Երեւանի ավագանու համար թեկնածու առաջադրած կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են քաղաքը դարձնել դրախտավայր:
Երեւանի քաղաքապետի աթոռի համար պայքարող կուսակցությունների նախընտրական ծրագրերն ընդհանուր առմամբ իրար նման են: Նրանք բոլորն էլ իրենց նախընտրական ծրագրերի սոցիալական հատվածին մեծ տեղ են տվել. խոստանում են երեւանցիների կյանքը երկարացնել, կանաչ գոտիները վերականգնել, մթնոլորտն աղտոտումից մաքրել, աղբահանության բնագավառում ներդնել կայուն կառավարման համակարգ եւ այլն:
Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահ է, որ իր թեկնածուի քաղաքապետ դառնալուն պես՝ Երեւանն էլ կբարգավաճի: ԲՀԿ-ի նախընտրական ծրագրով կուսակցությունը սոցիալական ոլորտում առաջնահերթ խնդիր է համարում մեր մայրաքաղաքում անվտանգ ու մատչելի պայմաններ ստեղծել՝ հատկապես հաշմանդամների, ֆիզիկապես սահմանափակ հնարավորություններ ունեցող այլ քաղաքացիների, ծերերի ու երեխաների համար՝ ինչպես որ ընդունված է զարգացած երկրներում: Բնակչության համար առողջ ապրելակերպ ապահովելու նպատակով ԲՀԿ-ն մտադիր է ջրօգտագործման եւ կեղտաջրերի հեռացման, արտանետումների նկատմամբ վերահսկողություն սահմանել, ընդլայնել կանաչապատման ծավալներն ու աշխարհագրությունը, տեխնոգեն պատճառներով աղտոտված տարածքները վերականգնել եւ «առողջացնել», վերացնել տեխնոլոգիապես հնացած եւ բնապահպանական առումով վնասակար արտադրությունները: Մայրաքաղաքի աղբահանության հարցը վերջնականապես լուծելու համար կուսակցությունը մտադիր է Երեւանում աղբավերամշակման գործարան կառուցել: ԲՀԿ-ն խոստանում է նաեւ պայքարել, որպեսզի երեւանցիները շուրջօրյա եւ ինքնահոս եղանակով ջուր ունենան: Իսկ, որ ամենագլխավորն է, կուսակցությունը վստահեցնում է, որ Երեւանի ավագանին հեռանկարային եւ նպատակային ծրագրերի հաստատումից առաջ կազմակերպելու է հասարակական քննարկումներ եւ անպայման հաշվի է առնելու հասարակության տարբեր շերտերի առաջարկություններն ու դիտողությունները:
«Օրինաց երկրի» նախընտրական ծրագիրը խոստումների առատությամբ չի զիջում ԲՀԿ-ի ծրագրին: ՕԵԿ-ը նույնպես «երեւանցուն արժանի կենսակերպ» է խոստանում:
Նրա թեկնածուն, ընտրվելուն պես, մայրաքաղաքը դարձնելու է «մրցունակ եւ զարգացած», «մաքուր եւ բարեկարգ»: ՕԵԿ-ը ծրագրել է քաղաքը լուսավորել եւ ձեւավորել բնապահպանական նոր ոճով: «Օրինաց երկիրը» մտադիր է մշակել եւ իրականացնել նոր սոցիալական ռազմավարություն եւ քաղաքականություն, որը էականորեն կբարելավի մայրաքաղաքի սոցիալապես առավել խոցելի խավերի վիճակը: Կուսակցությունը առաջնահերթ է համարում պարտադիր եւ կամավոր բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը, ինչը, ՕԵԿ-ի կարծիքով, բնակչությանը հնարավորություն կտա ստանալ լիարժեք եւ երաշխավորված բուժօգնություն: Կուսակցությունը բուժաշխատողներին նույնպես աչքաթող չի արել. խոստանում է նրանց աշխատավարձերը շարունակաբար բարձրացնել, բացի այդ՝ ներդնել բժիշկների վարձատրման նոր համակարգ: Արձանագրելով, որ վերջին շրջանում աղտոտ մթնոլորտի պատճառով շնչառական եւ մաշկային հիվանդություններն ավելացել են, ՕԵԿ-ը կպայքարի, որպեսզի կանաչ տարածքներում կառուցապատումները դադարեցվեն, այգիներն ու զբոսանքի վայրերը բարեկարգվեն:
«Չհամակարգված կառուցապատման արդյունքում մայրաքաղաքը հայտնվել է բնապահպանական աղետի շեմին, խախտվել են Երեւանի ճարտարապետական դիմագիծն ու ներդաշնակությունը»,-իր նախընտրական ծրագրում նման համոզմունք է հայտնում Հայ հեղափոխական դաշնակցությունը:
Սոցիալական ոլորտում ՀՅԴ-ն նախատեսու մ է Երեւանը դարձնել «ազգային եւ միջազգային հաղորդակցության ու հարաբերությունների կենտրոն»: Դաշնակցությունը եւս մտահոգված է մայրաքաղաքի աղբահանության խնդիրներով: Կուսակցությունը մտադիր է Երեւանի ստորգետնյա անցումների, բակերի եւ բնակելի շենքերի սանմաքրման աշխատանքները կազմակերպել արդիական մեթոդներով, պահպանել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները եւ մինչեւ 2013 թվականը դրանք եռապատկել, ներդնել փոշու եւ գազամաքրիչ ժամանակակից համակարգեր, առաջիկա տարիներին մայրաքաղաքի ոռոգման ցանցը լիարժեք վերականգնել: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու դեպքում կուսակցությունը խոստանում է անօթեւանների համար գիշերային խնամքի կենտրոններ բացել: ՀՅԴ-ն ջանք ու եռանդ չի խնայելու նաեւ հաշմանդամներին համայնքի լիիրավ անդամ դարձնելու համար:
Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի, որոնք իրենց նախընտրական ծրագրերում մայրաքաղաքի ներկայիս վիճակը բավականին գորշ գույներով են ներկայացնում եւ Երեւանը վերստին վարդագույն դարձնելու համար իրենց բարեփոխումներն են առաջարկում, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հաշվի առնելով, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հանրապետական է եղել, կուսակցությունն իր նախընտրական ծրագրում այսօրվա Երեւանի մասին բավականին մեղմ է արտահայտվել: Ըստ ՀՀԿ-ի, «վերջին տարիներին կառուցվել են մեր քաղաքի գլխավոր փողոցները, նոր մայրուղիներ ու գետնանցումներ են բացվել, գրեթե լուսավորվել է ողջ քաղաքը»: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն գտնում է, որ Երեւանում դեռ շատ գործ կա անելու: Այսպես՝ Երեւանը մաքուր քաղաք դարձնելու համար հանրապետականները նախատեսում են քաղաքի մաքրության ու աղբահանության համալիր ծրագիր իրականացնել, ձեռք բերել աղբահան, փողոցները մաքրող եւ լվացող, ձնահավաք նոր մեքենաներ: Բացի այն, որ ՀՀԿ-ն կնպաստի օդի մաքրությանը, երեւանցիների համար հանգստի գոտիներ կստեղծի՝ կընդլայնի նաեւ քաղաքային տնկարանն ու կկառուցի ջերմատուն:
Հանրապետականները խոստանում են բարձրացնել առաջնային բուժօգնության ծառայությունների որակը, ընդլայնել ընտանեկան բժիշկների կողմից մատուցվող ծառայությունները, կանխարգելել հիգիենիկ-համաճարակային վտանգ ներկայացնող հիվանդությունները եւ այլն:
Հ. Գ. Չնայած քարոզարշավն արդեն քանի օր է՝ մեկնարկել է, սակայն թեկնածու առաջադրած մյուս 2 կուսակցությունների՝ «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» նախընտրական ծրագրերը դեռեւս պատրաստ չեն: