Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մայիս 06,2009 00:00

ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ «ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ». ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՐԱՆՆ Է

\"\"Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թափանիվը մեծ արագություն է հավաքում: Աշխարհաքաղաքական երթեւեկության մեջ Հայաստանն ու Թուրքիան հայտնվել են նույն գնացքում: Փոփոխությունների սլացքը համարժեք վարքագիծ եւ պատրաստվածություն է պահանջում: Եվ եթե պաշտոնական Անկարան արագ եւ հեռատեսորեն վերադասավորում-վերակազմավորում է իր քաղաքական ճամպրուկները՝ կառամատույց հասնելու եւ այն արագ լքելու համար, մանավանդ որ արտաքին քաղաքական եղանակները կտրուկ փոփոխություններ են նախանշում, ապա Երեւանն անվրդով բազմել է գնացքում՝ սպասելով ուղեկցորդի հիշեցում-նախազգուշացմանը. «Հաջորդ կայարանը՝ «Անհայտություն». վերջին կայարանն է»:

1.

Հուսահատվածների մայիսը

Հայ ժողովրդի պատմության դասագրքերում տեղ գտած փաստերը եւ դրանց հետեւած եզրահանգումներն արձանագրում են, որ մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է: Իրականում եզրահանգումը շատ ավելի անողոք է՝ մենք պարտադրված ենք եղել պաշտպանել մեր հայրենիքը, երբ անսահման հուսահատված ենք եղել՝ ահասարսուռ կորուստներից, անամոթ դավաճանություններից, մեծ խաբեություններից հետո: Իսկ հուսահատված մարդիկ կամ լուռ քայքայվում են, կամ ինքնասպան լինում, կամ խիզախում: Եվ հաճախ այդ խիզախումն է, որ անհասկանալի է մնում պատմաբաններին, անհասկանալի է մնում հոգեբաններին, անհասկանալի է մնում այլ մասնագիտությունների տեր մարդկանց, քանի որ խորը պահված է մնում տվյալ ժողովրդի սրտում, եւ եթե խոցում են սրտի այդ թաքստոցը, ապա ժայթքում է ժողովրդի վիրավորանքը, որը կարճ ժամանակ անց կարող է վերածվել խիզախման: Մայիսն այդ պատճառով է դարձել հաղթական, քանի որ հուսահատվածների կռվի մեջ երկնային ուժ կա:

Մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական խելահեղ զարգացումները ոչ միայն անկանխատեսելիության մեծ էներգիա են կուտակում, այլեւ առաջ են մղում եւ լցնում համբերության այն թասը, որտեղից ոչ թե պարզապես հորդելու է հասարակական անհամաձայնությունը, այլ այն պարզապես ջարդուփշուր է արվելու: Հայաստանյան եւ օտարերկյա քաղաքական վարչակազմերը աշխարհաքաղաքական երթեւեկության մեջ չեն էլ նկատել, որ ոտքը դնում են հայ ժողովրդի սրտի վրա: Գուցե եւ մենք այս տարվա մայիսին էլ պարտադրված ենք լինելու պաշտպանել մեր հայրենիքը, ինչպես մեր պատմության երկարամյա ընթացքում: Հայրենիքը, որը արհամարհել ու կոխկրտել է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս: Անշուշտ, այդ հայրենիքը պաշտպանելը բնավ էլ ամենահաճելի գործը չէ. ողջ խնդիրն այն է, որ մենք ընտրության հնարավորություն չունենք էլ, քանի որ հուսահատված ենք նույնքան, որքան մեր նախորդները:

2.

«Ճանապարհային քարտեզի» շագրենի կաշին

Որքան էլ Երեւանում պնդեն, թե «ճանապարհային քարտեզը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դիվանագիտական քայլերի հերթագայությունն է ընդամենը նախանշում, ըստ այդմ՝ չպարունակելով ոչինչ արտառոց կամ վտանգավոր, այնուամենայնիվ արագորեն քողազերծվող իրողությունները վկայում են, որ այն մեր երկիրը վերածելու է շագրենու կաշվի, որն անվերջ փոքրանալու-պակասելու է Անկարայի ցանկությունների եւ Երեւանի դիմադրողականության եւ հեռատեսության բացակայության հետեւանքով: Եթե հայ ժողովրդի ձգտումների ու նպատակների մասին հայկական կողմը լռում է, որպեսզի այն չորակվի որպես «նախապայման», ապա դրանից բնավ չի հետեւում այն, որ «ճանապարհային քարտեզը» այնպիսի տեսք եւ ձեւակերպումներ պիտի ընդունի, որը ոչ միայն անտեսի, այլեւ ոտնատակ տա այդ ձգտումները: 2009 թ. ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունն ազդականչ է, որ հարաբերությունների կարգավորման նժարը թեքվում է դեպի թուրքական նախապայմանների կողմը: Համատեղ հայտարարությունն արձանագրում է. «Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար»: Արդեն հաջորդ օրը թուրքական «Սաբահ» թերթը ներկայացնում է այդ «համաձայնեցված հիմքերը».

1. Հայաստանը ճանաչում է Կարսի պայմանագիրը;

2. Երկու երկրների միջեւ սահմանային անցակետերը բացվում են, առեւտրատնտեսական համապատասխան համաձայնագրեր են ստորագրվում;

3. Ճանապարհային քարտեզը հաստատման է դրվում երկու երկրների խորհրդարաններում;

4. Ստեղծվում է պատմաբանների համատեղ հանձնաժողով Ցեղասպանության մեղադրանքները ուսումնասիրելու համար, հանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրները:

5. Երկու կողմերը Վրաստանում իրենց դեսպաններին հավատարմագրում են Անկարայում եւ Երեւանում, որից հետո կստեղծվեն դիվանագիտական ուղղակի հարաբերություններ;

«Համաձայնեցված հիմքերը» վերլուծելիս պարզ է դառնում, որ դրանք իրականում նախապայմաններ են. երկուսը՝ հայկական կողմի, երկուսը՝ թուրքական: Վերջին՝ 5-րդ կետը գործողությունների առաջին փուլի ավարտ է նշանակում: Միաժամանակ ակնհայտ է, որ թեպետ պարզ հաշվապահության տեսակետից Երեւանի եւ Անկարայի ձեռքբերումները հավասար են՝ երկուսը երկուսի դիմաց, ապա քաղաքական հաշվարկների եւ հաշվենկատության առումով դրանք հավասարազոր չեն: Հավասարազոր չեն ոչ անցյալի ցավը մեղմելու, ոչ քաղաքական գործընթացների ներկա փուլում հուսալի ափ հասնելու, ոչ էլ մեր երկրի ապագան անվտանգ դարձնելու առումով:

Ակնհայտ է, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին կետը ոչ միայն Ցեղասպանությունը մոռացման դատապարտելու խնդիր է լուծելու Թուրքիայի համար, որի մեջ անհեռատեսորեն ներքաշվել է Երեւանը Սերժ Սարգսյանի առաջադրանքով, այլեւ նպատակ ունի լուծել Ցեղասպանության հետեւանքների վերացման՝ ֆինանսական հատուցման եւ հայկական տարածքների կարգավիճակի շուրջ հետագա քննարկումները կասեցնելու խնդիրը: Հայ-թուրքական սահմանի բացման թուրքական նախապայմանը սա է: Թուրքիան կճանաչեր հայոց Ցեղասպանությունը, եթե վստահ լիներ, որ դրան չեն հետեւելու տարածքային պահանջները: Ի վերջո, Գերմանիան հրեական Հոլոքոսթը ընդունեց եւ ներողություն խնդրեց հրեաներից նաեւ այն պատճառով, որ տարածքային խնդիրներ չկային: Եվ անհիմն են այն պնդումները, որ 3-րդ հազարամյակում աշխարհի քաղաքական քարտեզը փոփոխություններ չի կարող կրել: Քաղաքական իրողությունները հակառակն են վկայում. աշխարհի նոր բաժանումը դեռ առջեւում է:

Անկարան գիտե, որ անկախ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարող վարչակազմերից, անկախ աշխարհաքաղաքական գործընթացների ուղղորդման նրա հմտություններից, անկախ մինչեւ անգամ պատմական ժամանակահատվածի մեծ կտրվածքից, այդ խնդիրը երբեւէ չի մարելու հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ: Այդ իսկ պատճառով, բացի Ցեղասպանության խնդրի պատմական քննարկումից, Անկարան նաեւ խնդրի մեկընդմիշտ լուծման իրավական փաստաթուղթ է ձգտում կյանքի կոչել՝ Կարսի խայտառակ պայմանագիրը՝ վավերացնելով այն ՀՀ խորհրդարանում:

Ապրիլի 22-ի համատեղ հայտարարության մեջ միակ ձեռքբերումը, որին հասել է հայկական կողմը, այն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը համաձայնագրում չի հիշատակվել: Իսկ դա էլ բազմադեմ Մեթյու Բրայզայի համար ընդամենը քաղաքական տեխնոլոգիայի խնդիր է: Բրայզան պետք է ամերիկյան նոր վարչակազմի առաջ արդարացնի իր տարիների երթեւեկությունը տարածաշրջանում: Եվ դրա համար նա գտել է «ոչ ստանդարտ լուծումների» սիրահար Սերժ Սարգսյանին: Չի բացառվում, որ Պրահայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ստորագրվի երկրորդ պատմական փաստաթուղթը՝ ներառելով «տարածքային ամբողջականության, ինքնորոշման սկզբունքների եւ ռազմական ուժի չգործադրման» Բրայզայի հանճարեղ դրույթները: Հայկական կողմի համար նետված խայծն ինքնորոշումն է, ենթադրաբար՝ «Ադրբեջանի տարածքում»:

Արդյունքում ստացվում է, որ ոչ ոք ոչ ոքի, ըստ էության, չի էլ խաբել. Երեւանը չի խաբել իր քաղաքացիներին՝ հայտարարելով, որ Ղարաբաղի խնդիրն ընդգրկված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում, Անկարան չի խաբել Բաքվին՝ ասելով, որ «այն, ինչ կատարվում է, արվում է ի շահ մեր երկու երկրների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցների թվաքանակը թե Հայաստանում, թե Թուրքիայում բնականորեն աճում է, սակայն դրանից բնավ չեն փոքրանում այն վտանգները, որոնք կարող են ոչ թե պարզապես ի հայտ գալ կարգավորման ճանապարհին մեր երկրի համար, ընդ որում՝ ի հայտ գալ այն պահին, երբ դրանք շտկելու հնարավորությունները սպառված լինեն: Անշուշտ, նման վտանգներ առկա են նաեւ թուրքական կողմի համար: Սակայն, ի տարբերություն Հայաստանի՝ այդ երկրում արագ արձագանքման քաղաքական խմբերը լավ են նախապատրաստված: Թուրքիայի կառավարության վերջին փոփոխությունները, մասնավորապես՝ ավելի չեզոք եւ լիբերալ քաղաքական հայացքներ ունեցող արտգործնախարար Ալի Բաբաջանի փոխատեղումը եւ նրա փոխարեն Էրդողանի գաղափարական-քաղաքական թիմակցի՝ Ահմեդ Դավիթօղլու նշանակումը վկայում է, որ Անկարայի քաղաքական ծրագիրը հայ-թուրքական հարաբերությունների առումով առաջիկայում փոփոխություններ է կրելու՝ դառնալով առավել կարծր եւ կտրուկ: Ըստ Turkish daily news թերթի՝ հայտարարելով կաբինետի փոփոխությունների մասին, Էրդողանն ընդգծել է. «Ոչ ոք անփոխարինելի չէ: Եվ չկա մեկը, որին այլընտրանք հնարավոր չլինի գտնել»: Օրինաչափ հարց է առաջանում, թե ինչո՞ւ կարգավորման այս կարեւոր փուլում Էրդողանը հիշեց այդ մասին:

Եթե Թուրքիային հաջողվի այս տեղաշարժերից անկորուստ դուրս գալ, ապա նա հաստատաբար դուրս կգա նաեւ ձեռքբերումներով. դեպի Եվրամիություն բաղձալի ճանապարհով, հայոց Ցեղասպանության հարցի քննարկումների եւ նրա ճանաչման քաղաքական օրակարգի հետաձգմամբ, Միացյալ Նահանգների ռազմավարական աջակցությունը վերստացած եւ այն խորացրած, Ռուսաստանի հետ քաղաքական փոխանակումների եւ բանակցությունների նոր օրակարգի մշակման հեռանկարով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հին սեղանի մոտ ոչ թե նոր հյուրի, այլ նախկին տանտիրոջ ներկայությամբ, որին ոչ ոք չի համարձակվի հեռացնել:

Իր քաղաքական հաշվեմատյանում այս ձեռքբերումներն ամրագրելու համար Թուրքիան երկար է սպասել եւ նույնքան երկար՝ նախապատրաստվել: Ի տարբերություն Երեւանի, որի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դյուրին եւ հընթացս արվող քայլերի հաջորդականություն է՝ «ճանապարհային քարտեզ», Անկարայի համար այն անցյալի ահռելի բեռից մեկեն ազատվելու, ներկա քայլերի խելամիտ հաջորդականության եւ ապագայի անվտանգության մեկընդմիշտ ապահովման հեռահար ռազմավարական ծրագիր է: Առնվազն առաջիկա հարյուրամյակի ծրագիր: Այդ ծրագիրը մեկ անվանում ունի՝ «Թուրքիայի ներկա սահմանների անփոփոխելիություն եւ հավերժացում»:

Ի տարբերություն Երեւանի, որն անվերջ կրկնում է՝ «չեմ տեսել, չեմ լսել, չգիտեմ, տեղյակ չեմ», Անկարան գիտե՝ ինչի է ձգտում, տեսել է՝ ինչպես են հանձնվում, լսել է՝ ինչպես են արձագանքում, եւ տեղյակ է՝ ինչպես են զիջում:

Հարաբերությունների կարգավորման այս գործընթացում պաշտոնական Երեւանը ոչ միայն կորցրել է դիվանագիտական արժանապատվությունը, ոչ միայն խորապես թերագնահատել է թուրքական դիվանագիտության հմտությունն ու հեռատեսությունը, ոչ միայն խճճվել է աշխարհաքաղաքական սարդոստայնի ցանցում, այլեւ մոռացության է մատնել հայ ժողովրդի անցյալը, արժեզրկել ներկան եւ վտանգել ապագան: Եվ այն, ինչ աշխարհաքաղաքականության մեջ ձեւակերպվում է որպես «տարածաշրջանային խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն», իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հայ ժողովրդի հույսերի, ձգտումների եւ նպատակների մկրատում:

Անշուշտ, զուտ մարդկայնորեն կարելի է հասկանալ պաշտոնական Երեւանին, որ աշխարհաքաղաքական այս գործընթացներում աննախադեպ ճնշման է ենթարկվում, սակայն նույն եւ անգամ ավելի մեծ ճնշման է ենթարկվում նաեւ Անկարան, բայց նա չի մոռանում միշտ տեսադաշտում պահել իր քաղաքական նպատակների իրագործումը:

Առանց դիվանագիտական սեթեւեթանքի էլ պետք է ընդունել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է Հայաստանին, սակայն խանդավառվել այդ հեռանկարով եւ սփոփվել միջազգային հարաբերություններում եւ լուրերում այդ խնդրի հանդեպ ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունից, անընդունելի է: Երեւանը իր պարզամտության պատճառով ավելի է խճճել իրավիճակը, եւ այն աստիճանաբար դառնում է անբարենպաստ հայկական կողմի համար: Քայլն արված է, եւ ետ դառնալու հնարավորությունից զրկված են թե Հայաստանը եւ թե Թուրքիան: Երեւանը հայտնվել է աշխարհաքաղաքական հորձանուտներում: Իրադարձությունների զարգացման կիզակետում մեզ արդեն ոչ ոք չի հասցնի զգուշացնել, որ մոտենում ենք հաջորդ՝ Անհայտության կայարանին: Իսկ ետեւում մնացող մեր երկիրը կարող է պակասել շագրենու կաշվի պես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել