Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արցախյան ազատամարտի մասնակից եւ «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունը: Նրա գործով անցնում են 27 վկաներ, որոնցից 6-ը ոստիկանության աշխատակիցներ են: Երեկ հարցաքննվել են 4 վկաներ, այդ թվում՝ 2-ը ոստիկանության Արաբկիրի, մյուս երկուսը՝ Մալաթիայի բաժիններից: Արաբկիրի ոստիկանության բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ Մհեր Մխիթարյանը հայտարարել է, որ մարտի 1-ին ԱԺ պատգամավորի ձեռքին ինքը թեեւ ոչինչ չի տեսել, բայց նրա հետեւում եղել են մարդիկ, որոնց ձեռքին ձող կամ փայտեր են եղել, ու քանի որ լուսավորությունը վատ է եղել, ինքը կոնկրետ չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է եղել նրանց ձեռքին:
Վկա Արմենակ Մկրտչյանն էլ պնդել է, թե մանրամասն չի հիշում նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները, որովհետեւ երկար ժամանակ է անցել: Ուստի՝ նա չի կարողացել նշել նաեւ ստույգ օրը, թե երբ է տեսել Հ. Հակոբյանին: «Ա1+»-ի մատուցմամբ, այս վկան նշել է, որ իրենց հրահանգված է եղել մարդկանց դուրս բերել Օպերայի հրապարակից: Նրա ասելով, Հ. Հակոբյանի հետեւում կանգնած մարդկանց ձեռքերին փայտե ձողեր են եղել, սակայն ոստիկանների ուղղությամբ նետված ձողերը չի կարող ասել՝ նրա՞նց կողմից էր, թե՞ ուրիշների, իսկ պատգամավորին նա վերջին անգամ տեսել էր մարտի 1-ի առավոտյան: Մնացած երկու ոստիկանները նշել են, որ Հ. Հակոբյանը իրենց հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն թույլ չի տվել եւ իրենց տեսադաշտում եղել է 1-2 րոպե: Հ. Հակոբյանի գործով մյուս վկաների հարցաքննությունը կշարունակվի այսօր:
Իսկ մինչ այդ՝ երեկ, «Առավոտի» տեղեկություններով, ոստիկանի համազգեստով եւ ավտոմատներով զինված մի քանի տասնյակ մարդիկ ներխուժել են Հ. Հակոբյանի գործով մի քանի վկաների տուն եւ սպառնացել նրանց: Սպառնալիքի բովանդակությունը եղել է այն, որ նրանք չփորձեն դատավարության ժամանակ «խաղեր տալ» եւ ինչ-որ բան «էնպես չասել»: Այն մարդիկ, ում տուն այցելել էին անկոչ հյուրերը, հրաժարվել են իրենց անունները հայտնել՝ ասելով, թե իրենց ողջ ընտանիքներն ահաբեկված են:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունների՝ ի դեմս ոստիկանության աշխատակիցների կողմից մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում ամբաստանվող քաղկալանավորների գործերով անցնող վկաները ահաբեկվում են: Այդպիսի փաստ երեկ արձանագրվել է նաեւ ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Սասուն Միքայելյանի գործով: Երեկ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանում վկաներից մեկը՝ Յաշա Մելքոնյանն է դատարանում նման ակնարկ արել: Նախօրեին նրա տղայի դեմ գործ է հարուցվել ժամանակին, իբր, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:
Վկաներին հայրենի իշխանությունները սկսել են ահաբեկել, որովհետեւ «Յոթի» գործով անցնող դատաքննությունների ընթացքում մեղադրող կողմի համար պարզ դարձավ, որ վկաները իրենց հակասական ցուցմունքներով կամ իրենց ցուցմունքներից հրաժարվելով տապալում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մի քանի ամսվա աշխատանքը, եւ քաղկալանավորներին առաջադրված մեղադրանքները նրանց շնորհիվ փլուզվում են: