Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անտեսեք կանանց

Մայիս 06,2009 00:00

Հայկական մենտալիտետն ու կանայք

«Ո՜ւֆ, վերջապես պրծանք»,- հավանաբար արդեն ցնծում են հայ տղամարդիկ, քանի որ ավարտվել է կանանց նվիրված միամսյակը: Շատ տղամարդիկ այնպես են դժգոհում իրենց համար դարից երկար ձգվող տոնից, կարծես թե մեկ ամիս կոտորվում են իրենց սիրելի կանանց նվերներ մատուցելով, ռեստորաններում տոնը նշելով կամ տանը, մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիք կազմակերպելով: Հայ կանանց մեծամասնությունը այս դրվագները տեսնում է հավանաբար ֆիլմերում, մեկ էլ քաղցր երազներում:

Արդեն մի քանի տարի պարծենում ենք, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանանց տոնը նշում են մի ամբողջ ամիս: Բայց, ցավոք, կանանց իրավահավասարության եւ գենդերային հարցերով աշխարհում առաջինը եւ միակը չենք: Դա է վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2008թ. ուսումնասիրությունը, ըստ որի, իշխանության տարբեր օղակներում քնքուշ սեռի ներկայացուցիչները շատ քիչ են՝ այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության 52%-ը կանայք են:

Վերջին տարիներին նկատելի է նաեւ բարձր վարձատրվող աշխատատեղերից կանանց դուրսմղման գործընթաց: Օրինակ, 90-ականների սկզբին բանկային եւ ապահովագրության ոլորտում կարծես թե «մայրիշխանություն» էր տիրում, սակայն արդեն 2003թ. կանանց տեսակարար կշիռը կրճատվել էր 2 անգամ: Այժմ Հայաստանում կանայք գերակշռում են երկուոլորտում՝ կրթության (76%) եւ առողջապահության (62%): Պատճառը, իհարկե, համեմատաբար ցածր աշխատավարձերն են, որոնք էլ վանում են տղամարդկանց:

Աշխատանքային ոլորտից անցում կատարելով հայկական ընտանիքների առանձնահատկություններին՝ նշեմ, որ մարզերում եւ գյուղական բնակավայրերում անցկացված հետազոտություններից պարզվել է, որ ընտանիքներում առկա է բռնության 3 տեսակ՝ հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական: Պետք է նաեւ նշել, որ ընտանեկան այսպիսի իրավիճակներին նպաստում են դարերից եկող կարծրատիպերը, որոնց պատճառով կնոջը զոհի դեր է վերապահվում, եւ նա կարող է արդարացնել բռնությունը՝ մեղադրելով ոչ թե ամուսնուն, այլ սոցիալական ծանր վիճակը կամ իր մեղավորությունը:

Այսօր կանանց խնդիրներով զբաղվող զանազան հասարակական կազմակերպություններ ոգեւորությամբ նշում են, որ հայ կանայք այլեւս չեն լռում եւ բարձրաձայնում են իրենց հանդեպ գործադրված բռնության մասին: Բայց հասկանալի չէ, թե դրանով ի՞նչ է փոխվում. բռնակալ ամուսինները դառնում են հեզ գառնուկնե՞ր, թե՞ ընտանիքներն են քայքայումից փրկվում: Հայկական մենտալիտետով տառապող հայ տղամարդկանց մեծամասնությունը կնոջ իսկական տեղը համարում է գազօջախի մոտ եւ, ի տարբերություն, օրինակ, ֆրանսիացիների, ովքեր կնոջը փնտրում են ամենուր՝ կնոջը փնտրում է միայն խոհանոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել