Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրները պետք է լուծվեն հօգուտ շախմատիստների

Մայիս 06,2009 00:00

Նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Եվրոպայի շախմատային կյանքում աննախադեպ սկանդալ է հասունանում, որի պատճառը Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) եւ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահների միջեւ տարաձայնություններն են:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչին դիմել էր Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան, առաջարկելով չեղյալ հայտարարել Սանկտ Պետերբուրգում եւ Բուդվայում անցկացված Եվրոպայի 2009 թվականի կանանց եւ տղամարդկանց անհատական առաջնությունների արդյունքները, պատճառաբանելով, որ դրանց անցկացման վայրն ընտրելիս ԵՇՄ-ն ոտնահարել է, մասնավորապես, Թուրքիայի, Վրաստանի եւ Հունաստանի՝ այդ առաջնություններն ընդունելու իրավունքները, ինչն էլ ապրիլի 22-ին Լոզանի մարզային դատարանը բավարարել է եւ որոշել այդ մրցաշարերը վերախաղարկել 2009 թվականի ընթացքում:

Շախմատային աշխարհի բազմաթիվ ճանաչված գործիչներ են արձագանքել այս պատմությանը: Օրինակ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Բախը շախմատային հայտնի մեկնաբան Յուրի Վասիլեւին տված հարցազրույցում ասել է. «Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի եւ ԵՇՄ-ի միջեւ հակամարտությունը վաղուց գոյություն ունի: Եվ մենք, ինքներդ էլ եք հասկանում, այստեղ ոչինչ անել չենք կարող: Ինչ վերաբերում է Լոզանի մարզային դատարանի որոշմանը, ես զրուցել եմ ԵՇՄ-ի գլխավոր քարտուղարի հետ եւ նա ընդգծել է, թե դա ընդամենն առաջին ատյանի վճիռն է: Դա օրինական ուժի մեջ չի մտել, որովհետեւ պետք է բողոքարկվի: Այդ ամենը կտեւի առնվազն կես տարի, որի ընթացքում այլ մրցումներ էլ կանցկացվեն: Այնպես որ, ինձ թվում է՝ այս սկանդալը, ի վերջո, կսառեցվի»:

Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի մեղադրանքները ԵՇՄ-ի հասցեին եւ իրեն ու գործադիր կոմիտեին անհապաղ հրաժարական տալ հորդորելը հիմարություն է անվանել ԵՇՄ-ի նախագահ Բորիս Կուտինը: «Եվրոպայի առաջնությունների արդյունքները չեն վերանայվի, առավել եւս չեղյալ չեն համարվի,- լրատվամիջոցներին հավաստիացրել է նա:- Դա բացարձակապես հնարավոր չէ: Ես դա ձեզ ասում եմ 100% համոզվածությամբ: Ամեն բան կախված է ԵՇՄ-ից: Եվրոպայի առաջնությունների անցկացումը մեր իրավասության ներքո է, եւ արդյունքները չեղյալ հայտարարել կամ ընդունել՝ նույնպես միայն մենք ունենք: Ինչպես որոշենք՝ այնպես էլ կլինի»:

Որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի եւ ԵՇՄ-ի միջեւ դեռեւս 2007 թվականի օգոստոսին ծագած հակամարտությանը, հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում: Նրանց կարծիքով, հատկապես Թուրքիան ԵՇՄ-ի անուշադրությունից դժգոհելու իրավունք չունի: Դրանց փոխանցմամբ, մայրցամաքի անհատական քսան առաջնություններից հինգը (տղամարդկանց՝ երեք եւ կանանց՝ երկու) անցկացվել է հենց Թուրքիայում, ավելի՝ քան Եվրոպայի որեւէ այլ երկրում: Ինչ վերաբերում է Յազիչիին, ասվում է, որ նրա հեռահար նպատակը սկզբում Եվրոպայի շախմատային միության ղեկավարի պաշտոնն ստանձնելն է, այնուհետեւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին «գահընկեց» անելը:

ԶԼՄ-ները նաեւ նշում են, որ Եվրոպայի առաջնությունների արդյունքներով, ոչ միայն որոշվել են չեմպիոններն ու մրցանակակիրները, այլեւ բազմաթիվ շախմատիստներ «դառը քրտինքի» գնով Խանտի Մանսիյսկում կայանալիք տղամարդկանց աշխարհի գավաթի եւ կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր են վաստակել: Այնպես որ, նոր ընտրություն կատարելու դեպքում գրոսմայստերները ստիպված են լինելու այդ դժոխային ճանապարհը նորից անցնել, ինչին նրանք հաստատ համաձայն չեն լինի:

Ռուսաստանի լրատվամիջոցները հույս են հայտնում, որ ՌՇՖ-ն (դատարանի այս որոշումից ամենաշատը տուժում են ռուս շախմատիստները) իր ամբողջ ազդեցությունը կօգտագործի, որպեսզի խնդիրները լուծվեն շախմատիստների շահերից ելնելով, այլ ոչ թե իշխանության ձգտող առանձին անհատների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել