Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՀԱՅ Է

Մայիս 02,2009 00:00

Ֆեթիյ Սեթինը 25 տարեկան էր, երբ առաջին անգամ բացահայտեց իր սիրելի տատի գաղտնիքը: Տատի իսկական անունը ոչ թե Սեհեր է եղել, այլ Հրանուշ…Գադարյան: Հայկական արմատներով թուրք իրավապաշտպան Ֆեթիյ Սեթինի մասին գրում է CNN-ի թղթակիցը: Սեթինը պատմում է, որ իր տատը 9 տարեկան է եղել, երբ թուրք ոստիկանապետը խլել է նրան իր ծնողներից, իսկ վերջիններիս քշել անապատ: Ավելի ուշ մի թուրք ընտանիք որդեգրել է հայ աղջկան եւ նրան կնքել մուսուլմանական անունով: Սեթինը ցնցվել է, երբ առաջին անգամ իմացել է տատի հայկական արմատների մասին. «Ես ինձ խաբված զգացի,- ասում է նա,- ուզում էի դուրս գալ փողոց ու բղավել՝ «ՆՐԱՆՔ ՍՏՈՒՄ ԵՆ ՄԵԶ»:

Տարիներ հետո Սեթինը «Իմ տատիկը» վերնագրով գիրք է գրել:

Գրքում նկարագրված են այն դաժանությունները, որոնց ականատես է եղել Սեթինի տատը եւ որոնց մասին նա մանկուց լռել է… պատմել է միայն խորը ծերության հասակում սիրելի թոռնուհուն՝ Սեթինին: Վերջինս իր գրքում նաեւ պատմում է, թե ինչպես է տատի մահից հետո մեկնել ԱՄՆ ու գտել իր հայ ընտանիքը:

Գիրքը, որը թարգմանվել է 6 լեզվով, ըստ CNN-ի թղթակցի, այսօր կօգնի Թուրքիայի ժողովրդին՝ վերանայել հայերի հետ կատարվածի մասին իր համոզմունքները: Այնուհետեւ CNN-ը գրում է. «Ըստ Ստամբուլում հայկական պատրիարքարանի, 1914-ին այսօրվա Թուրքիա կոչվող տարածքում կար ավելի քան 2000 հայկական եկեղեցի: Այսօր դրանք 50-ից էլ քիչ են… 1915 եւ 1918 թվականներին Օսմանյան կայսրությունը կազմակերպեց հայերի զանգվածային տեղահանություն, որի հետեւանքով Արեւելյան եւ Կենտրոնական Անատոլիայում ապրող հարյուր հազարավոր հայեր սպանվեցին: Ասում են՝ ավելի քան 1 միլիոն հայ է զոհվել ցեղասպանության տարիներին»: «Կարեւոր չէ՝ 1000 մարդ է զոհվել, թե՞ միայն մեկը, մարդը՝ մարդ է,- ասում է Սեթինն ու ավելացնում,- ես այս գիրքը գրեցի՝ ասելու համար, որ մարդիկ ցավ են զգացել, մարդիկ տառապել են, որ դեպքերին պետք է մոտենալ մարդասիրական տեսանկյունից»:

Ե. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031