Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք կհաղթահարեն ճգնաժամը…

Մայիս 06,2009 00:00

Երեկ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցույթը նախաձեռնել էր մեր գործընկեր «Մեդիամաքսը»՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի եւ մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Մրցույթին արձագանքել էր ՀՀ եւ Արցախի բուհերի 36 ուսանող, նրանցից ժյուրին ընտրել էր 11-ին: Երեկ այդ 11-ից 3-ին շնորհվեցին գլխավոր մրցանակները. 3-րդ տեղում հայտնված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 3-րդ կուրսի ուսանող Միքայել Չարչյանն արժանացավ 75000 դրամ պարգեւի, Արցախի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Լազարյանը գրավեց 2-րդ տեղը (100 000 դրամ) եւ առաջին տեղը (150 000 դրամ) զբաղեցրեց ՀՊՏՀ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Վաչիկ Սարգսյանը:

Լավագույն աշխատանքների հեղինակների համար մրցանակներ էին սահմանել Telcell վճարային համակարգը, «Գրանթ Թորնթոն Ամիօ» աուդիտորական ընկերությունը, «Լիկվոր» դեղագործական ընկերությունը եւ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը: Telcell-ի տնօրեն Ա. Ազատյանը 50000 դրամ հանձնեց ՀՊՏՀ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Վահե Դավթյանին: «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի փոխտնօրեն Գ. Գյուլբուդաղյանը 2-ամսյա աշխատանքային ստաժավորման հավաստագրեր հանձնեց ՀՊՏՀ մագիստրատուրայի 1-ին կուրսեցիներ Անահիտ Խաչատրյանին եւ Թամարա Հովհաննիսյանին, խոստանալով, որ եթե նրանք իրենց արդարացնեն, ապա կընդունի աշխատանքի: «Լիկվորի» տնօրեն Ս. Մաթեւոսյանը 50000 դրամով պարգեւատրեց ՀՊՏՀ 3-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Ղլիջյանին: Իսկ «Արմենբրոկի» տնօրեն Ա. Ղայֆաջյանը բոլոր 11 ուսանողներին հանձնեց «Արցախ ՀԷԿ»-ի 10-ական բաժնետոմս: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բոլոր 11 հեղինակներին հանձնեց ԿԲ-ի թողարկած հուշադրամներ: Միջոցառմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մեդիամաքսի» նախաձեռնությունը «հիասքանչ» համարեց, ասելով, որ այն համահունչ էր կառավարության ծրագրերին, քանի որ իրենց նպատակն է խրախուսել հետազոտական աշխատանքները երիտասարդների շրջանում:

Երեք հաղթողները ներկայացրին իրենց ռեֆերատներում տեղ գտած առաջարկները: Մ. Չարչյանն առաջարկեց ԿԲ-ին, օգտագործելով իր լծակները, ստիպել առեւտրային բանկերին՝ նվազեցնել փոքր եւ միջին ձեռնարկատերերին հատկացվող վարկերի տոկոսադրույքը, կառավարությանն առաջարկեց միջոցներ ձեռնարկել ներգնա տուրիզմը զարգացնելու, սպառողներին դեպի տեղական արտադրանքը կողմնորոշելու համար, նաեւ մշակել ինքնուրույն բիզնես ծրագրեր, դրանք զարգացնել եւ ապա՝ մասնավորեցնել: ԼՂՀ-ից եկած Ս. Լազարյանը ներկաներին հետաքրքրեց իր անվիճելի հռետորական տաղանդով, որն արտահայտվեց ռուսերեն, սակայն՝ սրամիտ եւ դիպուկ: Մասնավորապես, ներկաների ու հատկապես վարչապետի ժպիտին արժանացավ նրա ելույթի սկիզբը, որտեղ երիտասարդը հիշեցրեց, թե ինչպես էին ամիսներ առաջ «ոմանք» Հայաստանը համարում «խաղաղ հանգրվան»՝ ճգնաժամի փոթորիկների մեջ: «Իլյուզիաների ժամանակն անցել է, պարոնայք»,- վճռականորեն գոչեց Ս. Լազարյանը՝ չնայելով «խաղաղ նավահանգիստ» արտահայտության հեղինակների կողմը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել