Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ «ՍՏՎԵՐԻՑ»

Մայիս 05,2009 00:00

Չնայած հանրապետությունում ներկրման եւ իրացման ծավալների անկմանը, այս տարվա առաջատար խոշոր հարկատուները առեւտրի ոլորտի ընկերություններն են:

Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը թերեւս զարմացրել է առաջին հերթին հենց կոմիտեի պաշտոնյաներին: Անպտուղ հայտարարությունների փոխարեն, նրանք արդեն կարող են փաստերով խոսել ու բարձրաձայնել, որ խոշոր բիզնեսին ստվերից հանելու եւ հարկային դաշտ բերելու գործընթացն իրենց շնորհիվ ճիշտ ուղու վրա է: Բանն այն է, որ, ի տարբերություն նախորդ տարիներին հրապարակված հարկատուների ցուցակների, որոնց առաջին «շարքերում» սովորաբար լինում էին հանրային ծառայությունների ոլորտում գործող ընկերությունները, այս անգամ նրանց գերազանցել են ներկրող եւ արտահանող, այսինքն՝ առեւտրային բիզնեսով զբաղվող ընկերությունները:

Նշենք, որ, սկսած հունվար ամսից, մեր երկրում ապրանքաշրջանառության ծավալները անկում են ապրում, ինչն ուղղակիորեն կապված է բնակչության գնողունակության անկման հետ: Ամսեամիս նվազում են թե ներկրման եւ թե արտահանման ծավալները: Միայն տարեսկզբի առաջին երկու ամիսներին ներմուծումը կրճատվել է ավելի քան 20%-ով, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մոտ $100 միլիոնի պակաս ապրանք է ներկրվել Հայաստան: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այս ոլորտում վիճակն առավել անմխիթար է: Եթե նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին մեր երկրից արտահանվել է շուրջ $150 միլիոնի ապրանք, ապա այս տարի այդ ծավալները կրճատվել են 50%-ով: Սակայն պարզվում է, որ առեւտրի ծավալների անկումը այդ բիզնեսով զբաղվող ընկերությունների վրա բացասական չի անդրադարձել: Ավելին, նրանց մեծ մասը ավելացրել է պետբյուջե վճարած հարկերի ծավալները եւ դարձել խոշոր հարկատու: Այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում ամենաուշագրավն այն է, որ հանրապետության խոշոր հարկատուն պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է:

Նշենք, որ ընկերությունը զբաղվում է շաքարավազի եւ կարագի ներկրմամբ, մսամթերքի, սուրճի, ալկոհոլային խմիչքների եւ այլ ապրանքների արտադրությամբ, ինչպես նաեւ ընկերությանն է պատկանում «Երեւան Սիթի» խանութների ցանցը: Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում «Ալեքս Գրիգը» ընդամենը 18-րդ տեղում էր եւ պետբյուջե էր վճարել 631 մլն 934 հազար դրամ, ապա այս տարի հարկային վճարումներն ավելացրել է մոտ 5,5 անգամ եւ կազմել է 3 մլրդ 550 մլն 140 հազար դրամ:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր մասերում գտնվող «Երեւան Սիթի» ցանցի գրեթե բոլոր խանութներն էլ այս տարվա ընթացքում տուգանվել են կամ դրանց գործունեությունը մի քանի օրով դադարեցվել է՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար: Արդյունքում՝ այդ խանութներում վաճառողուհիները կտրոններ են տրամադրում անգամ 50 դրամի առեւտուր անելու դեպքում, ինչի հետեւանքով էլ այսօր, առեւտրի ծավալների կտրուկ անկման պայմաններում՝ ընկերությունը հնգապատկել է հարկերի ծավալները: Ս. Ալեքսանյանին պատկանող դեղագործական՝ «Նատալի Ֆարմ» ընկերությունը եւս, շնորհիվ դեղերի թանկացման եւ Պետեկամուտների կոմիտեի հետեւողական աշխատանքի, նախորդ տարվա 267 մլն դրամի փոխարեն, այս տարի վճարել է 385 մլն 244 հազար դրամ:

Ուշագրավ է, որ խոշոր հարկատուների ցուցակում է հայտնվել «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը, որը ոչ միայն զբաղվում է մի շարք ապրանքատեսակների ներկրմամբ եւ իրացմամբ, այլ նաեւ մսամթերքի, հացամթերքի, աղցանների եւ կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը, փոքրածավալ հարկերի պատճառով, չէր գրանցվել խոշորների ցանկում, այս տարի, սակայն, ընկերությունը հայտնվել է 120-րդ տեղում եւ վճարել է 109 մլն 370 հազար դրամ հարկ: Առեւտրի բնագավառում գործող մեկ այլ ընկերություն՝ «Սովռանոն», որը նախորդ տարի 60-րդ տեղում էր եւ մոտ 243 մլն դրամ հարկ էր վճարել, այս տարի վճարել է ավելի քան 446 մլն դրամ: Այս տարի ի հայտ են եկել նաեւ այլ առաջատարներ: Օրինակ, ալյուրի եւ ցորենի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկը՝ «Մանանա Գրեյնը» նախորդ տարվա 268 մլն 227 հազար դրամի փոխարեն, այս տարի վճարել է մոտ 100 մլն դրամով ավելի հարկ, իսկ նույն բիզնեսով զբաղվող ու նաեւ քաղցրավենիքի սեփական արտադրություն ունեցող մեկ այլ ընկերություն՝ «Մանչո Գրուպը», նախորդ տարվա առաջին եռամսյակի ընդամենը 81 մլն 516 հազար դրամի փոխարեն, այս տարի վճարել է ավելի քան 177 մլն դրամ: Դատելով վճարած հարկերի ծավալների նվազեցումից, կարելի է ենթադրել, որ լավ չեն ընթանում ծխախոտ ներմուծող ընկերությունների գործերը: Այսպես, ոլորտի առաջատարներից մեկը՝ «Ավերս» ընկերությունը, նախորդ տարի պետբյուջե էր մուծել 613 մլն 145 հազար դրամ, այս տարի գրեթե կիսով չափ պակասեցրել է հարկային վճարումները: Այն կազմել է մոտ 343 մլն դրամ:

Հարկային վճարումները պակասեցրել են նաեւ կապի ոլորտում գործող եւ սովորաբար հարկատուների ցանկի առաջատարը համարվող «Ղ-Տելեկոմ» եւ «ԱրմենՏել» ընկերությունները: Նախորդ տարվա առաջին եռամսյակի առաջատար «Ղ-Տելեկոմը» հայտնվել է 5-րդ հորիզոնականում եւ գրեթե 3 անգամ նվազեցրել է հարկերի ծավալները: Նախորդ տարվա 6 մլրդ 813 մլն դրամի փոխարեն, այս տարի ընկերությունը ընդամենը 2 մլրդ 55 մլն դրամ հարկ է վճարել: Մոտ 1 մլրդ դրամով պակաս հարկեր է վճարել նաեւ «ԱրմենՏելը»՝ նախորդ տարվա 3 մլրդ 681 մլն դրամի փոխարեն վճարելով 2 մլրդ 850 մլն դրամ: Հանրային ծառայությունների ոլորտի մյուս ընկերությունները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» եւ «ՀայՌուսգազարդը», եւս կիսով չափ նվազեցրել են հարկային վճարումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել