Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է հայի, ով փորձել է մոտ 300 000 դիրհամ արժողությամբ զարդեր գնել կեղծ կրեդիտ քարտով:
Վկայակոչելով Դուբայի gulfnews.com նորությունների կայքը, «ՆՏ»-ն տեղեկացնում է, որ երիտասարդը ձերբակալվել է հանցանքի պահին՝ 7990 դիրհամ արժողությամբ ոսկյա շղթա գնելիս, երբ նրա քարտը մերժվել է ցանցի կողմից՝ բավարար գումար չպարունակելու պատճառով: Կասկածյալը օգտագործել է նաեւ այլ քարտեր: Հետաքննության ընթացքում նրա մոտ գտել են նույն անձի անվամբ, բայց իր լուսանկարով վարորդական իրավունքի վկայական: Սակայն, ինչպես բացահայտել է հետաքննությունը, կրեդիտ քարտը պատկանել է մեկ այլ անձի: Դուբայի ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալության պահին նրա գրպաններում գտել են 8 կեղծ քարտ, իսկ սենյակի խուզարկման ընթացքում հայտնաբերվել է նրա իրական անձնագիրն ու եւս 38 կեղծ կրեդիտ քարտ: Այս ամենը նա թաքցրել է հյուրանոցի իր համարում, մնացած գողոնի հետ, որը ընդգրկում էր «լեփթոփ» համակարգիչներ, բջջային հեռախոսներ եւ թանկարժեք զարդեր, որոնք ձեռք էին բերվել 12 տարբեր խանութներից: Ըստ ոստիկանության զեկույցի, երիտասարդը խոստովանել է, որ Հայաստանում հանդիպել է 20 000 ԱՄՆ դոլար սահմանաչափով կրեդիտ քարտեր վաճառող հանցագործ խմբավորման հետ, որը նրան տրամադրել է նաեւ կեղծ վարորդական իրավունքի վկայականը: