Որքան էլ մարզիկը տաղանդավոր լինի, մեծ սպորտում բարձր արդյունքների հասնելը մեծապես պայմանավորված է նրանով, թե ո՞վ է մարզիչը: Հաղթանակների, ձեռքբերումների առնվազն հիսուն տոկոսը մարզչինն է: Դա վերաբերում է թե՛ մենապայքարային, թե՛ խաղային մարզաձեւերին:
Մարզիչն անհատ մարզիկի երկրորդ ծնողն է, իսկ թիմի համար՝ ընտանիքի հայրը: Նրանք տարվա մեծ մասն իրար հետ են անցկացնում: Օրական մի քանի ժամանոց մարզումներ, շաբաթներ տեւող ուսումնամարզական հավաքներ: Հետո միասին մեկնում են մրցումների՝ ապրում տնից-տեղից կտրված: Այս ամենը տարվա ընթացքում կազմում է մոտ վեցից ութ ու ավելի ամիս:
Մարզիչը հարազատ ծնողի հետ միասին զբաղվում է իր սանի կամ սաների դաստիարակությամբ, հետեւում առողջությանը, աշխատում՝ որպեսզի երիտասարդ մարդը լինի կարգապահ, չուշանա մարզումներից, պահպանի ռեժիմը, սնվի ճիշտ, քնի ժամանակին: Իսկ արդեն մրցման ժամանակ, երբ գնահատվում է նրանց՝ տարիների համատեղ աշխատանքը, թերեւս, ոչ ոք նրա չափ չի հուզվում: Հաղթանակի դեպքում մարզիչն ամենաերջանիկ մարդն է աշխարհում, անհաջողության մատնվելիս՝ ամենադժբախտը:
Եվ այսքանից հետո անգամ մարզչություն անելն ամենաանշնորհակալ զբաղմունքն է: Հաճախ մի քանի ձախողումը, որից ոչ ոք չի կարող խուսափել, բավական է, որպեսզի նրան ղեկավարությունը ելքի դուռը ցույց տա: Համաշխարհային սպորտում նմանատիպ բազմաթիվ օրինակներ կան: Պատահական չէ, որ լուսանկարչական խցիկները շատ հաճախ բուն պայքարը թողած՝ հետեւում են մարզիչներին, ինչպես ներկայացվող լուսանկարներում: