Հանրապետականների նախընտրական ծրագրին ծանոթանալով՝ հարց է ծագում՝ արդյոք այս կուսակցությունը հնարավորություն չի՞ ունեցել անցած տարիներին լուծելու այն խնդիրները, որոնք այժմ թվարկում է:
Այն ծրագիրը, որով ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում ներկայացել է երեւանցիներին՝ առանձնապես ծավալուն չէ, կազմում է շուրջ 5 էջ: Ծրագրի նախաբանում դրվատանքով է նշված վերջին տարիներին Երեւանի զարգացման տեմպերի մասին, եւ առանձնացված է մասնավորապես իրականացված շինարարությունը. «Սակայն մենք դեռ հեռու ենք յուրաքանչյուր երեւանցու, նրա ընտանիքի համար առավել բարեկեցիկ պայմաններով քաղաք ունենալուց, ինչը մեր գերագույն նպատակն է»: Եվ առանձին ենթավերնագրերով նշված են առկա խնդիրները, որոնցից առաջինն աղբահանությունն է: Երեւանը մաքուր քաղաք դարձնելու համար ՀՀԿ-ն նախատեսում է իրականացնել համալիր ծրագիր, որը ներառում է ինչպես կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցումը, այնպես էլ՝ «ձեռք բերել աղբահան, փողոցները մաքրող ու լվացող, ձնահավաք նոր մեքենաներ»: Բացի այդ՝ մտադիր են բոլոր փողոցներում տեղադրել աղբարկղեր:
Որպես Երեւանի մի կարեւոր խնդիր նշված է նաեւ բնապահպանությունը եւ արձանագրված է. «Ներկայումս մեկ բնակչին հասնող կանաչ տարածքների ընդհանուր ցուցանիշը բավարար չէ քաղաքի բնակչության հանգստի եւ մաքուր, թթվածնով հարուստ օդի ապահովման համար»: Թե ում գործունեության հետեւանքն է սա՝ անդրադարձ չկա ծրագրում: Սակայն ՀՀԿ-ն այժմ ծրագրում է ստեղծել կանաչ գոտիների կառավարման միասնական համակարգ, «վերականգնել եւ ընդլայնել զբոսայգիները, այգիներն ու պուրակները, վերագործարկել ջրավազանները, շատրվանները, ջրային մյուս կառույցները»:
ՀՀԿ նախընտրական ծրագրում ներառված է մի խոստում, որի կատարումը, թվում է, անմիջականորեն չի բխում Երեւանի քաղաքապետի եւ ավագանու լիազորություններից, սակայն ակնհայտ է, որ չափազանց գրավիչ է ընտրողների համար. «Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Երեւանի բնակչության զբաղվածության խնդիրը: Քաղաքի զարգացման ծրագրերը կնպաստեն երեւանցիների համար նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատանքային քաղաքակիրթ պայմանների ապահովմանը»: ՀՀԿ-ն նախատեսում է կառավարության աջակցությամբ մշակել եւ իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը. «Ապահովել համայնքի ենթակայության տակ գտնվող գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքը ողջ հզորությամբ, բարենպաստ պայմաններ ստեղծել մանր ու միջին բիզնեսի զարգացման համար, ապահովել պայմաններ՝ Երեւանը ներդրումների համար առավել գրավիչ քաղաք դարձնելու ուղղությամբ»: Դարձյալ ընդգծենք, որ սրանք առավել ՀՀ կառավարության լիազորություններին առնչվող խնդիրներ են:
Ծրագրի մի ենթաբաժին էլ վերաբերում է Երեւանի բարեկարգմանը, ըստ որի՝ մասնավորապես նախատեսվում է նորոգել փողոցները, կառուցել անցումներ, «լուծում տալ քանդման ենթակա եւ վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին»: Նաեւ խոստում է արձանագրված վերելակները վերանորոգելու եւ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը հիմնանորոգելու եւ ընդլայնելու վերաբերյալ:
Երեւանում կարգուկանոն հաստատելու, բնակիչների անվտանգությունն ու անդորրը ապահովելու համար ՀՀԿ-ն մասնավորապես ծրագրում է. «Խիստ պայքար ծավալել ապօրինի շինարարության, քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղման դեմ, կանոնակարգել մայրաքաղաքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի եւ սպասարկման այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատանքները, խիստ վերահսկողություն սահմանել գիշերային ակումբների եւ բացօթյա սրճարանների գործունեության նկատմամբ»: Ավելորդ է հիշեցնել, որ այդ սրճարանների սեփականատերերի մեծամասնությունը հենց իշխանական գործիչներ են: Իշխող կուսակցության ծրագրում առանց որեւէ բարդույթի, թե այս գնահատականները վերաբերում են նաեւ իրենց գործունեությանը՝ արձանագրված է. «Երեւանի անկանոն առօրյան այսօր դժգոհություն է առաջացնում քաղաքի բնակիչների մոտ»:
Այնուամենայնիվ, խոստանում են, թե ավագանու ընտրություններում հաղթանակի դեպքում կփորձեն առավել հարմարավետ դարձնել երեւանցիների կենցաղը: Եվ այդ նպատակով կհամալրեն քաղաքի ավտոբուսային եւ տրոլեյբուսային պարկը, աստիճանաբար կկրճատեն միկրոավտոբուսների քանակը եւ այլն: Չգիտես ինչու՝ «առեւտրի եւ սպասարկման ոլորտ» ենթաբաժնում է նշված, թե բարձրացնելու են թափառող կենդանիների դեմ պայքարի արդյունավետությունը:
Ծրագրի առողջապահության եւ սոցիալական ապահովության ենթաբաժնում էլի բազմաթիվ են խոստումները, որոնց իրականացումը թերեւս միայն Երեւանի ավագանու ուժից վեր է: Այսպես՝ նշել են. «Օժանդակել բնակչությանը պետական պատվերի շրջանակներում տրամադրվող առաջնային բուժօգնության ու ծառայությունների որակի բարձրացմանը, որակյալ եւ մատչելի դարձնել մայրաքաղաքի բուժհիմնարկներում մասնագիտացված բուժօգնությունը», նաեւ օժանդակել ընտանեկան բժշկության զարգացմանը եւ ընտանեկան բժիշկների կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնմանը:
Որպես ամփոփում՝ մեջբերենք ծրագրի «Երեւանը ավանդույթների եւ ապագայի քաղաք» հատվածից. «Երեւանը միշտ հայտնի է եղել իրեն բնորոշ կոլորիտով: Քաղաքում իշխել է բարձր տրամադրությունը, մշակութային նրբաճաշակ միջոցառումների եւ բացօթյա մեծ տոնախմբությունների ոգին: Մարդկային հարաբերությունները եղել են անկաշկանդ, բարի եւ անկեղծ: Ժամանակն է համատեղ ջանքերով վերականգնել հին ու բարի ավանդույթների Երեւանը: Ժամանակն է նաեւ կառուցել ապագայի Երեւանը»: Այս նպատակներին հասնելու համար ՀՀԿ-ն մասնավորապես ծրագրում է կազմակերպել ազգային, պետական ու քաղաքային տոնախմբություններ, մշակութային, սպորտային, երիտասարդական միջոցառումներ ու փառատոներ, «կազմակերպել բնակչության ակտիվ հանգիստը, բնակչության շրջանում արմատավորել առողջ ապրելակերպը»: Ըստ այդմ՝ տեսարանների պակաս չի լինի:
Սակայն արդյոք Երեւանում բարձր տրամադրությունը եւ մարդկային հարաբերությունները վերականգնելու համար պարտադի՞ր չէ, որ վերացվեն այն սահմանափակումները, որոնք գործում են քաղաքի առանձին հատվածներում զբոսնելու, զրուցելու կապակցությամբ: Արդյոք կառուցվելիք ապագայի Երեւանում է՞լ են լինելու փողոցներ, որտեղ կանգնել չի կարելի, այլապես կարժանանաս իրավապահների, լավագույն դեպքում՝ նկատողությանը: Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետը, մեղմ ասած, փոքր դերակատարություն չունի այս կապակցությամբ: Սակայն ՀՀԿ ծրագրում չկա եւ ոչ մի տող, որ կվերաբերեր այս խնդիրներին: