Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Մայիս 02,2009 00:00

\"\"Ակամա արձագանք «Առավոտ» թերթի հրապարակմանը

Հարգելի Գոհար Հակոբյա՛ն: Անչափ հետաքրքիր է, թե Ձեր հրապարակմանն իբրեւ ենթավերնագիր դրված «Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին» արտահայտությունը Ձե՞ր մտահղացումն է, թե՞ Ձեր հերոսի պահանջը: Ախր, դա իսկական գյուտ է լրագրության ասպարեզում եւ կարող է ցնցող շարունակություն ունենալ, օրինակ՝ առաջիկայում կարող եք գրել՝ «Կոմպոզիտոր Քյազիմ Կաբաբեքիրը՝ կոմպոզիտոր Ամադեուս Մոցարտին», կամ էլի նման շատ ու շատ բաներ… Թուրքի անունը օդից ընկավ գրությանս մեջ, բայց տեղնուտեղն էլ իմաստավորվեց ցեղասպանության տարելիցի եւ զոհերի ոգեկոչման այս օրերին: Թուրքերն արմատապես ժխտում են անցյալի իրենց գործած ոճիրները եւ դեռ հոխորտում են հայերիս վրա, թե մենք անշնորհակալ, ապստամբ ժողովուրդ ենք, եւ մենք ենք ցեղասպանության ենթարկել իրենց: Ուրացումի այս հոգեբանությունը լայնորեն ներդրված է մեր ներազզային կյանքում եւ ունենում է շատ ցավալի դրսեւորումներ, որոնցից մեկն էլ նյութ է ծառայել Ձեր հրապարակմանը:

Թողնենք մի կողմ, որ Ձեր հերոսի փողոցային, գռեհիկ, հայհոյախառն զառանցանքները կարդալով, յուրաքանչյուր ընթերցողի միայն մի միտք կարող է համակել, այն է՝ հարկավոր է շտապ բժշկական ախտորոշում, որը անվերապահորեն կհաստատի միայն մեկ ախտանիշ՝ «Կուրացնող նախանձի եւ դրանից բխող ատելության կարծրացած դրսեւորում: Ենթակա չէ բուժման»:

Թե իրականում ի՞նչ է եղել, ասեմ Ձեզ, հարգելի լրագրող: Ես ոչ մեկի ոչ հիշատակը, ոչ արժանիքը սեւացնելու միտում չունեմ: Նաեւ իմ խնդիրը բացարձակապես այդ մարդիկ չեն: Այլ խոսքը գնում է այն ժամանակ իշխող գրական քաղաքականության բարոյականության մասին, որի թելադրողները «վերեւներն» էին, կատարողները՝ գրական չինովնիկները: Երբ նրա շեֆն ըմբոստացավ Սարոյանի ելույթից, որովհետեւ նա խոսեց գրական այլ՝ բարձր չափանիշների ելակետից, ինչպես վայել էր Սարոյանի պես հսկային, հերոսիդ հայրը ինչպե՞ս կարող էր իր հավատարմությունը չհայտնել իր շեֆին ու զբաղեցրած պաշտոնին: Այդ մարդկանց հանդեպ ինչ հարգանք ունեցել եմ, մինչեւ հիմա էլ նույնն է, ոչ մի փոփոխություն: Միայն թե միշտ էլ ինձ զարմացրել է, թե ինչո՞ւ գրական կազմակերպության ղեկավարներ չնշանակվեցին Գուրգեն Մահարին, Սերո Խանզադյանը, Համո Սահյանը, Պարույր Սեւակը… Իմ միտքը Սարոյանի մտահոգությանը հանրությանը տեղյակ պահելն է եղել, թե ինչո՞ւ մեր գրական միջավայրի վրա պիտի իշխի գորշ միջակությունը, ինչպես հիմա է, մեր օրերում, երբ այն տաղանդավորների բերած բարիքը կարող էր հազարապատիկը լինել: Ոչ միայն դա թույլ չտրվեց, այլեւ վաթսունական թվականներին մի համագումարի ժամանակ Գուրգեն Մահարին եւ Սերո Խանզադյանը դուրս մնացին անգամ վարչության կազմից: Պատկերացնու՞մ եք, թե էլի ինչե՛ր կարող էին պատահել Պարույր Սեւակի հետ, եթե նրան դատապարտելու ժամանակ Գրողների միության նախագահը Ավետիք Իսահակյանը չլիներ: Մի կարճ ժամանակ այդ նույն միության նախագահ ընտրվեց Վահագն Դավթյանը, որի կյանքը թունավորողներից մեկն էլ նրա ընկերոջ որդին էր՝ Ձեր հրապարակման հերոսը:

Իսկ թե ինչու՝ նրանց կենդանության ժամանակ ես այդ փաստը չեմ հրապարակել, պարզից էլ պարզ է. ովքե՞ր էին հրատարակության թույլատրողները, մի՞թե այդ նույն անձերը չէին: Առնվազն միամտություն է՝ կարծել, թե դա հնարավոր էր: Ձեր հրապարակման մեջ Դուք հավատարմորեն արձանագրում եք նրա յուրաքանչյուր հայհոյանք ու զազրախոսություն ու զրպարտությունների ողջ համակարգը, բայց կարող էիք, չէ՞, մի լավություն անել նրան, ասելով, թե՝ այ կիլլեր, քո սպառնալիքներն ինքնին ցուցմունք են՝ առանց դատական հայցի քեզ վրա քրեական գործ հարուցելու համար: Թե՞ առաջնորդվում ես գրչակիցներիդ տրամաբանությամբ, որ հանրապետությունում ոչ օրենք կա, ոչ օրինականություն, նաեւ իզուր են այդքան եռանդուն խոսում հասարակության, մանավանդ իշխանության մեջ բարոյականության դաշտը վերականգնելու մասին: Զուր հույսեր մի փայփայեք, օրենքը գործելու է բոլորի համար, եւ մենք ամեն ջանք թափելու ենք, որ բարոյական արժեքները լինեն տիրապետող։ Հրապարակման մեջ նաեւ հանդիմանանք կա իմ հասցեին, թե ես երախտամոռ եմ, եւ չեմ հիշում ինձ արված լավությունները։ Մի ստիպեք ինձ, որ այդ «լավությունները» հանձնեմ հասարակության ուշադրությանը, դրանք հիշելն անգամ ինձ համար լուրջ տհաճություն է:

Մի պարզաբանում եւս. ես մեծ գերդաստանի զավակ եմ, որտեղ ամեն մեկը համարյա ծնված օրից իր պատվի եւ պարտավորությունների կրողն է եղել: Ի տարբերություն Ձեր հերոսի, մեր մեջ «լակոտ» չի եղել: Եթե նրա աղտոտ բերանը զորել է այդ բառն ասել մի մարդու հասցեին, որի բանաստեղծություններն արտասանում են մանկապարտեզի երեխաներից մինչեւ ալեհեր մարդիկ, Ձեր գիր գրող ձեռքը պիտի դա չգրեր, որպեսզի դա անեծք չդառնա Ձեր գրած գրերի վրա: Սրանից տասնամյակներ առաջ, երբ Ձեր հերոսը նույն ամբարտավանությամբ նվաստացուցիչ արտահայտություններ էր անում իր հոր անձի եւ գրական արժանիքների հասցեին, մի քանի ներկաներ, այդ թվում նաեւ ես, ասել ենք, թե դա լակոտություն է, անբարո բաներ մի արա: Կարելի էր ասել՝ ահա մի դրական տեղաշարժ, նա այսօր պաշտպանում է իր հորը, բայց դժբախտաբար դա չէ նրա բարբաջանքի պատճառը, այլ իր անբուժելի հիվանդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել