Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

Մայիս 06,2009 00:00

Սահմանամերձ Նոյեմբերյանում գործող «Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ն պետական կառույցների «հարձակման» թիրա՞խ

Դեռեւս 2008 թվականի նոյեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում կայացած «ՀՀ Տավուշի մարզի ներդրումային միջավայրը ու Փոքր եւ միջին ձեռներեցության (ՓՄՁ) զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները» համաժողովում արձանագրվեց, թե Տավուշի մարզում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծված եւ ոլորտին պետական աջակցություն է ցուցաբերվում: Ի թիվս այլ ձեռնարկությունների նվաճումների, ներկայացվեց նաեւ կաթի վերամշակմամբ զբաղվող Նոյեմբերյանի «Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ն: ՓՄՁ ազգային կենտրոնը մեկ անգամ աջակցել է «Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ին, մածնի շշեր ձեռք բերելու համար գումար է տրամադրել: Սակայն Ադրբեջանին սահմանակից քաղաքում գործող այս փոքրիկ արտադրամասը պետական հիմնարկությունների չդադարող տուգանքների պատճառով չի կարողանում ոտքի կանգնել:

2000 թվականից անհատ ձեռներեց Արշալույս Իսրայելյանը 2002-ին ձեռնարկությունը վերագրանցեց որպես ՍՊԸ: ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի մասնագետները, տեսնելով Արշալույս Իսրայելյանի եւ նրա կնոջ՝ Անահիտ Զալինյանի աշխատանքը, նոր մասնաշենք կառուցելու եւ ավտոմեքենա ձեռք բերելու համար $7452 դրամաշնորհ տրամադրեցին: Արշալույս Իսրայելյանը նոր մասնաշենքի համար Նոյեմբերյանի քաղաքապետարանից աճուրդ-մրցույթով գնել էր տարածք: Նշված տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայական ձեռք բերելով՝ 2003-ի ամռանը սկսել է շինարարությունը, բայց վեց ամիս անց քաղաքապետարանը եւ քաղաքաշինության պետական տեսչությունը Արշալույս Իսրայելյանին ապօրինի շինարարության համար տուգանել են 250 հազար դրամով: Այդ տուգանքը մուծելուց հետո Ա. Իսրայելյանը եւս 50 հազար դրամ է մուծել Նոյեմբերյանի քաղաքապետարան՝ շինարարության թույլտվության համար:

Հետո արտադրամասը դարձել է հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ստուգումների թիրախը: Տեսչությունը 2004-ին ձեռնարկությանը տուգանել է 30, 2006-ին՝ 40 հազար դրամով: 2009-ի ապրիլի 9-ին տեսչության Տավուշի մարզային կենտրոնի պետ Բագրատ Թումանյանը նույն կենտրոնի բժիշկ-հիգիենիստ Թամարա Գուրգենյանի կատարած ստուգման ակտի հիման վրա որոշել է ձեռնարկությանը տուգանել 50 հազար դրամի չափով: Արշալույս Իսրայելյանը չի ստորագրել տուգանքի որոշման տակ: Նա համաձայն չէ արձանագրված խախտումների հետ, բացի այդ, ակտի մեջ այդ ժամանակ չի նշվել տուգանքի չափը: Նույն տեսչությունը, սակայն, չգիտես ինչու, «չի տեսնում», թե ինչպես Նոյեմբերյան քաղաքի փողոցներով անարգել հոսում են կոյուղաջրեր, մանուկները խաղում են այդ ջրերի մեջ, գարշահոտությունը տարածվում է ամենուր, Դպրոցականների փողոցի բազմաբնակարան շենքի բակը ողողված է կոյուղու կեղտով:

Իսկ «Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ում մինչ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ստուգումը, փետրվարի 27-ին ստուգում է իրականացրել եւ 50 հազար դրամով տուգանել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության Տավուշի մարզային կենտրոնը: Սույն տեսչությունը պարբերաբար ձեռնարկությանը պարտադրում է կաթի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ որեւէ հիմնարկության հետ պայմանագիր ունենալ: Ի դեպ, տեսչության գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանը անցած տարի նույն պատճառաբանությամբ տուգանել է Ա. Իսրայելյանին, սակայն, համոզվելով, որ նա տուգանքը չի մուծելու, ինքն է մուծել տուգանքը՝ աշխատավարձի հավելավճարից չզրկվելու համար: Նոյեմբերյանի տարածաշրջանում ոչ մի ձեռնարկություն կաթի փորձաքննություն չի իրականացնում: Իսկ «Արշալույս Իսրայելյան» ձեռնարկությունը ԱՄՆ գյուղդեպարտամենտից «Միլկանա» կաթի անալիզատոր է նվեր ստացել, որը կաթի վեց ցուցանիշ է ստուգում:

Արշալույս Իսրայելյանը զարմացած է, որ սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները «չեն տեսնում», թե ինչպես է Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, միջպետական մայրուղու եզրին, կեղտի ու փոշու մեջ, առանց փաթեթավորման սննդամթերք վաճառվում, կամ ինչպես են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողները Նոյեմբերյանի խանութներում, շենքերի բակերում եւ մայթերին տնային պայմաններում պատրաստված մածուն եւ պանիր վաճառում եւ ոչ ոք նրանց չի ստուգում ու չի տուգանում:

«Արշալույս Իսրայելյան» ՍՊԸ-ն սահմանամերձ Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի բնակիչներից կաթ է հավաքում եւ թեկուզ 6-7 ամսով, բայց մոտ 60 ընտանիքի ապահովում եկամտով: Իսրայելյան ընտանիքը, մեղմ ասած, հիասթափված է փոքր ձեռնարկության նկատմամբ վերաբերմունքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել