Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 02,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ վեցերորդ

 ԱՆԲՆԱԿԱՆ ՈՒ ԱՆԲԱՆԱԿԱՆ ՄԱՀԸ

 Եվ Երվանդը նորից Լեւոնի էջը բացեց, պատկառանքով նայեց Լեւոնի նկարին ու ասաց՝ «տանեմ կարդամ՝ էլի կբերեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չբերես. ես մի քանի անգամ կարդացել եմ», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «վեպդ էլ կկարդամ», եւ ես հարցրի՝ «հեչ չես կարդացե՞լ», եւ Երվանդն ասաց՝ «ինչքան ձեռքս ընկել ա՝ կարդացել եմ, բայց ամեն շաբաթ չի ստացվում «Առավոտ» առնեմ», եւ ես հարցրի՝ «ուզո՞ւմ ես հատորները տամ՝ գրքով կարդաս», եւ Երվանդն ասաց՝ «ո՞նց չեմ ուզի», եւ ես դարակիցս չորս հատորներս հանելով՝ առաջինի անվանաթերթին մակագրեցի՝ «Երվանդին՝ նորանոր խնձորների ակնկալիքով», եւ Երվանդը մակագրությունս կարդալով՝ ժպտաց ու ասաց՝ «ոտի վրա ստեղծագործում ես» եւ մեկ առ մեկ հատորներս զննելով ավելացրեց՝ «էս արդեն լրիվ լուրջ գործ ա», եւ ես համաձայնվելով ասացի՝ «հա», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «ծավալի իմաստով եմ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ ծավալի իմաստով ասում», եւ Երվանդը հատորներս զննելով զարմացած ասաց՝ «էսքանը ոնց էլ գրել ես», եւ ես ժպտալով ասացի՝ «հոնորարով գրվում ա», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենակ հոնորարով չի. պիտի գրելու նյութ էլ ունենաս», եւ ես ասացի՝ «գրելու նյութ միշտ էլ ճարվում ա», եւ Երվանդն ասաց՝ «թեմաները փողոցներում թափված չեն», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փողոցներում՝ չէ, բայց խնձորի այգիներում թափված են», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս խնձորների պատմությունը որ գրես՝ էրկուսս էլ խայտառակ ենք ըլնելու», եւ ես ժպտալով հարցրի՝ «ե՞ս խի պիտի խայտառակ ըլնեմ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ էս գողությունը միասին ենք կատարել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց արդեն երրորդ օրն ա՝ դու էս գողությունը կատարում ես. առաջին օրը Վարդանին էիր հետդ տարել, երկրորդ օրը՝ Լյուդվիգին, էսօր էլ՝ ինձ», եւ Երվանդը մեղավոր ժպտալով ասաց՝ «չգիտեի, որ էդ այգին Ալլայենց այգին ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «իսկը Ռեւազի ոչխարների պատմությունն ա», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս պատմությունը որ գրես, էրկուսս էլ հավասար ենք խայտառակ ըլնելու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես խայտառակվելու մենակ մի վարիանտ ունեմ», եւ Երվանդը հարցրեց՝ «ի՞նչ վարիանտ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «էս վեպս որ հանկարծ ընդհատվի ու չշարունակվի՝ իսկականից խայտառակ կըլնեմ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչքա՞ն ես մտադիր շարունակել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մինչեւ վերջ» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ», եւ Երվանդը պատկառանքով չորս հատորներիս նայելով հարցրեց՝ «չորսհատորանոց վեպ ուրիշ ո՞վ ա գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «շատերը», եւ Երվանդը հարցրեց՝ «օրինակ», եւ ես ասացի՝ «Շոլոխովը» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Ֆորսայթների պատմությունն էլ ա չորս հատոր», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հայերից ոչ ոք չի գրե՞լ», եւ ես ասացի՝ «գրել են», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա գրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Քրիստափոր Թափալցյանը», եւ Երվանդը զարմացած հարցրեց՝ «Քրիստափոր Թափալցյանն ո՞վ ա», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Թափալցյան Սիրուշի ամուսինն ա», եւ Երվանդն ավելի զարմացած հարցրեց՝ «Թափալցյան Սիրո՞ւշն ով ա», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ երկար պատմություն ա» եւ մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «որ մյուս անգամ խնձորի գողության գնանք՝ ճանապարհին կպատմեմ», եւ Երվանդը ժպտալով ասաց՝ «էլ ըտենց ղալաթ չեմ անի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «փաստորեն, Շոլոխովի ու էդ մյուսների վեպերի չափ արդեն գրել ես», եւ ես ժպտալով ասացի՝ «իրանցից շատ եմ գրել» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «համ էլ՝ իրանք արդեն գրել պրծել են, իսկ ես պրծնելու մտադրություն հեչ չունեմ», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հիմի ո՞ր հատորդ ես գրում», եւ ես ասացի՝ «թերթում վեցերորդն ա տպվում, բայց էսօր ութերորդն արդեն սկսել եմ գրել», եւ Երվանդը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էսօր պատմական օր ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «գողության իմաստով ա՞ պատմական», եւ Երվանդը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «համ գողության իմաստով, համ էլ՝ գրողության»:

Երվանդը գրքերն ու թերթերը վերցրեց ու գնաց, ու ես վերստին հիշեցի, որ էս ընթացքում Թափալցյան Սիրուշն արդեն հեռացել է կյանքից ու էդ մասին դեռեւս ձեզ չեմ իրազեկել, եւ չնայած Աբրահամյան Արամը Թափալցյան Սիրուշին տղամարդու խոսք էր տվել, որ Սիրուշի իննսունամյակին վերջինիս թերթի ամբողջ երկու էջ կտրամադրի, որպեսզի Սիրուշը լիուլի ու լիասիրտ ջարդուփշուր անի էս վեպս, բայց Սիրուշն ընդամենը երկուսուկես տարի չդիմացավ ու չհամբերեց ու չհասավ էդ երանելի օրվան եւ չնայած ութսունյոթուկես տարի ապրեց, այդուհանդերձ, իր մահը միանգամայն վաղաժամ կարելի է համարել՝ էն իմաստով, որ չդիմացավ, չհամբերեց ու չհասավ իր բաղձալի իննսունամյակին, բայց, մյուս կողմից, Թափալցյան Սիրուշի մահը միանգամայն երջանիկ մահ կարելի է համարել՝ էն իմաստով, որ ինքն ամբողջ ութսունյոթուկես տարի ապրելով՝ իր սիրասուն ու վաղամեռիկ կողակցի չորսհատորանոց ռեկորդը որեւէ հայորդու ձեռամբ խփված չտեսավ, որովհետեւ էդ ռեկորդն անձամբ իմ ձեռամբ խփված տեսնելը Սիրուշի համար իսկական ողբերգություն էր լինելու, քանի որ Սիրուշը ոչ միայն իր վաղամեռիկ կողակցի գրական ռեգիոնալ ռեկորդի վրա էր շարունակաբար դողում, այլեւ ինքը մեր ոսկեղենիկ լեզվի մշտական ու մշտարթուն պահապաններից էր ու մշտապես նեղվում ու նեղսրտում էր էս վեպիս փողոցային լեզվից, եւ երջանիկ մահը մշտարթուն Սիրուշին հավերժական քուն պարգեւեց էն պահին, երբ չորրորդ հատորս Վիլոյի տպարանից դուրս գալու վրա էր, իսկ «Առավոտում» արդեն վեցերորդս էր սկսվել. այսինքն, Սիրուշն արդեն որոշակիորեն զգում ու, ըստ ամենայնի, նաեւ գիտակցում էր, որ իր վաղամեռիկ կողակցի ռեգիոնալ ռեկորդը ոչ միայն հատորների քանակության առումով է խփվում, այլեւ՝ էջերի քանակության իմաստով, որովհետեւ Սիրուշն էն առաջիններից էր, ովքեր ամենայն խորությամբ զգացին ու հասկացան, որ էդ վեց հատորներով էլ չեմ բավարարվելու, եւ հետաքրքիրն էն է, որ էս ասածս խորությամբ զգացին ու հասկացան հատկապես նրանք, ովքեր էս վեպիցս ավելի են խրտնում, քան թուրքը՝ խոզի մսից, եւ էդ խրտնողներից շատերն արդեն երջանիկ մահով համբարձվել են, բայց սրանով ոչ թե ուզում եմ ակնարկել, թե՝ էս վեպիցս խրտնողներն իրար հետեւից ու իրար հերթ չտալով մեռնում են, այլ ընդամենն ուզում եմ ասել, որ էս վեպս իսկապես ահագին տարածություն ու ժամանակ է զբաղեցնում, եւ խրտնողներից հատկապես Սիրուշի՛ մահն ինձ որոշակիորեն ու խորապես վշտացրեց՝ ոչ միայն էն պատճառով, որ մի չափազանց հետեւողական ընթերցող կորցրի, այլեւ է՛ն պատճառով, որ իր մահով իմ ու իր միջեւ հեռակա ու ցանկալի մրցությունն ավարտվեց ու սպառվեց, եւ հիմա նոր եմ հասկանում, որ իմ ու իր էդ առողջ մրցությունն էր նաեւ ինձ ուժ ու եռանդ տվողը, եւ իր չար բախտից՝ իմ ու իր էդ հեռակա ու շարունակական մրցությունն ավարտվեց էն պահին՝ երբ այլեւս մրցակցությունից դուրս էի, ու հիմա, երբ արդեն իմ ձեռամբ անդառնալիորեն խփված են Սիրուշենց ու բոլորի ռեկորդները, մանրից սկսում եմ հասկանալ, որ ծավալապաշտական էս նպատակներիս ու նկրտումներիս վերջը եկել է, եւ արդեն հատուկենտ ընթերցողներիս զարմացնելու ու շշմեցնելու միանգամայն ա՛յլ ձեւեր պիտի փնտրեմ ու գտնեմ, ու էս անակնկալ վիճակս ու հոգեվիճակս կարելի է նաեւ ստեղծագործական ճգնաժամ անվանել, որովհետեւ Թափալցյանների ու բոլորի ծավալային նշաձողերը հաղթահարելուց հետո՝ հանկարծ անպաշտպանորեն մենմենակ մնացի գրականության ու հատուկենտ ընթերցողներիս դեմ, ինչպես նաեւ՝ Պետյայի շարունակաբար ու հետեւողականորեն մատակարարած էս անթերի, անաղարտ ու ճեփճերմակ թղթերի դեմ, ու էս ամենի դեմ մենմենակ ու անպաշտպան մնալով՝ պարտավոր եմ, այսուամենայնիվ, շարունակել էս սկսածս՝ ո՛չ միայն էն պատճառով, որ չեմ ուզում էս սկսածս Սիրուշի ու մյուսների մահերով ավարտել, այլեւ է՛ն պատճառով, որ բազում այլ կյանքեր ու մահեր էլ կան՝ որոնց դեռեւս չեմ անդրադարձել, իսկ ինչ վերաբերում է անձամբ Թափալցյան Սիրուշի հավերժական բացակայությանը, էդ գույժն ամիսուկես ուշացումով իմացա վերնիսաժում՝ Ջավախյանի դախլի արծաթեղենի տակ փռած «Գրական թերթից», եւ սեպտեմբերի էդ անձրեւոտ իրիկուն, երբ Ջավախյանն իր արծաթեղենն ու փասափուսեն հավաքում էր, ես հանկարծակի էդ «Գրական թերթի» վերջին էջին Թափալցյան Սիրուշի մահազդը տեսա ու, ըստ երեւույթին, գունատվեցի, որովհետեւ էդ պահին Ջավախյանն ինձ նայեց ու զարմացած հարցրեց՝ «էդ խի՞ գույնդ գցեցիր. կարող ա՞ էլի դեմդ հոդված են տպել», եւ ես միանգամայն ցնցված ու միանգամայն անտրամադիր պատասխանեցի ու ասացի՝ «չհասցրին»։

Մինչ էսպես ու էսքան ասում, խոսում, գրում ու գլուխ եմ գովում, էս ընթացքում շատերը Սիրուշի պես հրաժեշտ տվին երկրային կյանքին, ու էս վերջին հրաժեշտներից անձամբ ինձ համար ամենացնցողն Անդրանիկ Մարգարյանի հրաժեշտն էր, որովհետեւ իր մահից հետո միայն իր ամբողջական կերպարն ինձ համար ի հայտ եկավ՝ ոչ թե էն իմաստով, որ հայերս սովորաբար մեր ունեցածը հողին հանձնելուց հետո ենք հողին հանձնվածի արժեքն ու կարեւորությունը գիտակցում ու հասկանում, այլ էն իմաստով, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անակնկալ ու անժամանակ մահից հետո ինձ համար հանկարծակի հայտնի դարձավ, որ Մարգարյան Անդոյին ճանաչել եմ ոչ թե ընդամենը տասնհինգ տարի՝ Նավասարդյան Աշոտի ու Արշակյան Ազատի շնորհիվ, այլ ամբողջ երեսունհինգ տարի՝ ճակատագրի շնորհիվ ու կյանքի բերումով, ու էդ բանն ինձ համար անսպասելիորեն հայտնի դարձավ վարչապետի թաղման արարողության ժամանակ՝ պանթեոնում, եւ անձամբ իմ կյանքի ու կենսագրության էդ չափազանց էական մանրամասնության մասին ինձ իրազեկողն իմ հին ընկեր Ռուբիկն էր, որի հետ յոթանասուներկուսին ինստիտուտի արձակուրդիս շուրջ տասնհինգ օրերին Ղափանի Վահանավանքում պեղումների էի մասնակցել, եւ արդեն երեսունհինգ տարի էր՝ պեղումների էդ տասնհինգ օրերը մտապատկերիցս չէին ջնջվում, որովհետեւ յոթանասուներկուսի ամռան մեր էդ պեղումների հիմնական կորիզը Պոլիտեխնիկում սովորող իմ ընկեր Ռուբիկի չափազանց ուրախ ու չափազանց կենսախինդ համակուրսեցիներն էին, ու իրենց էդ ուրախ ու կենսախինդ խմբում միակ կողմնակիները Ռուբոյի եղբայր Աշոտն ու ես էինք, որ Ռուբիկի միջոցով ու Ռուբիկի շնորհիվ էինք Վահանավանքի շրջակա անտառում խփված վրաններում հայտնվել, եւ Ռուբիկին հիմա եմ Ռուբո ու Ռուբիկ ասում, մինչդեռ յոթանասուներկուսի էդ ամառ ինքը բոլորի ու նաեւ ինձ համար Կիբուռ էր, որովհետեւ ինքն ու իր համակուրսեցիները միմյանց անունները թարս՝ հետեւից կարդալով էին ասում ու հետեւից կարդալով՝ Ռուբիկին Կիբուռ էին ասում, Յուրային՝ Արույ եւ այլն, եւ մեր էդ պեղումների երկրորդ օրն արդեն Աշոտին սկսեցին Տոշա ասել ու ինձ՝ Նեմրա, եւ երբ երկու հազար յոթ թվականի մարտի քսանութին պանթեոնում վարչապետի թաղման արարողության ժամանակ Ռուբիկին տեսա, ճիշտն ասած՝ մի քիչ զարմացա ու հարցրի՝ «իրան ճանաչո՞ւմ էիր», եւ Ռուբոն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «դու չէիր ճանաչո՞ւմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռուբոն հարցրեց՝ «ուզում եմ ասեմ՝ վարչապետին անձամբ ճանաչո՞ւմ էիր», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով հարցրեց՝ «քանի՞ տարի կըլնի՝ որ իրան ճանաչում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի տասնհինգ տարի», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով հարցրեց՝ «հիշո՞ւմ ես՝ ոնց ես հետը ծանոթացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Աշոտ Նավասարդյանի կաբինետում ենք ծանոթացել. ինքը էն վախտ Աշոտի տեղակալն էր», եւ Ռուբոն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «լուրջ ե՞ս ասում, թե՞ հանաք ես անում», ու էդ պահին, հիշում եմ, Տիգրան Թորոսյանն ավարտեց իր մահախոսական ելույթը, եւ դուդուկահարներն սկսեցին նվագել, եւ ես Կիբուռին ասացի՝ «ըսենց օրով ի՞նչ հանաք», եւ Ռուբոն շշուկով ինձ հարցրեց՝ «Վահանավանքի մեր տղերքից հեչ ո՞ւմ ես հիշում», եւ ես ասացի՝ «քեզ, ախպորդ, Յուրային» եւ մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ղափանցի Ալվարոյին էլ եմ հիշում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «մյուս տղերքին էլ եմ հիշում, բայց անունները մոռացել եմ», եւ Ռուբոն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «Օդնային չես հիշո՞ւմ», եւ ես ասացի՝ «ո՞նց չեմ հիշում. նիհար, բոյով ու մորուքով տղա էր», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով ասաց՝ «լավ էլ հիշում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Օդնային հնարավոր չի մոռանալ» եւ մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «հիմի ինքը ի՞նչ ա անում», եւ Կիբուռը թախծոտ ինձ նայեց ու գերեզմանափոսը ցույց տալով ասաց՝ «թաղվում ա» եւ իր իսկ խոսքի վրա Կիբուռն ահավոր ցնցվեց ու մեկից սկսեց հեկեկալ, եւ երբ դուդուկները դադարեցին, Կիբուռի հեկեկոցը շարունակվում էր, եւ իր հեկեկոցի վրա մի քանիսը շրջվեցին ու նայեցին իրեն, եւ Ղարիբջանյան Գեղամն էլ շրջվեց ու ինձ տեսնելով շշնջաց՝ «բարեւ, իգդիրցի ջան», եւ ես Գեղամին հարցրի՝ «ո՞նց ես», եւ Գեղամը վարչապետի դագաղի կողմ նայելով ասաց՝ «ո՞նց պիտի ըլնենք», եւ ես ասացի՝ «մեր ախպերը գնաց», եւ Գեղամը հոգոց հանելով ասաց՝ «հա», եւ երբ փողային նվագախումբն ազդարարեց ամեն ինչի ավարտը, եւ մինչ փողայինի էդ ահավոր հնչյունների ուղեկցությամբ վարչապետին փոսը կիջեցնեին, ես մտքիս մեջ Օդնան ստուգաբանելով՝ Անդո ստացա, ու էդ պահին Կիբուռն ամբողջովին թրջված դեմքը թաշկինակով սրբելով ասաց՝ «գնանք՝ մեր ախպոր վրա էրկու բուռ հող լցնենք», եւ երբ մոտեցանք, տեսա, որ Ռուբոյի եղբայր Աշոտն ու Յուրան բահերով հող են լցնում, եւ ինձ տեսնելով՝ Յուրան հառաչելով ասաց՝ «բա, Արմեն ջան», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու ասացի՝ «հա», եւ Կիբուռն ինձ թախծոտ ժպտալով ասաց՝ «բա, Արմեն ջան», եւ երբ մի քանի բուռ հող լցրինք ու մի կողմ քաշվեցինք, Ռուբոն ինձ հարցրեց՝ «հիմա հիշեցի՞ր», եւ հանկարծ հեկեկոցս բռնեց ու հեկեկալով ասացի՝ «տղերքին չասես, որ իրան չէի հիշում», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով ասաց՝ «որ ասեմ էլ՝ չեն հավատա», եւ ես հեկեկալով ասացի՝ «հիմի նոր եմ հասկանում՝ ինչի էր ինձ հարազատի պես վերաբերվում», եւ Կիբուռն ասաց՝ «երեւի մտքով էլ չի անցել, որ իրան չես հիշում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հետներս չե՞ս գա», եւ ես հարցրի՝ «ո՞ւր», եւ Ռուբոն ասաց՝ «տղերքով մի տեղ կնստենք՝ մեր ախպոր օղորմաթասը կխմենք», եւ ես թաշկինակով դեմքս սրբելով ասացի՝ «ես արժանի չեմ», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով ասաց՝ «դու մեղավոր չես. ինքը արտաքինից շատ էր փոխվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց բնավորության իմաստով նույն Անդոն էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բնավորության իմաստով ավելի էր լավացել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա ինքը ե՞րբ ա քաղբանտարկյալ էղել», եւ Ռուբոն պատասխանեց ու ասաց՝ «ինստիտուտից հետո», եւ ես հարցրի՝ «իրա վարչապետության ընթացքում հեչ հանդիպե՞լ եք», եւ Ռուբոն ասաց՝ «մի անգամ իրա նախաձեռնությամբ կուրսով հավաքվել ենք» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «սպասում էինք, որ Ազգային ժողովի էս ընտրություններից պրծնի՝ մի հատ էլ հավաքվենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «երեւի էս անգամ քեզ էլ իմաց անեինք», եւ ես ասացի՝ «ինքը շատ ընկերասեր էր», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես, որ ընկերասեր էր», եւ ես տխուր ժպտալով ասացի՝ «երեսունհինգ տարի առաջ Վահանավանքում իրար հետ էրկու շաբաթ պեղումների ենք էղել» եւ մեր աջ կողմում կանգնած Անոյին ու մյուսներին ցույց տալով ավելացրի՝ «տես՝ իրա ընկերներն ու ընկերուհիները ոնց են մղկտում» եւ մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի սաղին էլ հասել ա», եւ Ռուբոն ասաց՝ «մեր կուրսեցիներից ով իրան որեւէ հարցով դիմել ա՝ օգնել ա», եւ ես ասացի՝ «դրա համար էլ թաղմանն էսքան շատ մարդ ա էկել», եւ Ռուբոն ասաց՝ «օպերայի մոտ սրանից մի քանի անգամ շատ ժողովուրդ կար, բայց ավտոբուսները չհերիքեցին, որ մարդիկ գային», եւ ես շուրջս նայելով ասացի՝ «սովորական ժողովուրդն ավելի շատ ա, քան՝ պաշտոնյաները», եւ Ռուբոն հարցրեց՝ «էդ քեզ բարեւողը պաշտոնյա չի՞», եւ ես հարցրի՝ «ո՞վ», եւ Ռուբոն ասաց՝ «Ղարիբջանյանը», եւ ես ասացի՝ «ինքը համ էլ իգդիրցի ա», եւ Ռուբոն ասաց՝ «դու էլ ես իգդիրցի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռուբոն ասաց՝ «նկարիչ Էդվարդ Իսաբեկյանն ա ասել», եւ ես զարմացած հարցրի՝ «քեզ ա՞ ասել», եւ Ռուբոն ասաց՝ «ռադիոյով քեզ գովաց ու ասեց, որ Իգդիրն ամեն տեսակ մարդ տվել էր, բայց բանաստեղծ չէր տվել», եւ ես ասացի՝ «բանաստեղծություն գրելը թարգել եմ», եւ Ռուբոն ասաց՝ «շատ իզուր», եւ ես ասացի՝ «Անդոն Իսաբեկյանին էլ ա օգնել. իրա նկարների ալբոմն Անդոյի հովանավորությամբ ա տպվել. շատ շքեղ ալբոմ ա», եւ Ռուբոն ասաց՝ «պապայի բանաստեղծությունների գիրքն էլ պիտի տպեինք», եւ ես հարցրի՝ «պապադ ժուռնալիստ չէ՞ր», եւ Կիբուռն ասաց՝ «ժուռնալիստ էր, բայց վախտին ահագին բանաստեղծություններ ա գրել», եւ ես ասացի՝ «հետաքրքիր ա», եւ Կիբուռն ասաց՝ «շատ հետաքրքիր բանաստեղծություններ են. որ կարդաս՝ հաստատ կհավանես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պապայի հիշատակի համար ուզում եմ իրա էդ բանաստեղծությունների գիրքը տպեմ», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ կանես», եւ Ռուբոն ասաց՝ «Անդոն խոստացել էր, որ կօգնի», եւ ես ասացի՝ «հաստատ կօգներ», եւ Կիբուռն ասաց՝ «մեր կուրսի էդ հավաքի վախտ խոստացավ», եւ ես ասացի՝ «ափսոս», եւ Կիբուռն ասաց՝ «էդ օրը քեզ էլ հիշեցինք», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ առիթով հիշեցիք», եւ Ռուբիկն ասաց՝ «պապայի բանաստեղծությունների էդ գրքի առիթով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Անդոն ասեց, որ մինչեւ տպելը տամ քեզ՝ մի հատ աչքի անցկացնես» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, ինքը քեզ հիշում էր, բայց դու իրան չէիր հիշում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Անդոյին միշտ էլ հիշել եմ. Օդնային էի մոռացել», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «մենակ դու էիր իրան Օդնա ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ էն վախտ մենակ ինքն էր ինձ Նեմրա ասում», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով ասաց՝ «ինձ մինչեւ վերջ էլ Կիբուռ էր ասում», եւ ես ասացի՝ «ձեր կուրսեցիք համարյա բոլորն իրար անունները թարս էին ասում», եւ Ռուբիկն ասաց՝ «առաջին կուրսում Յուրան ինձ Կիբուռ ասեց, ու էդ օրվանից սկսած՝ սովորություն դառավ», եւ ես ասացի՝ «վարչապետ դառնալուց առաջ Անդոյին հազար անգամ տեսել եմ, բայց ոչ մի անգամ Վահանավանքի մասին չի հիշացրել», եւ Կիբուռն ասաց՝ «երեւի մտքով չի անցել, որ մոռացած կըլնես», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «ախր ինքը շատ էր փոխվել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ մենք չենք փոխվել», եւ ես ասացի՝ «ոչ դու ես փոխվել, ոչ Յուրան, ոչ էլ՝ ախպերդ», եւ Ռուբոն ասաց՝ «դու էլ համարյա չես փոխվել», եւ ես ասացի՝ «բայց ինքը շատ էր փոխվել. յոթանասուներկու թվի էն նիհար ու բոյով Անդոն չէր», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «բայց էս Անդոն էն Անդոյին հեչ չէր զիջում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույն բարի ու կամեցող Անդոն էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ավելի էր բարիացել», եւ Ռուբոն ասաց՝ «ուրիշներին պաշտոնը փչացնում ա, բայց իրան հեչ չէր փոխել», եւ ես ասացի՝ «իրա պաշտոնն էլ հո սովորական պաշտոն չէր. փաստորեն, հանրապետության երկրորդ դեմքն էր», եւ Ռուբոն թախծոտ ժպտալով ասաց՝ «երկրորդ դեմքն էր, բայց առաջին ու իսկական դեմքը չփոխեց», եւ ես ասացի՝ «ինքը մինչեւ վարչապետ դառնալն էր փոխվել», եւ Ռուբոն ասաց՝ «էդ ասածդ ընդամենը արտաքին փոփոխություն էր», եւ ես ասացի՝ «ո՞ւմ մտքով կանցներ, որ ինքը Վահանավանքի Օդնան ա», եւ Կիբուռը թախծոտ ժպտալով ասաց՝ «մենակ դու էիր իրան Օդնա ասում», եւ ես ասացի՝ «մեկ-մեկ դու էլ էիր ասում», եւ Ռուբոն ասաց՝ «բայց դո՛ւ էդ անունն իրան կպցրիր», եւ ես ասացի՝ «ինքն էլ ինձ Նեմրա էր ասում», եւ Ռուբոն ասաց՝ «սաղս էլ իրար անունները թարս էինք ասում, բայց Անդոյին Օդնա չէինք ասում», եւ ես հարցրի՝ «խի՞ չէիք ասում», եւ Կիբուռը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ. էդ մասին ոչ մի անգամ չեմ մտածել» եւ մի քիչ էլ մտածեց ու հառաչելով ասաց՝ «սրանից հետո իրան ոչ Անդո պիտի ասենք, ոչ էլ՝ Օդնա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սրանից հետո իրան մենակ Վարչապետ պիտի ասենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ժողովուրդն իրան որպես Վարչապետ ա ընդունում ու ճանաչում», եւ ես ասացի՝ «հիմի նոր եմ հասկանում, որ ժողովուրդն իրան սիրում ա», եւ Կիբուռը հառաչելով ասաց՝ «գնա մեռի՝ արի սիրեմ», եւ ես ասացի՝ «Վահանավանքից հետո շատ էր փոխվել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք որ իրան միշտ տեսել ենք՝ մեր համար հեչ չէր փոխվել», եւ ես ասացի՝ «ես էլ եմ իրան միշտ տեսել, բայց՝ էս վերջին տասնհինգ տարիներին», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞նց ա, որ ոչ մի անգամ Վահանավանքի մասին չեք խոսացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինքը պիտի խոսար. ես որ չէի հիշում՝ ի՞նչ պիտի խոսայի», եւ Կիբուռը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա մտքով չէր կարա անցներ, որ Վահանավանքը մոռացել ես», եւ ես արդարանալով ասացի՝ «ոչ թե Վահանավանքն էի մոռացել, այլ՝ իրան»: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել