ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որը Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը վերնագրել է. «Առաջին դրական ազդանշանները հուսով ենք՝ կհանգեցնեն համաներման»: Ըստ հայտարարության՝ «Թեեւ դեռ վաղ է Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխման ազդեցության ամբողջական գնահատականը տալու համար՝ ակնհայտ են առաջին ազդանշանները, որոնք լավատեսության հիմք են տալիս»: Երկու համազեկուցողները հատկապես գոհունակությամբ են արձանագրել այն փաստը, որ դատախազությունը հրաժարվեց պետական իշխանության զավթման եւ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպման վերաբերյալ «խնդրահարույց մեղադրանքներից» ընդդիմադիր 7 գործիչների նկատմամբ: «Սա հաստատում է մեր տեսակետը, թե 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունները չեն կարող դիտարկվել իբրեւ իշխանության հեղաշրջման փորձ: Սա, հուսով ենք, կնպաստի՝ նվազեցնելու քաղաքական հակասությունները, որոնք ծագել են այս դատական գործերի, ինչպես նաեւ 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննության շուրջ»,- ասված է հայտարարության մեջ: Համազեկուցողներն ընդգծել են, որ այժմ դատարանի խնդիրն է ապացուցելը՝ արդյոք հիմնավո՞ր է առաջադրված նոր՝ ՔՕ 225-1 հոդվածով մեղադրանքը, թե այդ 7 գործիչները կազմակերպել են զանգվածային անկարգություններ: Այս կապակցությամբ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը ողջունել են իրենց ստացած տեղեկությունը, թե այդ գործերի քննությունն ընթանում է ամբողջ թափով եւ ակնկալվում է, որ կավարտվի մոտ ապագայում. «Բոլորի շահերից է բխում, որ այս ամենը եզրափակվի հնարավորինս արագ»: Սակայն նրանք կրկին ընդգծել են ԵԽԽՎ պահանջը, թե պետք է ազատ արձակվեն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ կալանավորված այն բոլոր անձինք, ովքեր անձնապես չեն կատարել ծանր հանցագործություններ. «Մեր հաստատ համոզմունքն է, որ այդ մարդկանց շարունակվող ազատազրկումը ձախողում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ իմաստալից երկխոսության հնարավորությունը եւ ի վերջո՝ Հայաստանի քաղաքական կյանքի կարգավորումը: Ուստի հատկապես դատական գործերի քննության ավարտի կապակցությամբ՝ մենք հուսով ենք, որ իշխանությունները վերստին կքննարկեն մեր առաջարկը համաներում հայտարարելու վերաբերյալ»: