Օպերատիվ շտաբը հավանության է արժանացրել այն ընկերությունների բիզնես նախագծերը, որոնք կամ երբեւէ չեն աշխատել,
կամ էլ 10 տարուց ավելի է՝ պարապուրդում են:
Կառավարության կողմից մշակված հակաճգնաժամային ծրագրերի շարքում հատուկ տեղ է հատկացված տնտեսության ամենախոցելի հատվածին: Խոսքը փոքր ու միջին ձեռնարկատերերի մասին է, որոնցից շատերը, ֆինանսական միջոցների պակասի պատճառով, կանգնել են լուրջ խնդիրների առջեւ: Մանր բիզնեսմեններին աջակցելու եւ նրանց սնանկացումից փրկելու համար, մեր պետության ղեկավարները որոշեցին ծանոթանալ նրանց հնարավորություններին ու պարզել, թե որ ընկերությունը կարող է սեփական պետության աջակցությանն արժանանալու համար կատարյալ բիզնես-պլան ներկայացնել: Նույնիսկ սահմանվեցին այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանեին այդ ընկերությունները: Ծանոթանալով նշված չափորոշիչներին՝ մնում է զարմանալ, որ մեր պետության մեջ հայտնվել է այնպիսի ընկերություն, որը բավարարել է բոլոր պահանջներին: Օրինակ, դժվար վիճակում հայտնված ընկերությունը պետք է կառավարության անդամներին համոզի, որ ապագայում իր արտադրանքի իրացման ծավալները մեծ չափերի են հասնելու, որ, ի տարբերություն նմանատիպ բիզնեսով զբաղվող այլ ընկերությունների, ինքը զարգացման մեծ հեռանկարներ ու մրցակցային առավելություններ ունի: Բացի այդ, պետք է տվյալներ տրամադրի այն մասին, թե ովքեր են իր գործընկերները, որպեսզի կառավարությունը որոշի՝ արժե՞ նրան վստահել, թե՝ ոչ: Շատ այլ պահանջների թվում, այդ ձեռնարկությունը պետք է նպաստի արտադրության ընդլայնմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներմուծման փոխարեն կարողանա խթանել արտահանումը, նպաստի լոկալ տարածաշրջանի զարգացմանը, ունենա նորարարական ուղղվածություն, ֆինանսական ցուցանիշների գրավչություն, ռիսկայնության ցածր մակարդակ եւ համապատասխանի շատ այլ չափանիշների: Նշենք նաեւ, որ պետք է բավարարել ոչ թե այս չափանիշներից մեկին, երկուսին կամ տասին, այլ՝ բոլորին միասին: Պարզվում է, որ կառավարության խստապահանջ օպերատիվ շտաբին հաջողվել է գոհացնել ընդհանուր առմամբ միայն 16 ընկերությունների: Սակայն, ուսումնասիրելով այդ ընկերությունների ցանկն ու նրանց գործունեության ոլորտները, այնքան էլ հասկանալի չի դառնում, թե հատկապես որ չափանիշներին համապատասխանելու համար են նրանք արժանացել կառավարության աջակցությանը: Նշենք նաեւ, որ ֆինանսական օգնությունը, ըստ հակաճգնաժամային ծրագրի, տրամադրվում է ոչ թե նոր ընկերություն հիմնադրելու կամ կառուցապատում իրականացնելու, այլ բացառապես ճգնաժամին դիմակայելու եւ եղած ռեսուրսները զարգացնելու համար: Չնայած սրան, աջակցություն ստացած հատուկենտ ձեռնարկությունների թվում է նաեւ ներերակային, ներարկման եւ ակնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող «Լիկվոր» ընկերությունը: Ընկերությունը օպերատիվ շտաբին տեղեկացրել է, որ իր արտադրանքը արտահանում է միայն ԱՊՀ երկրներ, սակայն եվրոպական «GMP» ստանդարտների պահանջներին համապատասխանող նոր գործարան ունենալու դեպքում՝ կարող է ընդլայնել իր արտադրության ծավալները, ունենալ մինչեւ 150 աշխատակից, եւ դեղորայքը արտահանել նաեւ եվրոպական երկրներ: Նոր գործարան կառուցելու համար «Լիկվորը» ակնկալում է ստանալ $2 մլն 400 հազար:
Չնայած այս ծրագրով կառուցապատում չի նախատեսվում, այնուամենայնիվ, «Լիկվորը» արժանացել է կառավարության հավանությանը: Նշենք, որ ընկերության 45% բաժնետոմսերի սեփականատերը հանդիսանում է Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը:
Մեկ այլ հաջողակ ընկերություն, որի բախտը եւս բերել է, կարելի է ասել՝ պարզապես օգտվել է առիթից: Խոսքը «Անի-Կաթ» ընկերության մասին է: Նշենք, որ «Անի-Կաթը» հիմնադրվել է 1995-ին եւ գործել է, այսինքն՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվել է ընդամենը 4 տարի: Արդեն 10 տարի է, որ այդ ընկերությունը պարապուրդի է մատնված: Այն, որ «Անի-Կաթի» աշխատել-չաշխատելը ճգնաժամի հետ ոչ մի կապ չունի՝ պարզ է, բայց ուշագրավն այն է, որ կառավարությունը վստահել է այնպիսի մի ընկերության, որը 10 տարի շարունակ ոչ միայն չի կարողացել իրացման շուկա գտնել եւ աշխատել, այլ նույնիսկ իր ծրագրերով չի արժանացել որեւէ ներդրողի ուշադրությանը: Իսկ օպերատիվ շտաբը նրան ուշադրության է արժանացրել, քանի որ վերջինս խոստացել է Շիրակի մարզի եւ հարակից շրջանների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի բնակչությանն այս տարի ապահովել «թարմ եւ անարատ կաթից պատրաստված պանիրների բազմազան տեսակներով»: Եվ այս բարի գործն իրականացնելու համար «Անի-Կաթը» ակնկալում է մեր պետությունից ստանալ 21 մլն դրամ, որը կծախսվի հումքի, շրջանառու միջոցների ձեռքբերման եւ ընթացիկ ծախսերի վրա: Մեկ այլ ընկերություն՝ «Կոնսերը», «ընդամենը» 582 մլն է պահանջում պահածոների արտադրություն կազմակերպելու, եւ ինչպես ընկերությունն է օպերատիվ շտաբին ներկայացրել՝ «մշտական նորույթներով սպառողներին պարգեւատրելու համար»: Նշենք, որ «Կոնսերը» մինչ այս՝ պահածոների փորձնական արտադրություն է կազմակերպել եւ իրականացրել է միայն համտեսներ եւ փորձանմուշներ: Այսինքն, այս ընկերության զարգացման հեռանկարը եւս անհայտ է:
Մինչ կառավարությունը «ձեռք է մեկնում» տարիներ շարունակ պարապուրդի մատնված եւ անհայտ ապագա ունեցող ընկերություններին՝ շենք կառուցելու եւ հաստոցներ գնելու համար, արդեն կայացած եւ ներկայումս գործող շատ ձեռնարկություններ կանգնել են փակման վտանգի առջեւ: