Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻՆ»

Մայիս 06,2009 00:00

Երեկ կոչ արեց աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան: Այն բեմադրել է Մեծ թատրոնի անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը՝ ըստ Ռաֆայելլո Ջովանիոլիի համանուն վեպի եւ պատմական սյուժեների: Օգտագործված է Նիկոլայ Վոլկովի սցենարը, դեկորները եւ բեմական զգեստները Սիմոն Վիրսալաձեի էսքիզներով են արված: Ա. Խաչատրյանի այս մեծակտավ ստեղծագործության բեմադրության մեջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի հետ միասին մասնակցում են «Բարեկամություն» անսամբլի պարողներն ու Երեւանի պարարվեստի ուսումնարանի սաները:

Երեկ մշակույթի նախարարությունում Յու. Գրիգորովիչը հանդիպեց լրագրողների հետ: Թե ինչո՞ւ է ընդհանրապես «Սպարտակ» բեմադրել՝ մաեստրոն սեփական պատճառներն ունի. «Սիրում եմ Արամ Իլյիչի երաժշտությունը, այն լսելիս միանգամից ուզում ես պարել, հնարավոր չէ խաչատրյանական երաժշտություն ունկնդրելիս տեղում հանգիստ նստել…»: Անվանի բալետմայստերը ժպտալով նշեց, որ երիտասարդ տարիքում ինքը հանդես է եկել մեկ այլ բալետմայստերի բեմադրած «Սպարտակում» ու եղել այն տարաբախտ գլադիատորներից մեկը, որին առաջինն են սպանում: Նա դրվագներ պատմեց իր եւ Արամ Խաչատրյանի հանդիպումներից. «Արամ Իլյիչը պոռթկուն էր ու մի քիչ նեղացկոտ: Հենց ձգում էր անդրավարտիքի ամրակապերը, հասկացվում էր, որ ուր որ է՝ ամպրոպ է ճայթելու… Ինքն ուշադրություն էր դարձնում ամեն նոտայի ու մանրուքի վրա, ամեն ինչ չէ, որ հավանում էր… Արամ Իլյիչը ժամանակին ուզում էր ինձ հետ «Օթելլո» անել, բայց հիվանդացա ու…»: Այլ պատմություն էլ հիշեց. մեծանուն կոմպոզիտորը մի անգամ այցելում է «Սպարտակի» փորձերին ու մի կտոր դիտելուց հետո ասում. «Յուրա, ամեն ինչ լավ է, իսկ ո՞ւր են կանայք…Ես ասացի՝ Արամ Իլյիչ, ախր «Սպարտակը» ավելի շատ տղամարդկային ներկայացում է, այս գլադիատորների մեջ կանայք ի՞նչ գործ ունեն: Բայց դարձյալ նա մի ուրիշ կտոր էլ դիտեց ու նորից նույն հարցը տվեց…»:

Ինչ վերաբերում է հայաստանյան «Սպարտակին», մաեստրոյի խոսքով, այն կյանքի կոչելը բարդ էր. «Տղամարդիկ քչություն էին անում, ստիպված էինք «Բարեկամության» ու պարարվեստի ուսումնարանի սաներին ներգրավել, բանակից հետ կանչել ոմանց: Կանանց հետ աշխատանքն ավելի հեշտ էր, նախ իրենք էին շատ եւ հետո կին պարողներն ավելի կազմակերպված ժողովուրդ են: Ամեն դեպքում, չնայած դժվարություններին, կարողացանք հաջողությամբ հասնել վերջնակետին, մնում է նշաձողը պահել»:

Յու. Գրիգորովիչը հիացմունքով խոսեց միջազգային մրցույթների, այդ թվում իր կազմակերպած մրցույթի՝ «Աշխարհի երիտասարդ բալետի» դափնեկիր՝ 20-ամյա Ռուբեն Մուրադյանի (Սպարտակ) մասին: Այնուհետեւ դառնալով մեր օպերային թատրոնին, հավելեց. «Իմ լիազորությունների մեջ չի մտնում, բայց կոչ եմ անում մեծագույն ուշադրություն դարձնել թատրոնին, հատկապես նյութական առումով, որովհետեւ լավ ուժեր շատ ունեք, պետք է հարստացնել բալետային ներկայացումներով թատրոնի խաղացանկը, վճարել արտիստներին, որ ստիպված երկրորդ աշխատանք չփնտրեն, պետք է երիտասարդացնել կազմը: Ախր սա ինչ-որ գավառական թատրոն չէ, մայրաքաղաքային օպերային թատրոն է, որը պետք է մշակույթի դրոշակակիրը լինի, եւ այս երկիրը ոտք դնող յուրաքանչյուր օտարերկրացու՝ առանց ամաչելու ու երկմտելու, կարողանաք հրավիրել ներկայացման: Իմ կարծիքով, 5-6 բալետային պարողը բանակում արդեն շատ է: Ի՞նչ է նշանակում՝ պետությունը փող է ծախսել, նրանց պատրաստել ուսումնարանում, որ հետո զորակոչի՞: Նույնը վերաբերում է դաշնակահարներին եւ ոչ միայն: Ինչու պիտի նրանք զենք վերցնեն, որ վազվզեն սարերով ու ձորերով… Սրանք հարցեր են, որ պիտի մտահոգեն «վերեւներին»:

Յու. Գրիգորովիչն այն կարծիքին չէ, թե մոդեռն բալետը գերակա է դասականի նկատմամբ: Նա նոր արտահայտչամիջոցների որոնումները արվեստի բոլոր դրսեւորումներում նորմալ է համարում, միաժամանակ գտնելով, որ ավելորդ սպեկուլյացիա է արվում այդ առումով. «Պատճառն այն է, որ դասական բալետ սովորելն ավելի դժվար է… Օրինակ՝ թեկուզ այն, որ վերջերս հեռուստացույցով տեսա՝ կապիկները պոչով նկարներ են անում, ոմանք ասում են՝ դա արվեստ է, բայց նայած որ տեսանկյունից ես մոտենում… Իմ կարծիքով, ժամանակակիցն այն է, ինչ ստեղծվել է ավանդականի հիմքի վրա, առանց խարխլելու այն, այլ ուղղակի հարստացնելով»:

Միջոցառմանը ներկա հովանավորներից «ՎիվաՍել MTS»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ «Սպարտակի» նման նախագծերը կարիք ունեն հովանավորչության, որովհետեւ այդկերպ ազգի պատմությունն է գրվում:

Իսկ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի տնօրեն Սարգիս Ղազարյանն էլ պատմեց, որ իրենց հարկի ներքո ապրող մաեստրոն այնքան բարեհամբույր է գտնվել, որ հյուրանոցի բոլոր աշխատողներին՝ սկսած հավաքարարուհիներից, հրավիրատոմս է նվիրել: Ի պատասխան՝ Յու. Գրիգորովիչը կատակեց. «Աղջիկներին օգնել եմ, ինչով կարողացել եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել