Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Վստահեք տեղյակ եւ կարող մարդկանց»

Մայիս 06,2009 00:00

Կոչ է անում ՀՀԿ-ն

\"\"«Բարոյական ճգնաժամի խնդիր ունենք»,- երեկ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բակային հանդիպումների ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող եւ գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ երիտասարդներին հորդորելով հարգել տարեցներին, կանանց ու երեխաներին: Հանդիպման ժամանակ նրան ուղղված հարցերը շոշափում էին բնակիչներին անհանգստացնող բոլոր ոլորտները՝ շենքերի տանիքներից մինչեւ մայրաքաղաքի «աղճատված ճարտարապետություն»: «Ես այդ խնդիրներին շատ լավ ծանոթ եմ, որովհետեւ արդեն քանի տարի է՝ այս ոլորտում եմ աշխատում, հավատացեք, որ անլուծելի հարցեր չկան: Մեր ծրագրում ներառված են բոլոր խնդիրները, եւ տրամաբանական ժամկետներում դրանք լուծումներ են ստանալու»,- հավաստիացրեց թեկնածուն ու խոստացավ նաեւ, որ՝ «բյուրոկրատիզմին վերջ ենք տալու»: Նույնիսկ ամենաթարմ օրինակը բերեց. «Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքացիների երեք հազար դիմում անպատասխան էր մնացել: Այսօր արդեն ինձ զեկուցեցին, որ անպատասխան մնացած ընդամենը 500 դիմում կա: Ընդ որում, դիմումներին 80%-ով դրական պատասխաններ են տրվել»: Բեգլարյանը կոչ արեց՝ մայիսի 31-ին վստահել այն մարդուն՝ «Ով տեղյակ է ամեն ինչից, ով ձեր խնդիրները գիտե: Թե չէ՝ մենք որ եկանք, լավ կլինի՝ դա նշանակում է՝ հարազատս գործ կունենա. այդ մոտեցումը մենք չունենք»:

«Առավոտի» հարցին՝ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում հատուկ ընդգծվում է, որ Երեւանում պետք է ավելացվեն կանաչ տարածքները, մինչդեռ գաղտնիք չէ, որ հենց այդ տարածքների հաշվին մեր մայրաքաղաքում վերջին տարիներին ավելացան զվարճանքի տարատեսակ վայրերը, հաղթանակի դեպքում դուք պատրա՞ստ եք կոալիցիոն գործընկերների ախորժակը կանխել, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Երբ Դրամատիկական թատրոնի կողքին, Քոչարի փողոցի վրա, պուրակ սարքեցի՝ իմ կոլեգայի հետ միասին, բոլորը շատ մեծ ախորժակ ունեին այդտեղ սրճարան ունենալու: Խոստացա, որ չի լինի, ու բոլորի ախորժակը միանգամից փակվեց. հիմա այնտեղ գեղեցիկ ճեմուղի է: Այնպես որ, այդ կարգի ախորժակներին երբեք ընդառաջ չեմ գնալու: Իսկ եթե բոլորս իրականում ուզում ենք Երեւանը կառուցել, կանաչապատել, գազոնապատել՝ յուրաքանչյուր լավ մոտեցում, լինի դա կոալիցիայի մեր ընկերներից, թե ցանկացած այլ հայ մարդու կողմից, անպայման համաձայնության ենք գալու եւ աշխատելու ենք»:

Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Օղակաձեւ զբոսայգին կբեռնաթափվի՞ ժամանցի վայրերից: «Օղակաձեւ զբոսայգում այդքան շատ սրճարաններ չկան, ինչքան անմշակ տարածքներ կան: Այսինքն՝ բարձիթողի վիճակ է: 2000-ականներին դրանք վարձակալությամբ են տրվել տարբեր սուբյեկտների, նրանք տարեկան վճարում են չնչին գումարներ եւ անխնամ թողնելով այդ տարածքները՝ սպասում են հարմար պահի՝ սրճարանների քանակն ավելացնելու: Դա չի լինելու: Հնարավորինս կրճատվելու են նման բաները, եւ վառ օրինակն էլ՝ «Հին Երեւան» ռեստորանի դիմացի տարածքն է, որտեղ շինարարություն էր նախատեսվում, բայց տարածքը գազոնապատվեց քաղաքապետարանի կողմից՝ չնայած հողը դեռ սեփականատիրոջն է, եւ կա հաստատված նախագիծ ու շինարարության թույլտվություն: Մենք հասկացանք, որ օրինական է համարվում այն կառույցը, որն ընդունվում է ժողովրդի կողմից, ոչ թե վավերացված է քաղաքապետի ստորագրությամբ»:

Նկատենք, որ մայրաքաղաքում խնդիր է նաեւ այն, որ տվյալ ժամանցի վայրը փաստաթղթերով պետք է զբաղեցնի որոշակի տարածք, մինչդեռ իրականում այն զբաղեցնում է ձեւակերպվածից մի քանի անգամ ավելի տարածք: Ի դեպ, նախկին քաղաքապետերից մեկը ժամանակին հրապարակայնորեն խոստովանել էր, որ ինքն անզոր էր նման երեւույթների դեմ պայքարել: Գագիկ Բեգլարյանի պատասխանը եղավ. «Ես տղամարդու անզոր լինելը չեմ հասկանում: Անօրինական զավթված տարածքները վերադարձվելու են քաղաքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել