Գործատուներն ուզում են, որ բուհերում ուսանողներին տեսական գիտելիքների փոխարեն գործնականով զինեն
Երեկ «Կոնգրես» հյուրանոցի մեծ շքասրահում ամենահաճախը հնչում էին հետեւյալ արտահայտությունները՝ «թափուր աշխատատեղ», «CV», «կադրային քաղաքականություն», «բուհ-արտադրություն համագործակցություն»: Պատճառն այն էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նախաձեռնությամբ անցկացվում էր աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող 20-ից ավելի կազմակերպություններ՝ «Անելիք», «Արարատ» եւ այլ բանկեր, «Իմեքս գրուպը», «Հայփոստը», «Անթարես հոլդինգը», «Կոկա-կոլան» եւ այլն: Տոնավաճառը հանդիպման վայր էր գործատուի եւ ապագա մասնագետների համար: «Առավոտի» հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը նկատեց. «Մեր կրթական չափանիշները, ուսումնական պլանները պիտի վերակառուցենք՝ ելնելով աշխատաշուկայի ներկայիս պահանջներից: Մեր կրթական համակարգը հին իներցիայով ավելի շատ կարեւորում է հիմնարար գիտելիքներ տալը, մինչդեռ միայն հիմնարար գիտելիքներով աշխատաշուկա մտնող շրջանավարտին երկար ժամանակ է պետք, որ հարմարվի նոր պայմաններին եւ զարգացնի մասնագիտական կարողությունները: Ուստի ապագա գործատուների հետ կնքում ենք պայմանագիր, որ ուսանողներին ընդունեն պրակտիկայի, բացի այդ, գործատուներին առաջարկում ենք կարդալ հատուկ դասընթացներ, ներգրավում ենք գործնական պարապմունքների մեջ եւ այլն»:
«Առավոտը» զրուցեց նաեւ ուսանողների հետ, որոնք մեզ պատմեցին, թե ինչ խնդիրների են բախվում ուսման եւ աշխատանք գտնելու գործընթացում: ՀՊՏՀ 3-րդ կուրսի ուսանող Գագիկ Գաբրիելյանն ասաց. «Այժմ անցնում ենք առարկաներ, որոնք հետագայում մեզ պետք չեն գալու, ուստի կուզեի ավելի շատ մասնագիտական առարկաներ անցնեինք: Ինչ վերաբերում է աշխատանք գտնելուն, ապա հատկապես դժվար է ուսանողների համար, քանի որ թափուր տեղերի համար 90% դեպքերում աշխատանքային փորձ է պահանջվում»:
3-րդ կուրսի ուսանող Սարգիս Մկրտչյանն ասաց. «Աշխատանք գտնելու համար պրակտիկ գիտելիքներն են կարեւոր են, այնինչ՝ ուսման ընթացքում ավելի տեսական գիտելիքներն են զարգացնում»: Կադրերի ընտրության հարցում խնդիրներ ունեն նաեւ գործատուները: Այդ մասին զրուցեցինք «Նաիրիտ» գործարանի» տնտեսական վերլուծությունների ծառայության պետ Անդրանիկ Մամիկոնյանի հետ: Նա նշեց. «Աշխատանքում գիտելիքները ցույց տալը եւ ուղղակի սովորելը տարբեր բաներ են: Կարծում եմ, որ այդ երկու բաղադրիչները պիտի զուգակցվեն, որ բուհից աշխատաշուկա անցումը ճկուն լինի: Իսկ բուհերի հետ համագործակցության ամուր կապեր չունենք, դրանք դեռ զարգացման փուլում են գտնվում»: «Իմեքս գրուպ» ընկերության նախագահի գրասենյակի ղեկավար Տիգրան Գալստյանն էլ նկատեց. «Կադրերի հարցը մեր հանրապետությունում բավականին խնդրահարույց է: Եվ մենք զերծ չենք այդ խնդիրները լուծելու գործընթացներից: Իսկ բուհերի հետ համագործակցությունը բավականին թույլ է, իրականում աշխատուժի ընտրություն բուհի միջոցով կամ աջակցությամբ՝ չի իրականացվում: Մեր վիճակագրության համաձայն՝ կադրերի ընտրությունը հիմնականում իրականացվում է պատահական դիմորդների միջոցով, որոնք ուղղորդված չեն»: «Կոկա-կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունն այլ ճանապարհով է աշխատանքներ իրականացնում: Կադրերի բաժնի տնօրեն Ալիսա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ընկերությունները մեծ թափով զարգանում են, կիրառում նորարարական ծրագրեր, որպեսզի դիմակայեն մրցակցությանը: Իսկ բուհերն այդ հնարավորությունը չունեն: Խնդիրն այն է՝ արդյո՞ք գործատուները պատրաստ են աշխատանքի ընդունել նորավարտ ուսանողներին եւ սովորեցնեն նրանց՝ իրենց իսկ պահանջներից ելնելով: Մենք ունենք այդ հնարավորությունը: Համագործակցում ենք ԵՊՃՀ-ի հետ, նախատեսում ենք համագործակցել ԵՊՀ-ի եւ ՀՊՏՀ-ի հետ: Դա ձեռնտու է նաեւ գործատուին»: