Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«ՓԱՍՏԱՀԱՎԱՔ»՝ ԿԱՊՈՒՏ

Մայիս 06,2009 00:00

Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը ժամանակավորապես (՞) դադարեցնում է իր գործունեությունը:

«Ապրիլի 4-ին, առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու, «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի երեք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանական կոալիցիայի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, փաստորեն դադարեցրել են իրենց աշխատանքները փաստահավաք խմբում, ինչպես իրենք են հայտարարել՝ ժամանակավորապես»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ընդ որում, պարոն Զուրաբյանի ասելով, դա կատարվել է փաստահավաք խմբի ձեւավորման մասին ՀՀ նախագահի կարգադրության խախտումով: Բանն այն է, որ եթե, ինչպես հիշյալ անձինք են պնդում, խոսքը արձակուրդ գնալու մասին է, ապա նման բան սույն կարգադրությամբ նախատեսված չէ:

Մեր հարցին, թե արդյոք փաստահավաք խմբի առաջին զեկույցը, որը վերաբերում էր ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին, ստորագրվե՞լ էր այս խմբի բոլոր անդամների, այդ թվում նաեւ՝ «արձակուրդի» մեկնած անդամների կողմից, ՀԱԿ ներկայացուցիչը պարզաբանեց. «Մեր տեղեկություններով, այդ զեկույցը հաստատվել է խմբի ձեւավորման մասին կարգադրության համաձայն եւ առնվազն երեք անդամների քվեարկությամբ: Դա նշանակում է, որ խմբի 5 անդամներից առնվազն երեքը, այդ թվում՝ խմբում աշխատանքը ժամանակավորապես դադարեցրած անդամներից եւս մեկը, քվեարկել է այդ զեկույցի օգտին»:

Բայց, ինչպես պարզվում է, սրանով խմբի գործունեությունը սաբոտաժի ենթարկելը չի ավարտվում: Լ. Զուրաբյանի փոխանցմամբ, խմբում ՀԱԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչների աշխատանքը փաստացի դեռեւս շարունակվում է, թեեւ նրանց առաջ էլ են արդեն խոչընդոտներ հարուցվել: «Երեկ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներ Անդրանիկ Քոչարյանին եւ Սեդա Սաֆարյանին անգամ թույլ չի տրվել մտնել ԱԺ տարածք, որտեղ տեղակայված են նրանց աշխատասենյակները»,- արձանագրեց Լ. Զուրաբյանը: Ի դեպ, այս ամենի վերաբերյալ երեկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրադարձությունների այսպիսի զարգացումը ուղղակի կամ անուղղակի կապ ունի՞ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ երեկ տարածած մեծածավալ հայտարարության հետ, որով վերջինս խմբի հիշյալ զեկույցը գնահատել էր որպես «փաստերի աղավաղում», եւ մտահոգություն էր հայտնել ոչ միայն խմբի կողմից իր լիազորությունների գերազանցման, այլեւ՝ գործունեության գաղտնիությունը խախտելու եւ զեկույցի արտահոսքի վերաբերյալ: «Սկսենք հենց նրանից, որ ՀՔԾ-ն նորից ցույց է տալիս իր արհամարհանքը օրենքի նկատմամբ: ՀՔԾ-ն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ եւ գնահատականներ տալ ու առարկություններ ներկայացնել որեւէ փաստաթղթի: Դա նրա գործառույթների մեջ չի մտնում: ՀՀ Սահմանադրությամբ՝ որեւէ պաշտոնյա իրավասու է գործունեություն ծավալել, եթե ինքը դրա համար լիազորված է օրենքով: ՀՔԾ-ն նման լիազորություն չունի: Փաստահավաք խումբը ստեղծված է հենց նրա համար, որ զբաղվի փաստեր հայթայթելով եւ գնահատելով, ինչը եւ արել է: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք գործում են ոչ թե որպես իրավական, այլ՝ քաղաքական մարմին, եւ դրա համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Էլ չեմ ասում, որ անցած ամիսներին այդ մարմինը, օրենքը խախտելով, զբաղված է եղել հանցագործության պարտակմամբ եւ ընդդիմության նկատմամբ շինծու մեղադրանքներ ստեղծելով»,- կարծիք հայտնեց ՀԱԿ համակարգողը:

Իսկ արդյոք չպիտի՞ լիներ մի մարմին, որը պարզաբանումներ տար արդեն հանրության քննարկման առարկա դարձած այդ զեկույցի առնչությամբ, եթե նախաքննական մարմինը գտնում է, որ այդ փաստաթղթում արտացոլված տեղեկությունները, իր կարծիքով, աղավաղված կամ ոչ ճիշտ են: «ՀՔԾ-ն չէ, որ իրավունք ուներ դրան արձագանքելու: Նրանք ոչ մի նման իրավունք չունեն: Փաստահավաք խումբը տվել է գնահատականներ քննչական ծառայության գործունեությանը եւ դա արել է համակողմանի ուսումնասիրության արդյունքում: Դա նույնն է, թե դատախազությունը փորձեր գնահատել դատարանի կայացրած դատավճիռը»,- պարզաբանեց Լ. Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է խմբի աշխատանքների «ժամանակավոր դադարի» թերեւս պատճառ դարձած խմբի զեկույցի «արտահոսքին», ապա Լ. Զուրաբյանն ասաց, թե չգիտի՝ ինչը ինչի արդյունք է. «Փաստը մնում է փաստ, որ մենք գործում ենք կարգադրության շրջանակներում, իսկ իշխանությունը փորձում է վիժեցնել հենց իր իսկ կարգադրությունը»: Իսկ արդյոք ՀՀ նախագահի կարգադրության խախտում չէ՞ խմբի զեկույցի գաղտնազերծումը: Ի պատասխան մեր այս հարցին, պարոն Զուրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ով է խախտել այդ կարգադրությունը: Եթե կոնկրետ պատասխանատուներ կան դրա համար՝ նրանք թող պատժվեն: Բայց մեկ այլ հարց էլ կա: Համաձայն կարգադրության, խումբը ինչ-որ նյութեր փոխանցել է Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին, եւ այդ հանձնաժողովը, որը պարտավոր է հրապարակայնորեն քննարկել իր ձեռք բերած բոլոր փաստերը, ըստ էության, չի հրապարակել կամ դա արել է արտահոսքի ձեւով: Բայց դա արդարացում լինել չի կարող, որովհետեւ նա դա պիտի աներ պաշտոնապես եւ հրապարակայնորեն: Եթե նա դա չի արել, նշանակում է, որ Նիկոյանը կամ փորձել է կոծկել ստացված նյութերը, կամ խիզախություն չի ունեցել դրանք բացահայտորեն հրապարակել»:

Փաստահավաք խումբը, թերեւս, այն միակ եզրն էր, որտեղ այսօր ՀԱԿ-ն ու «Ժառանգություն» կուսակցությունը առավել սերտորեն համագործակցում էին եւ մշտապես հանդես էին գալիս համատեղ հայտարարություններով: Լ. Զուրաբյանը չհամաձայնեց մեր դիտարկման մեջ մատնանշված «միակ» ձեւակերպման հետ: «Ես չեմ կարծում, թե մեր եւ «Ժառանգության» համագործակցությունը սպառվում է փաստահավաք խմբի շուրջ համագործակցությամբ: Իրականում մենք շատ լավ համագործակցում ենք բազմաթիվ այլ հարցերում: Երեկ Արաբկիր համայնքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլ մենք մեր շնորհակալությունը հայտնեցինք «Ժառանգությանը» այդ համայնքում ընտրությունների այս փուլում նրանց կողմից համակողմանի աջակցության եւ համագործակցության համար: Մեր համագործակցությունը վերաբերում է եւ Երեւանի ավագանու ընտրություններին, եւ ԵԽԽՎ-ում ՀՀ կողմից պարտականությունների կատարման գործընթացը ներկայացնելու եւ այլն: Այլ բան է, որ դեռ տեղ կա այդ համագործակցությունը ծավալելու համար»:

Մայիսի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները հետայսու եւս փորձեն խոչընդոտներ հարուցել փաստահավաք խմբի առաջ, ՀԱԿ-ը ստիպված կլինի հրապարակել առայժմ այդ խմբին փոխանցված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում սադրանքներ հրահրած, խանութների թալանով եւ մեքենաների հրկիզմամբ զբաղված օլիգարխների եւ պաշտոնյաների անունները: Հնարավո՞ր է, որ խմբի գործունեության «ժամանակավոր» կասեցումը նպաստի այդ տեղեկությունների հրապարակմանը արդեն առաջիկա օրերին: «Ոչ: Թող ոչ ոք այս իրողությունը սխալ չհասկանա: Մենք պատրաստ ենք փաստահավաք խմբի միջոցով բացահայտել ողջ ճշմարտությունը «Մարտի 1»-ի վերաբերյալ: Բայց եթե մի օր պարզվի, որ իշխանությունները դա չեն անելու կամ խոչընդոտելու են դրան, եթե նման վերջնական եզրակացության մենք հանգենք, եթե փաստահավաք խմբի գործունեության համար ստեղծվեն անհաղթահարելի խոչընդոտներ, մենք դա կանենք: Հիմա մենք դեռ վերջնական գնահատական չունենք, որ ամեն ինչ արդեն ավարտված է, եւ միջոցները սպառված են: Շատ հնարավոր է, որ դա լինի: Եթե դա լինի, բոլոր փաստերը կհրապարակվեն: Իշխանությունները իրենք էլ պետք է շահագրգիռ լինեն, որ այս պրոցեսը համակողմանի լինի եւ շարունակվի իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել