Ադրբեջանական Day.az-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. իբր հայերը պատրաստվում են ահաբեկչական ակտ իրականացնել Մոսկվայում՝ «Եվրատեսիլի» օրերին, որպեսզի այդ ձեւով մրցույթի համար ՌԴ ժամանած բազմաթիվ օտարերկրացիներին հիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին: Ըստ Day.az-ի, մոսկովյան իշխանություններն էլ հատուկ պատրաստվել են այդ առիթով:
Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայացնող Արշակյան քույրերի PR-մենեջեր Աննա Ավանեսյանը ադրբեջանցիների այս քայլը մեկնաբանեց հետեւյալ բառերով. «Դա բնորոշ է միայն ինքնահաստատման կարիք ունեցող երկրներին»: Նաեւ հավելեց, որ Ինգան եւ Անուշը ապրիլի 25-ից աշխատում են Մոսկվայում ու որեւէ արտառոց բան չեն նկատել այնտեղ, մյուս մասնակիցների հետ շփումներն էլ ջերմ են ու բարեկամական: «Ավելին ասեմ՝ մեր աղջիկների իմիջով զբաղվող հանրահայտ FRESH ART եռյակի տղաներից մեկը՝ Ասլան Ախմադովը ադրբեջանցի է, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը… Նշեմ, որ բոլոր ինտերնետ կայքերում անգամ կոնֆլիկտ ունեցող երկրների մասնակիցների հասցեին մեկնաբանությունները թշնամական չեն, այնպես որ, անհանգստանալու ոչինչ չկա, եւ մենք հակված չենք ուշադրություն դարձնել Day.az-ի բամբասանքներին: Կարեւորը՝ աղջիկների տրամադրությունը բարձր է եւ իրենք զբաղված են զուտ ստեղծագործական աշխատանքով՝ հեռու քաղաքականությունից»,- հեռախոսով փոխանցեց Ա. Ավանեսյանը: