Լրահոս
Օրվա լրահոսը

Մահափորձ եւ վրաերթ

Մայիս 06,2009 00:00

«Հայ արիական միաբանության», «Հայ ազգայնականների համախմբման խորհրդի» եւ «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի երեկ տարածած հայտարարությամբ՝ մայիսի 4-ին մահափորձ է կատարվել «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանի դեմ:

«Հայ արիների» տեղեկացմամբ, նախորդ օրը, ժամը 10-12-ի սահմաններում, Արմեն Ավետիսյանին 2 անգամ զանգել է ոմն Արկադի, որը ներկայացել է ազգային անվտանգության աշխատակից: Ժ.12:20-ի սահմաններում Ա. Ավետիսյանը դուրս է եկել գրասենյակից՝ այդ մարդուն հանդիպելու համար: Նրանք պայմանավորվել են մարդաշատ «Այրարատ» կինոթատրոնի տարածքում: Ավետիսյանը, ըստ իր գործընկերների, կես ժամ անց զանգում է կուսակցության գրասենյակ եւ հայտնում, թե՝ «հիմա գալիս է»: Սակայն ժ.14:00-ից հետո նրա հեռախոսն անջատվում է:

Գիշերը ժամը 24-ի սահմաններում «արիները» դիմում են Կենտրոնի ոստիկանություն: «Ինքներս սկսեցինք որոնել նրան հիվանդանոցներում եւ պարզվեց, որ Արմեն Ավետիսյանին ծանր վնասվածքներով հայտնաբերել են «Էրեբունի» հիվանդանոցի մոտ եւ, ըստ հիվանդության պատմության, ժ.14-ին ընդունել «Էրեբունի» հիվանդանոց: Նրան որպես անհայտ անձ բերել են հիվանդանոցին կից բժշկական քոլեջի մոտից, անգիտակից վիճակում, բազմաթիվ վնասվածքներով՝ գլխի, կրծքավանդակի, վերջույթների եւ գլխուղեղի արյան զեղումով: Օրվա ընթացքում կատարվել են բոլոր հետազոտությունները եւ նրան ցույց է տրվել անհրաժեշտ վիրահատական միջամտություն: Նրա գլխի, կրծքավանդակի եւ ստորին սրունքի միաժամանակյա լուրջ վնասվածքները հուշում են, որ նրա հետ հաշվեհարդար են տեսել, այլ ոչ թե, ինչպես ներկայացվում է՝ վրաերթ է եղել»,- ասվում է երեկ տարածված հաղորդագրության մեջ:

«Արիները» կատարվածը կապում են Արմեն Ավետիսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերջերս հղած բաց նամակի հետ:

Այնտեղ մասնավորապես գրված էր. «Ես եւ յուրաքանչյուր հայ կարո՞ղ ենք մեզ ապահով զգալ մի երկրում, որտեղ ԱԱԾ մեկուսարանից փախցնում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների վարձած մարդասպանին (հայ գործիչներ սպանելու պատվերով եկած), եւ ոչ ոք առայսօր չի պատժվում կամ պաշտոնաթող լինում: Կարո՞ղ եմ ես եւ յուրաքանչյուր հայ ապահով զգալ մի երկրում, որտեղ սեփական տնից, ընտանիքից կարող են ում ուզեն, երբ ուզեն՝ գողանան ու տանեն ինչպես հայ, այնպես էլ օտար «ամենակարողները»:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ Ա. Ավետիսյանին վրաերթի է ենթարկել 1966թ. ծնված Շողակաթ Ամիրխանյանը՝ իր «Ֆորդ Մերկուրի» ավտոմեքենայով: «Առավոտի» տեղեկություններով, վերջինիս հետ երեկ հանդիպել է ՀԱՄ մամուլի քարտուղար Արմենուհի Մելքոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել