Լրահոս
Օրվա լրահոսը

Օստրովսկու «Ամպրոպը»՝ դարձավ «Փոթորիկ»

Մայիս 02,2009 00:00

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այս բեմադրությունը միանշանակ չի ընդունվել:

Ըստ մեր տեղեկությունների, վերջերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Օստրովսկու «Ամպրոպ» պիեսի քննարկումն ու առաջնախաղը: Գուցե այս փաստը «Առավոտին» չհետաքրքրեր, եթե խնդիրը չվերաբերեր աշխարհահռչակ մի դրամայի, որի բեմադրության անվանդույթներ կան ինչպես արտերկրյա, այնպես էլ հայ թատրոնում եւ հատկապես Վանաձորի դրամատիկականում, որտեղ 1930-40-ականներին երեք անգամ անդրադարձել են այս ստեղծագործությանը: Դարձյալ ըստ մեր տեղեկությունների, բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանի այս աշխատանքը վերջերս գեղարվեստական խորհրդի մի քանի անդամների կողմից առաջարկվել է փակել: Սա իսկապես աննախադեպ է, որովհետեւ մենք վարժվել ենք այն բանին, որ հանրապետության թատրոններում բեմադրված ցածրորակ ներկայացումները ընդունվում են խաղացանկ ու շարունակում «ապրել» ցմահ:

Այն, որ այս բեմադրության մեջ գլխիվայր շրջվել է Օստրովսկու պիեսը, աղավաղվել է հեղինակի ասելիքը, ձախողվել են գլխավոր դերակատարները՝ մեզ տեղեկացրել են ներկայացումը դիտած մասնագետները: Արդյոք, այս «գործում» առկա չէ՞ նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի եւ բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանի միջեւ երկար ժամանակ գոյություն ունեցող կոնֆլիկտը, որի պատճառն այն է, որ Ջ. Ավետիսյանը միշտ էլ հրապարակավ ցանկություն է հայտնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում հաջորդել իր կնոջը՝ Սոֆյա Սողոմոնյանին, որը 2002-04թթ. ղեկավարել է թատրոնը եւ հաստատել «տեղացիների» իշխանություն:

«Առավոտը» կապվեց բեմադրիչ Ջ. Ավետիսյանի, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Շահվերդյանի եւ տնօրեն Հովիկ Չախմախչյանի հետ: Հարցին՝ ճի՞շտ է, արդյոք, որ ցանկացել են փակել ձեր բեմադրությունը՝ դրանում գոյություն ունեցող գաղափարական եւ գեղարվեստական աղավաղումների համար, Ջ. Ավետիսյանը, չհերքելով, ասաց. «Վահե Շահվերդյանը նույնիսկ խնդրեց, որ ներկայացման հայտագրից իր անունը՝ որպես գեղարվեստական ղեկավարի, հանվի: Ես խնդրել եմ մայիսի 9-ին կայանալիք «Ամպրոպին» ներկա գտնվեն Թատերական գործիչների միությունից մասնագետներ, նախագահ Հակոբ Ղազանչյանի գլխավորությամբ»: Վ. Շահվերդյանն էլ հայտնեց հետեւյալը. «Ձեզ հասած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ինչ խոսք, բեմադրությունն ունի որոշակի թերություններ, ունի նաեւ արժանիքներ: Գեղարվեստական խորհրդի քվեարկության արդյունքում որոշվել է այն, նույնիսկ այդ թերություններով հանդերձ, մտցնել խաղացանկ»:

Թատրոնի տնօրեն Հ. Չախմախչյանի խոսքն էլ այսպիսին էր. «Գեղարվեստական խորհրդի անդամներ, ժողովրդական արտիստներ Ռոզա Մխիթարյանի, Հակոբ Ազիզյանի, վաստակավոր դերասանուհի Ալլա Հովհաննիսյանի, արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի խոսքերը բեմադրության մասին՝ ընդհանուր առմամբ դրական էին: Սակայն, իմ խորին համոզմամբ, այն ներկայացնել որպես Օստրովսկու «Ամպրոպ»՝ իբրեւ դասական հանրահայտ երկի բեմադրություն, այնքան էլ տեղին չէ: Առաջարկեցի հայտագրի վրա կատարել փոփոխություն. «Ամպրոպը» ներկայացնելով որպես «Փոթորիկ»՝ ըստ Օստրովսկու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել