Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ընտրությունից մի ահաբեկվեք

Մայիս 06,2009 00:00

Հորդորեց ՀՀ առաջին նախագահը

Երեկ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նորք-Մարաշի բնակիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ այդ համայնքում բնակված ազատամարտիկ, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհ դարձած Արմենակ Արմենակյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Մինչեւ հանդիպման մեկնարկը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ եկեղեցի, ծաղկեպսակ դրեց նաեւ եկեղեցու բակում տեղադրված Արմենակ Արմենակյանի հուշաքարին, հետո զրուցեց համայնքի բնակիչների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Հանդիպման առաջին ելույթը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանինն էր, որը չհամաձայնեց Կոնգրեսի հասցեին հնչող այն մեղադրանքների հետ, թե՝ առաջիկա ընտրությունների համատեքստում քաղաքի խնդիրների մասին չի խոսվում: Ուստի՝ նա իր ելույթը հիմնականում նվիրեց մասնավորապես Նորք-Մարաշ համայնքի զարգացման ու կուտակված խնդիրներին: Խոսեց հասարակական տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու, ճոպանուղին վերանորոգելու եւ արդիականացնելու, համայնքի ոռոգման եւ խմելու ջրի մատակարարումը կարգավորելու, նաեւ «իշխանությունների փնթի եւ անօրինական աշխատանքի» արդյունքում սեփականություն հանդիսացող տների համար սեփականության վկայականներ տալու՝ մարդկանց սեփականությունը պատշաճ ձեւով ձեւակերպելու գործընթացը շատ արագ կազմակերպելու, համայնքում մթերքի հարմարավետ շուկա ստեղծելու վերաբերյալ ՀԱԿ-ի ունեցած ծրագրերի մասին:

Նորք-Մարաշում էլ ՀԱԿ ներկայացուցիչները կարեւորեցին առաջիկա ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը՝ վստահ լինելով, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել ընտրությունները կեղծելու հեռանկարից: Սրան անդրադարձավ նաեւ ՀՀ առաջին նախագահը, որն ասաց, թե ընտրությունը ժողովրդի համար պետք է տոն լինի, որին պետք է գնալ երգ ու պարով. «Ժողովուրդը կարող է ահաբեկվել չար իշխանությունների, ոստիկանների, հարկահանների, կաշառակեր դասախոսների կողմից, բայց քվեարկելուց չպետք է ահաբեկվի: Պետությունը ամենազոր չէ: Եթե դուք գնում եք տեղամաս, քվեարկում եք, ձեզ բոլորիդ ահաբեկել հնարավոր չէ: Ամենաբռնակալ իշխանություններն անգամ քվեարկության օրը ժողովրդի, քվեարկողի դեմ որեւէ բռնություն չեն կարող իրագործել: Բռնություն գործադրում են ակտիվիստների նկատմամբ, մեր նկատմամբ: Թող անեն, մենք դրան սովոր ենք: Մեր տղաներն այսօր բանտերում են եւ շարունակում են իրենց պայքարը: Իսկ քվեարկության տերը ժողովուրդն ինքն է: Երբեք մի մտածեք, որ ձեր ձայնի համար ձեզ կարող են հալածել: Բացարձակապես այդպիսի բան չի կարող լինել: Քարոզելու համար՝ այո, ակտիվություն ցուցաբերելու համար՝ այո, բայց ո՛չ քվեարկելու համար: Ինչին եմ ուզում հանգել: Այսօրվա մեր խնդիրը ժողովրդի ակտիվությունը ապահովելն է ընտրությունների գործում: Ես ուզում եմ դառնությամբ ասել, որ չնայած այդ ահավոր կեղծումներին, հսկայական բռնություններին, որ գործադրվեցին նախորդ ընտրություններում, բայց պետք է ընդունել, որ մեր ժողովրդի զգալի մասը նաեւ անտարբեր է, պարզապես չի մասնակցում ընտրություններին, բայց հետո բողոքում է, թե ինչու այսպիսի վատ իշխանություն ունենք, որ իրենց դեմ անարդարություններ են լինում՝ չգիտակցելով, որ ընտրություններին չմասնակցելով իրենք էլ են պատասխանատու այսպիսի իշխանությունների համար: Թող ժողովրդի 80 տոկոսը մասնակցի ընտրություններին, եւ ոչ մի Ռոբերտ Քոչարյան, ոչ մի Սերժ Սարգսյան չի կարող հաղթանակ տանել այդ ընտրություններում: Եկեք մեր մեղքը ուրիշների վրա չբարդենք»: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ շեշտեց, որ ընտրությունները ընդամենը վատ իշխանություն փոխելու ճանապարհ են, եւ առաջիկա ընտրություններն էլ ընդդիմության ծրագրերի միայն առաջին քայլն է երկրում օրինականություն հաստատելու ճանապարհին:

Երեկվա հանրահավաքին հաջորդած երթը բազմամարդ էր, եւ այն տեղի ունեցավ ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ լոկալ բախմամբ, որն ուղեկցվեց ոստիկանների կողմից ոչ միայն ընդդիմության ակտիվիստներին, այլեւ լրագրողներին քաշքշելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել