Հատվածներ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մայիսի 1-ի հանրահավաքի ելույթից
Հայ–թուրքական հարաբերություններ. Հայ–թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետեւ այն շոշափում է Հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը: Միանգամից նշեմ, որ Հայ ազգային կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին: Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում:
Իսկ այժմ տեսնենք, թե ինչում է արտահայտվում հիշյալ տեղաշարժը: Ակնհայտ է, որ հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումների արդյունքում ստեղծվել է մի աշխատանքային փաստաթուղթ, որն ընդգրկում է հետեւյալ կետերը.
1. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
2. Պետական սահմանների փոխադարձ ճանաչում.
3. Հայ–թուրքական սահմանի բացում.
4. Հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում:
Հետագայում այդ փաստաթուղթը կոչվեց «ճանապարհային քարտեզ», եւ բացահայտվեցին մի քանի այլ մանրամասներ: Ինչեւէ, թվում է, թե մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հաստատման մի լուրջ մտադրության հետ, մանավանդ նկատի ունենալով, որ Թուրքիան, կարծես թե, հրաժարվել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորելու իր նախկին ապակառուցողական դիրքորոշումից: Սակայն առկա են երկու հանգամանքներ, որոնք մթագնում են այս տպավորությունը: Հայկական կողմի համար ակնհայտորեն որոշակի դժվարություն պիտի հարուցեր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, եւ վերջիվերջո նրան հաջողվել է այն վերանվանել միջկառավարական հանձնաժողով: Բայց դա ընդամենը միայն խնդիրը քողարկելուն եւ հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմասացություն (եւֆիմիզմ) է, քանի որ միջկառավարական հանձնաժողովում եւս ենթադրվում է ստեղծել պատմաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենեւին չի փոխվում: Իսկ թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ադրբեջանական հասարակության եւ սեփական ընդդիմության ճնշման հետ, ուստի ստիպված կրկին վերադառնալու է իր նախկին դիրքորոշմանը: Այսինքն՝ հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ–թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում:
Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր, ապա, բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը: Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը: Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ: Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի:
Թուրքիայի ղեկավարները նախագահ Օբամայի առջեւ դրին հայ եւ թուրք դիվանագետների աշխատանքի արդյունքում ծնված վերոհիշյալ փաստաթուղթը եւ, ինչպես սպասելի էր, նրան հեշտությամբ համոզեցին, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում լրջագույն գործընթաց է մեկնարկել: Օբաման, թեեւ գովելի ազնվությամբ, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության գնահատման հարցում չի փոխել նախընտրական շրջանում արտահայտած իր տեսակետը, սակայն պետական այրին վայել կեցվածքով բացատրեց, որ մտադիր չէ խանգարել այդ դրական գործընթացին, հասկացնել տալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առայժմ հանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգից:
Կարելի՞ է, արդյոք, Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել երկերեսանիության մեջ: Ամենեւին ոչ: Թուրքիան, նախանձելի դիվանագիտական հնարամտություն դրսեւորելով, այս հանգրվանում փայլուն կերպով լուծեց իր հետապնդած առաջնահերթ խնդիրը: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վարվեց այնպես, ինչպես նման իրավիճակում կվարվեր ցանկացած պատասխանատու առաջնորդ: Եթե, այնուամենայնիվ, մեղադրանքի թիրախ փնտրելու անհրաժեշտություն կա, ապա այդ թիրախը կարող են լինել միայն Հայաստանի վերջին տասնմեկ տարվա իշխանությունները՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, որոնք բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը՝ այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի: Եվ դա ոչ թե պետական կամ ազգային վեհ նպատակների, այլ բացառապես Սփյուռքին հաճոյանալու եւ ներքաղաքական դիվիդենտներ ստանալու մանրախնդիր նկատառումով:
Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միանգամայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային.
1. Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը:
2. Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ:
3. Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին՝ ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուրքիային հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը:
4. Թե՛ այս օբյեկտիվ պատճառով եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ–թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկինL:
Ոչ մի այլ բան, քան քաղաքական խարխափումների, անհեռատես քայլերի եւ անպատասխանատու ձեռնարկների այս խայտառակ շարքն է, ահա, որ հանգեցրեց նախագահ Օբամայի՝ Թուրքիա կատարած այցի բերած արդյունքին: Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, անպայման կարտասաներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան Կոնգրեսը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը: Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել: Բայց ներկա իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ այս անգամ արդեն հարցի մերժման ֆորմալ պատրվակը Թուրքիայի հետ ամեն գնով, այդ թվում՝ Ցեղասպանության ուրացման գնով, մերձենալու Սերժ Սարգսյանի ձախորդ նախաձեռնությունն է: Այսպիսով, առանց դույզն-իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը: Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի:
Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի եւ մանավանդ Սփյուռքի արմատական շրջանակներում։ Արդարությունը պահանջում է, սակայն, կատարվածում մեղադրանքի որոշ բաժին հասցեագրել նաեւ Սփյուռքի ազգային ջոջերին, ովքեր ոչ միայն երբեւէ Հայաստանի իշխանություններին չզգուշացրին Ցեղասպանության ճանաչման հարցը պետականորեն բարձրացնելու ձեռնարկի անխոհեմության ու վնասակարության մասին, այլեւ ընդհակառակը՝ ոգեւորությամբ խրախուսեցին վերջիններիս ջանքերն ու թմբկահարեցին նրանց «սխրանքները»՝ արդյունքում ստանալով այն, ինչ ստացան: Ավելի քան քառասուն տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով Սփյուռքի ներդրած հսկայական ջանքերն ու դրամական միջոցներն, այսպիսով, մեկ օրում ջուրը թափվեցին: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է շտկել վիճակը եւ դարմանել պատճառված վնասը:
Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ–ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով որոշ հող է ստեղծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար: Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Երեւանի քաղաքապետի ընտրությունները. Երբ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ իմ գլխավորությամբ մասնակցելու է Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, իշխանական ճամբարից հնչած առաջին արձագանքն այն եղավ, որ Կոնգրեսը քաղաքականացնում է այդ ընտրությունները, այսինքն՝ գործում է զարհուրելի մի հանցանք, որի նմանը տեսնված չէ համաշխարհային պատմության մեջ: Ցանկացած հարցի քաղաքականացումն այդպես արձագանքողների համար, կարծես թե, հավասարազոր է ժանտախտի, որից գլխակորույս պետք է փախչել: Նախ՝ դրանով իշխանական կոալիցիայի մաս կազմող խորհրդարանական կուսակցություններն իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ, մոռանալով, որ հենց իրենք են ի սկզբանե ծայրահեղորեն քաղաքականացրել քաղաքապետի ընտրությունները՝ որդեգրելով հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքը: Եվ երկրորդ՝ նման արձագանքով նրանք անզգուշորեն մատնում են իրենց քրեական էությունը, որովհետեւ քաղաքականացման այլընտրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեականացումը:
Պաշտոնական քարոզչամեքենան ընտրությունների քաղաքականացման մեջ Կոնգրեսին մեղադրելուց բացի, փորձում է մեզ անհարմար դրության մեջ դնել նաեւ մի այլ ծիծաղելի հնարքով՝ քաղաքապետին, իր պատկերացմամբ, օժտելով միայն աղբահավաքի նվաստ դերով։ Նախ՝ ո՞վ է ասել, որ աղբահանությունն ինքնին կարեւոր գործ չէ։ Եվ երկրորդ՝ եթե քաղաքապետի միակ պարտականությունը աղբահանությունն է, ապա ինչո՞վ բացատրել, որ Երեւանի մասին 60 մեծադիր էջից բաղկացած օրենքում այդ խնդրին ընդամենը մեկ տող է հատկացվել, մինչդեռ ողջ մնացյալը վերաբերում է քաղաքականությանը։ Եթե տրված բացատրություններից հետո էլ կարծիքներ կհնչեն, թե Հայ ազգային կոնգրեսը քաղաքականացնում է քաղաքապետի ընտրությունները, ապա դրա համար պետք է միայն շնորհակալություն հայտնել Կոնգրեսին, քանի որ քաղաքականացնելով՝ նա ձգտում է կանխել ընտրությունների քրեականացումը։
Այսօր ես ամենեւին մտադիր չեմ զբաղվել նախընտրական քարոզչությամբ: Դա մենք կանենք մեր հաջորդ հանրահավաքներում: Սակայն առաջիկա ընտրությունների կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրությունը չհրավիրել մի վերջին կարեւոր հարցի վրա: Ի՞նչ տեղի կունենար, եթե Հայ ազգային կոնգրեսը որոշեր չմասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Անկասկած, ոչ այլ բան, քան այն, ինչ տեղի ունեցավ 2007 թ. խորհրդարանական ընտրություններում: Դրանք կանցնեին արտաքուստ նույնքան ազատ ու արդար պայմաններում, իշխանական թեկնածուն համոզիչ հաղթանակ կտաներ, իսկ միջազգային դիտորդներն այդ ընտրությունները կգնահատեին որպես ժողովրդավարության խորացման ուղղությամբ կատարված նշանակալի քայլ: Սերժ Սարգսյանն այդ ընտրությունները դրոշ դարձնելով՝ հետին թվով ինչ-որ առումով կլեգիտիմացներ 2008 թ. նախագահական կեղծված ընտրությունները եւ հսկայական վարկ ձեռք կբերեր միջազգային հանրության աչքում:
Եթե Սարգսյանն իսկապես մտածում է իր եւ պետության վարկի մասին, ապա նա այսօր էլ ունի տվյալ նպատակին հասնելու հնարավորությունը: Թող անցկացնի օրինական ընտրություններ, որոնք, վստահաբար, կարժանանան ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ մեր հասարակության գնահատանքին: Նա պետք է վերջիվերջո գիտակցի, որ օրինական ընտրությունների արդյունքում ոչ միայն իշխանության, այլեւ նույնիսկ ընդդիմության հաղթանակը ուժեղացնում է պետությունը եւ նրան զերծ պահում արտաքին ճնշումներից: Այլապես նա երբեւէ պետական այր կոչվելու իրավունք չի ձեռք բերի: Իսկ եթե Սարգսյանը, նեղմտություն դրսեւորելով, փորձի կրկնել այն, ինչ կատարեց նախագահական ընտրությունների ժամանակ, չխորշելով ոչ միայն բացահայտ կեղծիքներից, այլեւ ֆիզիկական բռնություններից, ապա պետությանը կհասցնի հերթական ծանր հարվածը, որից այս անգամ արդեն այն կարող է այլեւս ուշքի չգալ: Քաղաքապետի ընտրությունների օրինականության ապահովումը Սերժ Սարգսյանի համար Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության առջեւ որոշ հեղինակություն ձեռք բերելու վերջին շանսն է։ Այդ շանսը չօգտագործել, հերթական անգամ, նա կարող է միայն Հայաստանի պետական շահը զոհաբերելու գնով: