Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: Երեկ այդ առիթով Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանն ասաց. «Հայաստանյան մամուլում գերակշռում է զգացմունքային խոսքը, իսկ գիտակցական խոսքը գտնվում է սահմանափակված վիճակում»: Ըստ Խ. Մարոզյանի, գիտակցական խոսքը Հայաստանում ազատ չէ՝ երկու պատճառով. «Գիտակցական խոսքը իրադրության փոփոխություն կարող է բերել, սակայն ոչ բոլորն են պատրաստ դրան եւ չեն ուզում փոփոխություն: Գիտակցական խոսքը պատասխանատու խոսքն է, սակայն բոլորը չէ, որ ունեն մասնագիտական հմտություն եւ փորձ՝ կրել պատասխանատվություն: Գիտակցական խոսքը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ եւ լրացուցիչ աշխատանք, որը նույնպես մամուլի ոչ բոլոր ներկայացուցիչներն ունեն»: Ըստ Խ. Մարոզյանի՝ գիտակցական խոսքի սակավության արդյունքում մեծ տարածում է գտել զգացմունքային խոսքը. «Այն կառավարվում է զգացմունքային ազդակներով եւ չի ճանաչում էթիկայի ու ենթաստորադասության սահմաններ, չունի կոնկրետություն, նման է բամբասանքի, պատասխանատվություն չի առաջացնում, քանի որ չի կրում հիմնավոր փաստեր: Էմոցիոնալ խոսքը առաջացնում է ինքնաարդարացման զգացողություն, լղոզված է, ինչքան ձգես՝ կձգվի: Էմոցիոնալ խոսքը չունի իրադրությունը փոխելու ուժ, դրա համար անօգուտ է հասարակության համար: Հայաստանում ազատ մամուլը ժողովրդավարության զարգացման ներկա փուլում կերակրում է հասարակությանը ավելի շատ հույզերով եւ էմոցիայով, քան իրական արժեքներ կրող ազատ խոսքով»: