/Նպատակը մահափորձն էր եւ ոչ թե մարմնական վնասվածք հասցնելը
Ա. Կիվիրյանի վնասվածքները համարվել են թեթեւ:
Երեկ «Ուրբաթ» ակումբում կազմակերպվել էր լրատվամիջոցների հանդիպումը ՀՀ փաստաբանական պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, «Խոսքի ազատության կենտրոնի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Առիթը՝ ապրիլի 30-ին Նալբանդյան փողոցի իր տան շքամուտքի մոտ բռնարարքների ենթարկված Արգիշտի Կիվիրյանի հարցն էր: Ինչպես գիտեք, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Կիվիրյանին միջին ծանրության մարմնական վնասվածքներ հասցնելու հիմքով:
«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Արգիշտիի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ եղել է ծանր: Արգիշտի Կիվիրյանը «Բագին» փաստաբանական գրասենյակի պատասխանատուն է, «Armenia today» լրատվական գործակալության համակարգողը: Վարկածները մի քանիսն էին. կատարվածը կամ կապ ունի նրա լրագրողական գործունեության հետ կամ՝ փաստաբանական: Կա մի երրորդ վարկած էլ. նա ճանաչված փաստաբան Լուսինե Սահակյանի ամուսինն է, իսկ վերջինս հայտնի աղմկահարույց գործերով ներգրավված փաստաբան է: Չի բացառվում, որ Արգիշտիի միջոցով անուղղակի զգուշացվել է նաեւ նրա կինը՝ Լ. Սահակյանը:
Ա. Կիվիրյանը հարվածներ էր ստացել փայտե բիտաներով, այդ հարվածների ուղղվածությունը եղել է գլխավորապես գլխին: Այսինքն, հանցագործները պատահական չէ, որ դարանակալ սպասել են նրան տան շեմին, ապա հարձակվել եւ հարվածներ ուղղել գլխին: Հանցագործները զինված են եղել նաեւ ատրճանակով ու դեպքի վայրում թողել էին պարկուճներից մեկը: Ըստ նախնական վարկածի, լսվել է 3 կրակոցի ձայն: «Այս անգամ կատարվածն իր դաժանությամբ գերազանցում է մնացած դեպքերին: Իմ համոզմամբ, սա եղել է սպանության փորձ»,- ասաց Ա. Իշխանյանը: Ըստ իրավապաշտպանի, մենք գործ ունենք քաղաքական պատվերի հետ:
Վերջին վարկածի առումով տեղեկացնենք, որ շրջանառվող լուրերի մեջ նշվում էր նաեւ Ջավախքի հակահայկական քաղաքական ուժերի կողմից հրահրված լինելը:
Ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի, ժամանակն է անդրադառնալ դատական համակարգին. «Մենք ունենք մեղադրական թեքումով մեղադրական եզրակացություն դակող մի մարմին: Դատավորները մորթապաշտ են դարձել, վախենում եմ, որ դատախազը կարողանում է ինչ-որ ձեւով խեղճացնել դատավորներին»,- ասաց Ռ.Սահակյանը եւ, արտահայտելով խիստ բացասական կարծիքը ՀՀ գլխավոր դատախազի մասին, պահանջեց նրա հրաժարականը:
Անդրադառնալով Ա. Կիվիրյանի նկատմամբ կատարված հանցագործությանը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նկատեց, որ մասնագիտական գործունեության հետ կապված բռնարարքներն ի հայտ եկան Խորհրդային միության փլուզումից հետո՝ 90-ականներին: Նա հիշեց, թե ինչպես են դաժան ծեծի ենթարկել իրեն, փաստաբաններ Ժորա Խաչատրյանին, Ռաֆիկ Սաֆարյանին: Սակայն Ռ. Սահակյանը հավելեց, որ այդպիսի հանցագործությունները երբեք չեն բացահայտվում, որովհետեւ դրանք հաճախ կատարվում են առանց վկաների: