ դատախազություն տարվելն էլ վկան, իր պնդմամբ, եղել է Հրազդանի ոստիկանությունում, որտեղ իրեն ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք՝ Հրազդանի ոստիկանության քրեական բաժնի պետ Սերգեյ Մարկոսյանի գլխավորությամբ: Պատգամավորի պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին, թե՝ ինչո՞ւ է տվել նման ցուցմունք, վկան արձագանքել է. «Այ, ցավդ տանեմ, մարդու մատը կտրվում է՝ ցավից մեռնում է, ես ուզում էի՝ մի տեղ ճարեի, շուտ պրծնեի, գնայի, պառկեի… Մեռնում էի ցավից»:
Ահա այսպիսին են քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքն «ապացուցող» դատաքննական ցուցմունքները: Իսկ ահա ՀՀ գլխավոր դատախազությունը, թերեւս, այսպիսի մեթոդներով կորզված «մեղադրական» ցուցմունքները հաստատելու եւ ՀՔԾ-ի ապօրինությունները պարտակելու ճիգեր է գործադրում ու «Յոթի» գործի ակնհայտ փլուզումը կասեցնելու, նաեւ համապատասխան հասարակական կարծիք ստեղծելու համար որոշել է զբաղվել մի բանով, որին կոչված չէ: Մասնավորապես, ապրիլի 21-ից սկսած՝ գլխավոր դատախազությունն իր պաշտոնական կայքում՝ «genproc.am», որոշել է սեփական ուժերով եւ իր՝ մեղադրանքի տեսանկյունից լուսաբանել քաղբանտարկյալների ընթացող դատաքննությունը՝ մեջբերել, գնահատել այն վկաների նախաքննական ցուցմունքները, որոնք, ըստ իրեն, ապացուցում են առաջադրված մեղադրանքը: Իհարկե, դրանցում չկան այն վկաների ցուցմունքները, այդ թվում՝ Սուսաննա Գալստյանի, Վարուժան Մելիքյանի, Լեւոն Ենգիբարյանի, Սամվել Գասպարյանի եւ խոշտանգման ենթարկված Գագիկ Ավդալյանի, որոնք կամ կորզվել էին խոշտանգման ճանապարհով, կամ հակասական, երբեմն նաեւ ծիծաղելի էին, բայց եւ տող անգամ չկար քաղբանտարկյալի կողմից անձամբ «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մասին: