Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎԳ-ՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ

Մայիս 06,2009 00:00

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը արժանացել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարձր գնահատականին: Այս առթիվ մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎԳ) ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ տեղի ունեցածը առնվազն անտրամաբանական է: «Ղամբարյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ նշանակվելուց առաջ Վանաձոր քաղաքի ոստիկանապետն էր ու հենց նրա օրոք Վանաձորում սպանվեց Լոռու մարզի դատախազը: Փաստորեն, դատախազի սպանությունը չբացահայտած մարդու պաշտոնը բարձրացնում են: Բացի այս սպանությունից, Լոռու մարզում կա մոտ 10 չբացահայտված սպանություն, որ պատվիրված սպանության տրամաբանության մեջ տեղավորվում են: Գումարած մարզի ոստիկանության աշխատակիցների կողմից քննությանը խորթ մեթոդների կիրառումը` ծեծ, խոշտանգումներ, քաղաքացիների ապօրինի բերման ենթարկելու, նախատեսվածից երկար ոստիկանության բաժիններում պահելու եւ նման բազմաթիվ դեպքեր, որոնց մասին մենք անընդհատ ահազանգում ենք: Ի դեպ, մեր ահազանգերի մի մասը հաստատել է հենց ոստիկանությունը: Եվ ամենի առկայության դեպքում ոստիկանության Լոռու մարզի վարչությանը ճանաչել լավագույնը՝ նշանակում է հանրությանը ձեռք առնել: Ամենայն հավանականությամբ, սրան պետք է նայել կամ անձնական նվիրվածության, կամ քաղաքական պատվերի շրջանակներում եւ ոչ բնավ ոստիկանության` օրենքով սահմանված պարտականությունների կատարման տեսակետից: Եվ սրա մասին հանրությունը պետք է անպայման իմանա»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել