Փաստաբանները դեռ չեն դատապարտել
Նախորդ օրն իր տան շքամուտքի մոտ (Նալբանդյան փողոցում գտնվող) մարմնական վնասվածքներ ստացավ հայտնի փաստաբան, «Armenia Today» էլեկտրոնային թերթի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Վերջինիս շատերը գիտեն հատկապես նրա փաստաբանական գործունեությունից: Նա «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրենն է եւ փաստաբան Լուսինե Սահակյանի ամուսինը: Ի դեպ, Կիվիրյանին բռնարարքի ենթարկելու վարկածներից մեկը կապվում է ոչ թե լրագրողական կարճ ժամանակահատվածի, այլ փաստաբանական գործունեության հետ: Սակայն զարմանալի է, որ փաստաբանները դեռ հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ: Համենայնդեպս, «pastaban.am» պաշտոնական կայքէջը երեկ դեռ լռում էր:
Հիշեցնենք, որ «Armenia Today» էլեկտրոնային թերթի պատասխանատու Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված բռնարարքի կապակցությամբ 11 լրագրողական-իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ: «Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, վրդովմունքով հայտարարում ենք, որ հարցերը ծեծի ու բռնության միջոցով լուծելն արդեն հասարակական լուրջ սպառնալիքի է վերածվում, իսկ պետական մարմիններն էլ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկում դիմակայելու դրան: Այն, որ լրագրողների դեմ հարձակումներ կատարողներն առայսօր դատարանի առջեւ չեն կանգնել, դրա խոսուն վկայությունն է:
Մենք դատապարտում ենք այս հերթական բռնությունը եւ իրավապահ մարմիններից պահանջում ենք հնարավորինս արագ բացահայտել հանցագործությունն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին», ասվում է հայտարարության մեջ:
Ա. Հ.