Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՅՍԸ» ԲԱՑՎՈ՞ՒՄ Է

Մայիս 06,2009 00:00

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան «Առավոտի» հարցման՝ հունվարի 9-ին հանձնաժողովը ընտրեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրենին, սակայն առ այսօր որեւէ տեղեկություն չկա՝ նրա հետ պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, աշխատանքները սկսվե՞լ են, թե՞ ոչ, ասաց. «Հանձնաժողովն ընտրել է իսկապես լավագույն տնօրենին, որն արդեն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, պայմանագիրը նրա հետ ստորագրված է, նա այսօր գտնվում է Բոստոնում, նախապատրաստել է արդեն ծրագիրը: Մենք հայտարարել ենք, որ 2009 թվականին միայն այս ծրագրի բյուջեն կազմելու է $1,2 միլիոն, եւ այդ բյուջեի համապատասխան էլ տնօրենը կմշակի ծրագրեր եւ շուտով կներկայացնի հանրությանը»: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի ստեղծման ժամանակ առաջնահերթ կարեւորվել են այս հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու բաց լինելը հասարակության համար: Սակայն առ այսօր որեւէ, անգամ ամենաաննշան տեղեկությունը՝ կապված այս հիմնադրամի աշխատանքների հետ, հնարավոր է լինում ձեռք բերել միայն ծայրահեղ համառության, մեծ ջանքերի գնով: Որեւէ թափանցիկության մասին խոսք լինել չի կարող, եթե հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն ընտրված Ժակլին Կարաասլանյանի անունը լրագրողները կարողացան բառացիորեն «պոկել» նրան ընտրած հանձնաժողովի անդամներից մեկից, որը ամենայն խստությամբ պատվիրել էր չհրապարակել իր անունը: Երկար ժամանակ «Առավոտը» փորձում էր ճշտել՝ ե՞րբ, ի վերջո, կկնքվի պայմանագիրը տիկին Կարաասլանյանի հետ, այդպես էլ չհաջողվեց կոնկրետ տեղեկություն ստանալ եւ այլն: Տարբեր գաղտնի խողովակներից է հնարավոր լինում ճշտել նաեւ, թե ի՞նչ «հիասքանչ» ծրագրերի կատարմանն են ուղղվում հիմնադրամում կուտակված միջոցները: Գուցե հիմա, երբ վարչապետը «խոստովանեց», որ արդեն տնօրեն ընտրված է եւ մշակում է կրթական ծրագրերը, կարելի է հուսալ, որ «Լույսը» շուտով կբացվի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել