Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ համար են կազմակերպվում համերգները

Մայիս 02,2009 00:00

\"\"Ինչպե՞ս կարող է 60 հազար դրամ աշխատավարձ ստացողը համերգի տոմս գնել

Հարգելի Արամ Աբրահամյան, ինձ ու ինձ նմանների անունից ուզում եմ կիսել ձեր թերթի խմբագրության հետ իմ վրդովմունքը: Արդեն քանի տարի է՝ ստիպված եմ բաց թողնել բոլոր այն համերգները, որոնց մեծ հաճույքով ներկա կգտնվեի, նույնիսկ ողջ համերգը ոտքի վրա կանգնելու պայմանով: Փոխարենը՝ լսում եմ եթերից եւ հարեւաններիս տներից ինձ «առաջարկվող» «պապսան»: Երեւանում համերգների, թատրոնների գները այնպիսին են, որ 60 հազար դրամ աշխատավարձ ստացողս չեմ կարող ինձ նման ճոխություններ թույլ տալ:

Ջազի մեծ երկրպագու եմ, սակայն չկարողացա ներկա լինել ո՛չ Տաթեւիկ Հովհաննիսյանի, ո՛չ Գարի Քեոսայանի համերգին: Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգը, որին մասնակցում էին համաշխարհային մեգաաստղեր (անունները չթվարկեմ), տեսա միայն «Հ1»-ի օպերատորների աչքերով եւ լսեցի ոչ պրոֆեսիոնալ հնչյունային ռեժիսորների ականջներով: Գարուի երկրպագու չեմ, բայց չէի հրաժարվի բեմից լսել տաղանդավոր երգչի կատարումները: Մեզ համար նույնիսկ անհասանելի են տեղական ներկայացումներն ու համերգները: Այսօր թատրոնների տոմսերն արժեն մի քանի հազար: Իսկ եթե այդ թիվը բազմապատկես ընտանիքիդ անդամների քանակով կամ թեկուզ 2-ով, արդեն ստացվում է պատկառելի գումար:

Հասկանալի է, որ Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակը» մեծարժեք գործ է, բայց հասկանալի չէ, թե ում համար են նախատեսված 30-60 հազար դրամ արժեցող տոմսերը: Իսկ եթե հավատանք գովազդին, որ ներկայացումը բեմադրվում է Ռիտա Սարգսյանի եւ Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո, ապա հարց է առաջանում՝ եթե չլիներ այդ հովանին, որքա՞ն կարժենային տոմսերը:

Մենք էլ մարդ ենք, եւ Ռիտա Սարգսյանից ոչ պակաս արվեստասեր, ու իրավունք ունենք մեր համեստ միջոցներով գոնե երբեմն ներկա գտնվել համերգասրահներում եւ վայելել արվեստի կախարդիչ ուժը, որը շոշափելի է միայն այնտեղ: Ո՞ւմ համար են կազմակերպվում նմանատիպ համերգները: Մի՞թե հնարավոր չէ տոմսերի գները տարբերակել՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացումը: Խելամիտ մենեջմենթի արդյունքում, կարծում եմ, դա էլ է հնարավոր, ընդ որում՝ կարելի է ավելի մեծ շահույթ ստանալ համերգից, չէ՞ որ որոշ համերգների ժամանակ (օրինակ՝ Ալան Փարսոնսի) դահլիճը նույնիսկ կիսադատարկ է: Մարդու իրավունքների ոտնահարում չէ՞, արդյոք, արվեստի օջախների «փակ դռները»՝ որոշ համեստ արվեստասերների համար:

Երանությամբ եմ հիշում Լորիս Ճգնավորյանի համերգները: Երբեք չեմ եղել այդ երաժշտի մեծ երկրպագու, բայց հարգանքի է արժանի նրա արած գործը՝ բացել դռները սիմֆոնիկ երաժշտության սիրահարների համար, այն էլ այն տարիներին: Խոնարհվում եմ Վլադիմիր Սպիվակովի հանճարի առաջ, որը միշտ մեծահոգաբար ժեստ է անում՝ համերգը սկսվելուց առաջ կարգադրում է բացել դռները անտոմս ունկնդրի համար:

Շուտով Երեւան է գալու անգլիական լեգենդար Ջեթրո Թալլ ռոք համույթը: Ռոքի սիրահարներին կարիք չկա պատմել, թե ովքեր են գալիս… բայց իմանալով, որ համերգին չեմ մասնակցելու, տրամադրությունս արդեն ընկած է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել