Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ «ՏԱ» ՕՐԵՆՔԸ

Մայիս 02,2009 00:00

Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, նախորդ օրը կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Մասնակցում էին 54 ուսանողներ՝ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ուսանողներին ծանոթացրեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներին, բացատրեց, թե որ տեղեկություններն են հրապարակման ենթակա, տեղեկատվություն ստանալու որ հարցումները կարող են մերժվել եւ ինչ հիմքերով: «Որպեսզի այսօր ճիշտ ընտրեք ձեր մասնագիտությունը եւ վաղը չմտածեք այն փոխելու մասին, դուք պետք է լինեք հնարավորինս իրազեկված եւ ցուցաբերեք նախաձեռնողականություն»,- ընդգծեց Մ. Հակոբյանը: Նա նաեւ ուսանողներին տեղեկացրեց, որ ուսումնական հաստատությունը պարտավոր է նրանց ծանոթացնել կրթական գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթղթի:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահը նշեց, որ ուսանողների իրազեկվածության պակասն ավելի շատ գալիս է նրանց անտարբերությունից, «քանի որ, եթե ուսանողն ուզենա՝ տեղեկացված կլինի, դրա համար այսօր կան բավականաչափ հնարավորություններ»: ԻԱԿ-ի փորձագետը կոչ արեց. «Պետք է հետեւողական լինենք, որ ուսումնական հաստատությունների ղեկավարները հրապարակեն եղած տեղեկատվությունը, քանի որ դա հետագայում կօգնի խուսափելու տարբեր խոչընդոտներից»:

Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ «Տեղեկատվության ազատությունը՝ որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել