Մեքսիկայի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, չնայած սահմանված ժամկետներում մասնակցության հայտ էր ներկայացրել մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք այդ տարիքային խմբի աշխարհի առաջնության կազմկոմիտեին, որոշել է հրաժարվել եւ այդ մասին պաշտոնական հայտարարություն արդեն արել է: Պատճառը այդ երկրում ծագած խոզի գրիպի համաճարակն է: Իր նամակում Մեքսիկայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Կոնտրերասը նշում է. «Դուք տեղյակ եք, որ Մեքսիկան ներկայումս երկրում մոլեգնած խոզի գրիպի համաճարակի պատճառով հայտնվել է ծանր կացության մեջ: Չնայած մեր հավաքականի բոլոր անդամները առողջության հետ կապված խնդիրներ չունեն, մենք չենք ցանկանում վտանգի ենթարկել աշխարհի առաջնության մյուս մասնակիցների առողջությունը»:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մեքսիկան աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրած երկրներից միակն է, որը հետագայում հրաժարվել է մասնակցությունից: Դրա փոխարեն, վերջին տվյալներով, որը, հավանական է, որ կարող է դեռ փոխվել, պատանիների աշխարհի առաջնությունում իրենց հանդես գալը հաստատել են 48 երկրներ: