Արտասահմանում կրթված շատ երիտասարդներ, վերադառնալով հայրենիք, հիասթափվում են
«Առավոտը» մայիսի 1-ի համարում անդրադարձել էր ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Էդմունդ Ս. Մասկիի անվան կրթաթոշակների ծրագրի գործունեության 16-ամյակին նվիրված տոնակատարությանը: Ծրագրի նախորդ տարիների շրջանավարտները իրենց որոշ մտահոգություններ բարձրաձայնեցին «Առավոտի» հետ զրույցում:
Շատերին թվում է, թե արտասահմանում կրթությունը շարունակելու մեկնած երիտասարդները հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են՝ այնտեղ հաստատվելու համար: Ուստի՝ զրուցակիցներիցս հետաքրքրվեցի, թե ո՞րն էր նրանց վերադարձի պատճառը: Օրինակ՝ 2006-2007-ի շրջանավարտ Արտյոմ Գեղամյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետն է, «Առավոտին» ասաց. «Մինչեւ ԱՄՆ մեկնելը ունեի բավարար որակավորումներ: Ավարտել էի ԵՊՀ-ի մագիստրատուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու էի: Ըստ էության, մեկնելիս էլ դեռ վստահ չէի՝ հետ կգա՞մ, թե՞ ոչ: Այն, որ ես այնտեղ կրթություն, գիտելիքներ ստացա, նոր աստիճան ձեռք բերեցի, հրաշալի է, բայց ամենակարեւորն այն է, որ ստացա նոր փիլիսոփայություն: Դրա հիմնական տարրերից է այն, որ յուրաքանչյուր մարդ պիտի որոշակի կերպով աջակցի իր հասարակությանը, համայնքին, պետությանը: Սրանք թող զուտ բառեր չհնչեն, մեր «մասկիներից» շատերի մեջ այդ գաղափարը խորը նստվածք թողեց, հենց այդ պատճառով էլ ես հետ եկա, չնայած հնարավորություն ունեի հաստատվելու արտասահմանում»:
Մյուս զրուցակիցս Հրանուշ Աղայանն էր, որն այժմ աշխատում է ֆինանսական հաշտարարի գրասենյակում: Նա մեզ պատմեց իր վերադարձի պատճառը. «Ծրագիրս 2 տարով էր, սակայն այնքան էի ուզում վերադառնալ, որ կրճատեցի, մեծ քանակով դասեր վերցրեցի, 1,5 տարում վերջացրի եւ ժամանակից շուտ վերադարձա Հայաստան: Վերադարձիս պատճառն անձնական էր: Կարոտում էի մեր տունը: Իմաստ չկար ար000տասահմանում մնալու, քանի որ այստեղ էլ է ինձ համար լավ. ունեմ ընտանիք, մարդիկ, որոնց սիրում եմ, միայն այն, որ բոլորը շուրջդ հայերեն են խոսում, դա բավական է: Բայց մեզ հետ գնացած շատ երեխաներ կային, որ շատ էին ցանկանում մնալ»:
Մյուս զրուցակցիս՝ Մանիկ Գեմիլյանին էլ է կարոտը խանգարել. «Պատասխանս գուցե ցինիկ հնչի, բայց միանշանակ. ես վերադարձա, որովհետեւ չկարողացա մնալ: Շատ էի ուզում մնալ, փորձեցի, բայց դա ինձ մոտ չստացվեց»: Իհարկե, սերը դեպի հայրենիք՝ «մասկիներին» չի խանգարում բարձրաձայնել ՀՀ-ում գոյություն ունեցող խնդիրների մասին: Օրինակ՝ 2006-20008-ի շրջանավարտ Արմինե Հովսեփյանը պատմեց իր կյանքից մի դրվագ. «Հայաստան վերադարձա հուլիսի 5-ին եւ հուլիսի 7-ին առողջապահության նախարարություն ուղարկեցի իմ CV-ին: Այդպիսով ցանկացա ասել, որ ես այստեղ եմ, իմ երկրում, պատրաստ եմ առաջարկել իմ ծառայությունները, հնարավորություններն ու գիտելիքները՝ մեր երկրում ինչ-որ բան փոխելու համար: Բայց մինչեւ այժմ սպասում եմ, որ նախարարությունից ինձ պիտի զանգեն: Իհարկե, ես այժմ աշխատանք գտել եմ եւ շատ գոհ եմ դրանից: Եվ այլեւս չեմ ցանկանում աշխատել կառավարությունում, քանի որ կորցրել եմ այդ օղակի հանդեպ վստահությունս»:
Կառավարական սեկտորում աշխատող Արտյոմ Գեղամյանը չի ցանկանում խնդիրները բարդել միայն կառավարության վրա. «Այստեղ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ կառավարությունն այժմ դժվարին կացության մեջ է գործում: Բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ. օրինակ՝ կադրերի ընտրության հարցը, ինչը մեր հասարակության մեջ երբեմն կատարվում է արմատացած ոչ բարի ավանդույթների համաձայն»:
Մանիկ Գեմիլյանն էլ բարձրացրեց այն ցավոտ հարցը, որ մեր երկրում բարձրակարգ մասնագետները ինչպես որ հարկն է չեն վարձատրվում. «Երբ ես սովորում էի արտասահմանում, կարողացա կարճ ժամանակով գործ գտնել: Այդ աշխատանքը կատարելիս տեսնում էի իմ գործի արդյունքը, թե այն ինչպես է գնահատվում եւ ինչքանով է այն իրենց երկրի կյանքում ինչ-որ բան փոխում: Իսկ Հայաստանում այդ գործընթացն այնքան էլ արագ չենք տեսնում: Հատկապես մեզ՝ արտասահմանում կրթություն ստացած անձանց համար ավելի հիասթափեցնող է այդ խնդիրը, քան այն մարդկանց համար, որոնք դուրս չեն եկել Հայաստանից»: