Երեկ զրահատանկային գումարտակներից մեկը, որը գտնվում է Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա, հայտարարել է իշխանություններին չենթարկվելու մասին եւ կոչ արել ընդդիմության հետ երկխոսության գնալ: Գումարտակի հրամանատար Մամուկա Գորգիշվիլին նշել է, որ զինվորականները չեն կարող հանգիստ նայել երկրի փլուզման գործընթացին, սակայն չեն պատրաստվում որեւէ ագրեսիվ գործողությունների դիմել: «Մենք մնում ենք զորանոցներում եւ այստեղից չենք պատրաստվում որեւէ տեղ գնալ»,- նշել է Գորգիշվիլին: Միաժամանակ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ բացահայտել է խոշոր հակակառավարական դավադրություն: Ռազմական հեղաշրջման եւ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի մեղադրանքով արդեն իսկ ձերբակալվել են պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան սպաներ: Դավադիր հայտարարված Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Գեորգի Կարակարաշվիլին այսպես է մեկնաբանել դավադրության վարկածը. «Վրաստանն այսօր գտնվում է հիվանդ մարդկանց ձեռքում, որոնք իրենք են գրում սցենարը, իրենք են դերեր խաղում, իսկ հետո ֆիլմ նկարահանում եւ ցույց տալիս հասարակությանը՝ վախեցնելու համար»: Ըստ իշխանությունների՝ ապստամբների նպատակներից մեկն էր տապալել այսօր սկսվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները, քանի որ դրանց դեմ է հանդես գալիս Մոսկվան: Սակայն հեռահար նպատակներից էր, Վրաստանի ՆԳՆ-ի վարկածով, ռուսաստանյան 5 հազար զինվորների օգնությամբ ռազմական հեղաշրջում իրականացնել եւ ֆիզիկապես ոչնչացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների: