Ասում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ու ԼՂՀ մի քանի նախարարների ուղեկցությամբ երեկ առաջին անգամ Գյումրիում էր ԼՂՀ 36-ամյա վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս հանդիպեց Գյումրիի մանկավարժական ինստիտուտի աշխատակազմի ու ուսանողների հետ, անդրադարձավ մի քանի կարեւոր քաղաքական հարցերի: Պատմաբաններից մեկի այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի կառավարությունը «ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթղթի մասին՝ վարչապետը խիստ զգուշավոր պատասխան տվեց: «Իհարկե, ճանապարհային քարտեզ ասելով, հանրությունը ծանոթ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը գնում, մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած քայլ, որը նպաստում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որը նաեւ հնարավորություն է տալու Արցախի ճանաչմանը:
Առանց հզոր տնտեսապես անկախ երկրի հնարավոր չէ ունենալ անկախություն, եւ եթե նման համագործակցությունները բերելու են ՀՀ տնտեսական զարգացման, սոցիալական լարվածության թուլացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, աշխատատեղերի ստեղծման, իհարկե՝ մենք ողջունում ենք: Բայց դե, այդ նախնական համաձայնությունը ինչքանով է նպաստելու դրան, մեզ անհրաժեշտ է լինել համբերատար, վերջնական համաձայնագիր ստորագրված չէ, եւ հստակեցված չեն պահանջները; Արցախը վստահում է ՀՀ նախագահին եւ համոզված է, որ ցանկացած համաձայնություն, պայմանավորվածություն, համաձայնագիր, պայմանագիր առաջին հերթին բխելու է մեր ժողովրդի շահերից»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Իսկ այն հարցին, թե գերտերությունները երբ կճանաչեն Արցախի ինքնիշխանությունը, ԼՂՀ կառավարության ղեկավարը հայտարարեց. «Երբ որ ինձ հարց են տալիս՝ ե՞րբ են ճանաչելու Արցախի ինքնուրույնության իրավունքը, ե՞րբ է Արցախը կազմելու Հայաստանի մի մասը, ե՞րբ է լուծվելու հարցը, կարճ երբ որ ձեւակերպում եմ, իմ պատասխանը միշտ լինում է միատեսակ՝ մենք լուծել ենք մեր հարցը: Այսօր Արցախը դե ֆակտո անկախ է, այսօր արցախցին հնարավորություն ունի ազատ արտահայտելու իր ազատ կամքը, Արցախը ճանաչված է որպես բավական ազատ երկիր, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, զարգանում է երկիրը, որն ունի հզոր մարտունակ բանակ, եւ Արցախը իր ձեռք բերած անկախությունը պատրաստ է պաշտպանելու, պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության: Ինչ վերաբերում է՝ ե՞րբ են միջազգային տարբեր կազմակերպություններ, տարբեր երկրներ ճանաչելու մեր անկախությունը, ե՞րբ են այս առումով քայլեր ձեռնարկելու, դա թող ավելի շատ մտահոգի նրանց, որովհետեւ այսօր Արցախը ձեռք է բերել առավելագույնը, եւ այդ ձեռք բերածը պաշտպանելու համար մենք ջանք չենք խնայելու: Թող մտածեն միջազգային կառույցները, գերտերությունները, թե հետագայում ինչպես պետք է անեն, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն»: Իսկ ի՞նչ կասի վարչապետը արցախցի մի քանի պատգամավորների ստորագրահավաք կազմակերպելու ու արտահերթ նիստ նախաձեռնելու մասին, որով Հայաստանից պահանջելու էին Արցախի փոխարեն հանդես չգալ որպես բանակցային կողմ, ԼՂՀ վարչապետն ասաց. «Արցախցին համոզված է, որ առանց արցախցու ոչ մի լուծում հնարավոր չէ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, եւ ցանկացած համագործակցության հնարավորություն, որը բերելու է Հայաստանի տնտեսական աճին, մենք ողջունում ենք, եւ Արցախը չպիտի դառնա Հայաստանի տնտեսության զարգացման համար խոչընդոտ, բայց նաեւ համոզված ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից չի լինելու որոշում, որը Արցախի ժողովրդի կամքին հակառակ է լինելու»:
Ի դեպ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հուսնուցը, «ճանապարհային քարտեզի» մասին ներկայացնելով արցախցիների տրամադրվածությունը, ասաց. «Ճիշտն ասած, Ղարաբաղում այդքան լուրջ չեն վերաբերում այդ փաստաթղթին»: