«Առավոտի» ապրիլի 28-ի համարում տպագրված «Հայկական արտաքինի պատճառո՞վ» լուրում տեղեկացրել էինք, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի Իսկուհի Մանասյանը պատրաստվում է դատի տալ գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին: Դերասանուհու փոխանցմամբ, թատրոնի գեղարվեստական ղեկավարը այլեւս չի ցանկանում իր հետ աշխատել, պատճառաբանելով, որ Իսկուհին հայկական արտաքին ունի եւ հարմար չէ ռուսական թատրոնի համար: Իսկուհին նեղսրտել էր նաեւ. «Չորս տարի սովորել եմ Ալեքսանդր Գրիգորյանի կուրսում, չորս տարի էլ աշխատել թատրոնում: Ինչ է՝ ութ տարի՞ էր հարկավոր ճշտելու՝ հարմար չեմ»: Դերասանուհին մեզ ներկայացրեց նաեւ իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանը՝ տնօրեն Ֆրեդ Դավթյանի ստորագրությամբ: Այնտեղ քայլը հիմնավորվում էր՝ Ի. Մանասյանի աշխատանքային պայմանագրի ժամկետի՝ մարտի 31-ին ավարտվելով, եւ թատրոնի խաղացանկային քաղաքականությամբ: Չնայած սրան, Ի. Մանասյանը գտնում է, որ իրեն ազատել են առանց օրինական հիմքերի եւ պատրաստվում է ոտնահարված իրավունքները վիճարկել դատարանում:
Ցանկացած ՊՈԱԿ-ի, այդ թվում՝ թատրոնների ղեկավարները օրենքով տնօրեններն են, մինչդեռ իրականում՝ գեղարվեստական ղեկավարները, դրա համար էլ պարզաբանումներ ստանալու համար կապվեցինք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ: Նա առաջարկեց խոսել տնօրեն Ֆրեդ Դավթյանի հետ, նաեւ հեռախոսով հայտնեց հետեւյալը. «Միայն հայկական արտաքինը չի պատճառը, պարզապես ոչ մի ռեժիսոր չի ուզում Իսկուհու հետ աշխատել: Եվ հետո, ոչ մի անօրինական բան չենք արել, եթե պայմանագիրն ավարտված է, ուրեմն ամեն ինչ ավարտված է, թատրոնն իրավունք ունի հրաժարվել նրա ծառայություններից… Ախր ես եմ նրան ժամանակին ընդունել ինստիտուտ, այն դեպքում, երբ հայկական կուրսում չցանկացան վերցնել, վատ չի սովորել բուհում, թատրոնում էլ աշխատանքի եմ վերցրել… Ի դեպ, մենք կարող էինք իրեն դեռ հունվարի 1-ից ազատել, բայց չարեցինք, դեռ մի քանի ամիս էլ ընդառաջեցինք, որ նոր աշխատանք գտնի, առաջարկել ենք նաեւ համագործակցել, որ ինքը մնա այն ներկայացումներում, որոնցում խաղում է, բայց չի ցանկանում, ուզում է հաստիքով աշխատել, մի բան, որ հնարավոր չէ…»: