Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ զինակոչիկին բանա՞կ են տանում

Մայիս 06,2009 00:00

Մինչդեռ թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցից պատասխանել են, որ տղան պիտանի չէ զինծառայության:

«Ես որդի չունեմ բանակ ուղարկելու: Չարչարանքով պահել-մեծացրել եմ, որ ուղարկեմ բանակ, որպեսզի իրենք էլ հաշմանդամ ու հոգեկան հե՞տ ուղարկեն: Ես հրաժարվում եմ որդուս բանակ ուղարկել: Կամ էլ թող բուժեն ու ստորագրեն, որ երեխաս անվնաս տուն կգա»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Սուսաննա Գրիգորյանը: Նրա ներկայացմամբ՝ կրտսեր որդին՝ Արմեն Գրիգորյանը, արդեն զինակոչիկի տարիքի է եւ ունի լուրջ առողջական խնդիրներ. «Եթե հանկարծ տղայիս տանեն բանակ, ապա ես լրիվ հույսս կկտրեմ, որ նորմալ մարդ հետ կգա: Մեծ տղայիս տարիներ առաջ տարան ու հոգեկան հիվանդ հետ ուղարկեցին: Զորամասում այնքան էին ծեծել, որ վրան առողջ տեղ չէր մնացել: Դրա համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Տղաս հիմա անաշխատունակ է: Հիմա էլ փոքրիս բանակ գնալու ժամանակն է, բայց երեխաս սրտի առիթմիա ունի, ողնաշարի եւ կրծքավանդակի հետ կապված խնդիրներ: Ես պայքարում եմ, որ զինկոմիսարիատը ազնիվ պատասխան տա առողջության վերաբերյալ ու հետաձգի զինակոչը»: Տիկին Սուսաննայի պատմելով՝ Արաբկիրի զինկոմիսարիատում Արմենին զննելուց հետո բանավոր պատասխանել են, որ նրան 1 տարի հետո կզորակոչեն, եւ հետեւյալ բովանդակությամբ փաստաթուղթ են տվել. «2008 թվականի աշնան զորակոչից 4 ամիս ժամկետով տարկետում ստանալու կապակցությամբ ուղարկում եմ զինակոչիկ, 1990 թվականին ծնված Արմեն Սարիբեկի Գրիգորյանին՝ ամբուլատոր պոլիկլինիկական պայմաններում բուժում կազմակերպելու համար»: Այժմ մեր ձեռքի տակ գտնվող այս տպագիր փաստաթղթի վրա 1 տարի բառի փոխարեն գրիչով ուղղում էր արված եւ գրված էր 4 ամիս:

Նշենք, որ զորակոչիկները ուղեգրվում են բժշկական հետազոտման եւ բուժման պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար հետազոտվում են եւ համապատասխան անվճար բուժում ստանում:

Տիկին Սուսաննայի խոսքերով՝ որքան էլ որ զինկոմիսարիատում պնդել է, թե իր երեխան լուրջ բուժման կարիք ունի, այլ ոչ թե ամբուլատոր թեթեւ բուժօգնության, միեւնույն է՝ նրան բանի տեղ չեն դրել: Տիկին Սուսաննայի՝ զինվորական դատախազություն դիմումից հետո, որդուն ուղարկել են հետազոտվելու 2-րդ նյարդաբանական հիվանդանոց. «Հիվանդանոցից էլ պատասխանեցին՝ նեւրաստենիա է, ձեր տղան պիտանի չէ զինծառայության: Այսքանից հետո ուղարկում են պոլիկլինիկա բուժման, որպեսզի հետո բանակ տանեն: Ի՞նչ է, հիվանդ երեխաների հաշվի՞ն պիտի բանակի թիվը լրացնեն: Ում որ իսկապես պետք է՝ չեն տանում, ում պետք չի՝ տանում են: Ես միայնակ հաշմանդամ մայր եմ, մեծ տղաս էլ բանակից հետո հաշմանդամ է դարձել, սոցիալապես անապաով ենք: Իմ երեխաները գիշերը սոված են քնում, հետն էլ հիվանդ, ո՞նց պիտի ծառայի բանակում»:

«Առավոտը» Արաբկիրի զինկոմիսարիատից փորձեց պարզաբանում ստանալ Արմեն Գրիգորյանի առնչությամբ, սակայն երեկ ողջ օրը նրանց հեռախոսները չէին պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել