Ո՞ր կինն է համարվում առաքինի: Սա մի հարց է, որին 21-րդ դարում ապրող մարդկանց կողմից տրված պատասխանները իրարամերժ են ու հակասական: Հարցախույզի ընթացքում միջին տարիքից բարձր մարդիկ հայ կնոջ առաքինության մասին կարծիք հայտնեցին հիմնականում հիմնվելով հայկական մենտալիտետի վրա. հայ կինը պետք է լինի հեզ, հնազանդ, համեստ, լսող… երիտասարդների կարծիքները լրիվ այլ էին ու լավ է, որ վերջիններս ավելի առաջադեմ են: Երիտասարդների խոսքերից պարզ դարձավ, որ վերջապես նորմալ է ու իրենց կողմից ընդունված այն, որ կինն ու տղամարդը ունեն հավասար իրավունքներ, ու ոչ ոք չի կարող այն ոտնահարել: Ամեն դեպքում, ինչպես Սահմանադրության մեջ է նշված, յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ հարցի վերաբերյալ հնչեցված կարծիքները նույնը լինեին: Թե որ կինն է համարվում առաքինի հարցին qahana.am կայքում պատասխանել է նաեւ Նուբարաշեն համայնքի հոգեւոր հովիվ տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը: Ըստ նրա. «Հիշենք Աստվածամորը՝ Մարիամին: Երբ հրեշտակն ասաց, որ պիտի հղիանա, նա մի պահ երկյուղեց եւ ասաց. «Թող Տիրոջ կամքը լինի»: Պսակի արարողության ժամանակ քահանաներն ասում են՝ կինը թող հնազանդ լինի իր ամուսնուն այնպես, ինչպես եկեղեցին՝ Քրիստոսին: Հնազանդությունը կնոջ մեծագույն առաքինությունն է: «Սիրի՜ր քո կնոջը քո կյանքից առավել», ասվում է ամուսնուն: Աստված մեծ պատվի է արժանացրել կնոջը, նա կյանք է, քանզի որդեծնության շնորհը նրան է տրված»: