Անցած ամսվա վերջին օրերին Երեւանի հեծանվահրապարակում տարվա անդրանիկ մրցումով մեկնարկեց մրցաշրջան 2009-ը: Դա խորհրդանշեց հրապարակային հեծանվավազքի մրցաշրջանի բացումը հանրապետությունում:
Ասպարեզ մտան Երեւանը, Վանաձորը եւ Աբով յանը ներկայացնող հանրապետության 48 ուժեղագույն հրապարակային հեծանվորդներ, որոնք տարիքային երեք խմբերում երեք օր պայքարեցին խմբային վազքերում հաղթողներին որոշելու համար:
Մեծահասակների խմբում 343 միավորով առաջին տեղը գրավեց Հանրապետական օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի (ՀՕՀՄ) սան եւ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Գեւորգ Առաքելյանը: Երիտասարդների մեջ հավասարը չունեցավ «Հայաստան» մարզական միության մարզադպրոցի ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը (420 միավոր), որն այս տարի է համալրել Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողների շարքերը: Իսկ պատանիների տարիքային կարգում հաջողությունն ուղեկցեց ՀՕՀՄ-ի եւս մեկ ներկայացուցչի՝ Մհեր Մկրտչյանին, 364 միավոր:
Այս մրցումների արդյունքով հանրապետության լավագույն հեծանվորդները պետք է նախապատրաստվեն հրապարակային եւ խճուղային միջազգային տարբեր մրցումներին (դեռ մարտ ամսին նմանատիպ մեկնարկներ ունեցել էին խճուղայինները): Իսկ հրապարակային հեծանվորդների համար մրցաշրջան 2009-ի գլխավոր ստուգատեսները լինելու են Մինսկում կայանալիք Եվրոպայի, դրանից հետո՝ աշխարհի (Մոսկվայում) առաջնությունները: