Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Մայիս 06,2009 00:00

Էժան Եգիպտո՞ս, թե՞ թանկ Ծաղկաձոր

Վայելեք հանգիստ Իտալիայում՝ ընդամենը 550 եվրոյով: Ամառային հանգիստ Եգիպտոսում՝ 320 դոլարով…

Այսօրինակ հայտարարությունների կարող եք հանդիպել ամենուր. փողոցում՝ պատերին, ցուցապաստառներին, հեռուստացույցով, ռադիոյով, ինտերնետում եւ այլուր:

Առջեւում ամառն է՝ հանգստի մեկնելու ամենաակտուալ ժամանակը:

Զարմանալի չէ, որ հատկապես այս շրջանում են ակտիվանում տուրիստական կազմակերպությունները՝ առաջարկելով օգտվել իրենց մատուցած ծառայություններից: Օրերս Logos expo կենտրոնը «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կազմակերպել էր «Ժամանց եւ հանգիստ Expo 2009» առաջին միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Այդ առիթով «Առավոտը» զրուցեց Logos expo կենտրոնի մենեջեր, «Ժամանց եւ հանգիստ Expo 2009» ցուցահանդեսի դեպարտամենտի ղեկավար Եսթերի հետ: Նրա ձեւակերպմամբ. «Ինչպես հայտնի է՝ արդեն մայիս ամսից բոլորն էլ սկսում են հետաքրքրվել, թե որտեղ անցկացնեն իրենց ամառային ժամանցն ու հանգիստը: Մարդիկ սկսում են նաեւ պլանավորել՝ իրենց հանգիստը Հայաստանո՞ւմ անցկացնեն, թե՞ հայրենիքի սահմաններից դուրս: Այս ցուցահանդեսի նպատակն է ուղղորդել հայերին, որպեսզի հեշտությամբ կողմնորոշվեն: Այստեղ կարող են առանց ժամանակ կորցնելու միանգամից ծանոթանալ գրեթե բոլոր տուրիստական գործակալությունների առաջարկներին, տրամադրվող ծառայություններին, հանգստյան գոտիներին, ինչպես նաեւ խաղային կենտրոններին: Սա մշակված օպտիմալ տարբերակ է՝ հեշտությամբ ձեռք բերել պահանջվող ինֆորմացիան: «Ժամանց եւ հանգիստ Expo 2009» ցուցահանդեսով հերթական քայլն ենք անում այս ոլորտի զարգացման համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Սա նաեւ մասնագետների գործնական շփման համար արդյունավետ պլատֆորմ է, որտեղ հաստատվում են աճի առաջընթացը եւ ցուցադրվում են նորույթները, իսկ հիմնական բաժիններն են տուրիզմը, բուժիչ առողջարարական հանգիստը, սպորտն ու հանգիստը, ձկնորսությունն ու որսորդությունը, ժամանցի կենտրոնները: Ցուցահանդեսին մասնակցում են տուրիստական կազմակերպություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, սպորտային ակումբներ, հանգստյան տներ, զվարճանքի վայրեր»:

Որքանո՞վ է զարգացած տուրիզմը Հայաստանում, ի՞նչ ծառայություններ են տրամադրում տուրիստական գործակալությունները, ի՞նչ պայմաններով եւ ի՞նչ գնային համակարգերով են աշխատում կազմակերպությունները: Այս հարցերի պատասխանները պարզեցինք՝ շրջելով ցուցահանդեսին մասնակից կազմակերպությունների տաղավարներով:

Օրինակ, «Երկիր Նաիրի» տուրիստական կազմակերպության տուր-մենեջեր Թագուհու մեկնաբանմամբ, հանգստի սիրահարների համար բոլոր պայմաններն արդեն ապահովված են. «Նախկինում հաճախորդների համար ընտրության պակաս կար, առաջարկվածն էլ շատ սահմանափակ էր: Այսօր պատկերն այլ է՝ հնարավոր է նույնիսկ միջին աշխատավարձով օգտվել հանգստի եւ ժամանցի վայրերից: Մեր կազմակերպությունն անհատների, խմբերի եւ ընտանիքների համար առաջարկում է հատուկ էքսկուրսիաներ, արշավներ եւ այլն»: Ինչ վերաբերում է առաջարկված ծառայությունների գնային համակարգին, Թագուհին նշեց. «Մեզ մոտ գները, ի տարբերություն մեր կոլեգա կազմակերպությունների, բավական ցածր են: Օրինակ՝ Ղարաբաղ՝ 3 օրը 55.000 դրամ է, Տաթեւ, Գորիս, Սիսիան, Քարահունջ՝ 2 օրն արժե 25.000 դրամ: Գները ներառում են օթեւան, նախաճաշ, ընթրիք, զբոսավարի եւ տրանսպորտի ծառայություն, մուտքի տոմսեր, թեյ, սուրճ, քաղցրավենիք: Ունենք նաեւ ուղեւորություններ դեպի Եվրոպա: Օրինակ, Ֆրանսիան մեզ մոտ սկսում է 8 օրը 1000 եվրոյից, Իտալիան՝ 8 օրը 1100 եվրո է»:

Ինչ վերաբերում է Հայաստանում տուրիզմի զարգացմանը՝ «Երկիր Նաիրի» տուրիստական կազմակերպության տուր-մենեջեր Թագուհին վստահեցնում է, որ տուրիզմը Հայաստանում նույնքան զարգացած է, որքան Եվրոպայում. «Հայաստանն այս առումով թերեւս ետ չի մնում ոչ մի զարգացած երկրից: Հետաքրքիրն այն է, որ վերջին շրջանում շատ են այցելությունները դեպի Հայաստան, բայց հայերն էլ ետ չեն մնում եւ շատ ակտիվ շրջում են աշխարհով մեկ: Եթե տարիներ առաջ զբոսաշրջությունը պասիվ եւ աղքատիկ վիճակում էր զուտ հնարավորությունների պակասի պատճառով, ապա այսօր ամեն երկրորդ ընտանիք հնարավորինս փորձում է իր հանգիստը վայելել դրսում»: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայերի այդքան մեծ արտահոսքը եվրոպական երկրներ, Թագուհին մեկնաբանեց. «Մարդիկ ցանկանում են աշխարհ տեսնել, ինչու չէ, եթե այդ հաճույքը բավական էժան է եւ հարմար գրպանին: Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանում հանգիստն ու ժամանցը բավական թանկ հաճույք է: Հայաստանում թանկ են գները, քանի որ մեզ մոտ հյուրանոցային ցանցերի խնդիր կա, քիչ են հյուրանոցներն ու վերջիններիս մատուցած ծառայությունները: Մենք հյուրանոցային ցանցերի առումով չենք կարող հավասարվել Եվրոպային: Ահա թե ինչու՝ Եգիպտոսում ավելի մատչելի է հանգիստը, քան, օրինակ, Ծաղկաձորում»:

«Discover Armenia in style» տաղավարի ներկայացուցիչ Մերին էլ Հայաստանում կազմակերպվող հանգստի գների բարձր արժեքի մասին կես կատակ- կես լուրջ ասաց. «Կրիզիսը Եվրոպայից հասավ Հայաստան, ներքին տուրիզմի գները թանկացան: Դրա համար Եվրոպայում ավելի էժան է, քան այստեղ»:

«Sima tours» գործակալության աշխատակցուհի Նվարդն այս առումով նշեց. «Թե պատճառը որն է, չեմ կարող ասել, բայց հավաստում եմ, որ հայերն այսօր գներին այնքան էլ չեն նայում: Շատ մեծ է հանգստանալ ցանկացողների հոսքը: Գներն էլ համապատասխան են հայերի գրպանին. եթե Ծաղկաձորում մեկ շաբաթ հանգստանալու համար վճարում ես 400 000 դրամ, ապա եվրոպական երկրներում նույնքան գումարով կարող ես 15 օր հանգստանալ»:

Անդրադառնալով ծաղկաձորյան հանգստին՝ «Multi rest house» տաղավարի ներկայացուցիչ Փիրուզան բարձր գներն արդարացրեց մակարդակների տարբերությամբ. «Մեզ մոտ առաջարկվող ծառայությունները տարատեսակ են, բազմաթիվ եւ հնարավորինս հարմար հայերի գրպանին: Օրինակ, ստանդարտ երկտեղանոց համարի մեկ օրն արժե 40 000 դրամ, լյուքս համարը՝ 80 000 դրամ: Քոթեջները՝ եռահարկերը, որոնք շատ հարմար են ընտանիքների համար, մեկ օրն արժե 120 000 դրամ: Ի տարբերություն մյուս կազմակերպությունների, գուցե մեզ մոտ գները մի քիչ բարձր են, բայց պետք է շեշտեմ, որ առաջարկվող ծառայությունների մակարդակն էլ տարբեր է՝ մեզ մոտ ամեն ինչ բարձր մակարդակի է եւ համապատասխան եվրոպական ստանդարտներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել