Երեկ Թուրքիայում ձերբակալվել է 8 հոգի, որոնք կասկածվում են հարսանիքի ժամանակ մարդկանց զանգվածային սպանություններ իրականացնելու համար: Թուրքիայի հարավարեւելյան շրջանում տեղի ունեցած ոճրագործության զոհ է դարձել առնվազն 45 հոգի: Երկրի ներքին գործերի նախարարի խոսքերով, հարձակումը կապ չունի ահաբեկչության հետ, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ: Դա, ամենայն հավանականությամբ, կապված է 2 ընտանեկան կլանների արյան վրեժի հետ: Հետաքրքիր է, որ 2 ընտանիքների ներկայացուցիչներն էլ մասնակցել են քուրդ անջատողականների դեմ ռազմական գործողություններին: Երկուշաբթի օրը երեկոյան Բիլջ բնակավայրում մի քանի հոգի ներխուժել են դահլիճ, որտեղ տեղի էր ունենում հարսանեկան արարողություն, եւ անկանոն կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Արդյունքում սպանվել է առնվազն 45 հոգի, վիրավորվել՝ 21-ը, որոնցից շատերը ծանր վիճակում են: Սպանդի մասին հաղորդագրությունից հետո դեպքի վայր են ուղարկվել իրավապահները: Նախնական վարկածն այն էր, որ ոճրագործությունն իրականացրել են քուրդ ծայրահեղականները, սակայն պաշտոնական իշխանությունները հերքեցին այդ տեղեկատվությունը: