Ըստ Իլյա Ճավճավաձեի անվան պետհամալսարանին կից Կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գիա Նոդիայի՝ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները ոչ մի խնդիր չունեն, վրաց հանրության շրջանում կան կարծրատիպեր, որոնց համաձայն՝ Հայաստանն ընկալվում է որպես ռուսամետ երկիր: Նրա խոսքերով, Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ Ջավախքի հայ բնակչության հետ կապված հարցերը Վրաստանի ներքին խնդիրներն են եւ Հայաստանի կառավարությունը ճիշտ է անում՝ չմիջամտելով եկեղեցական եւ հասարակական գործերին:
Ըստ Նոդիայի, Ջավախքի հայ բնակչության խնդիրները նույնն են, ինչ ողջ Վրաստանում: «Այժմ մեր կարգախոսն է՝ «Վրաստանը բոլորի համար», սակայն ընդդիմությունը հանդիմանում է նախագահ Սահակաշվիլիին հաճախակի Ջավախք այցելելու եւ հայերի խնդիրներով զբաղվելու համար»,- ընդգծել է նա:
Թե ինչ է նշանակում «Վրաստանը՝ բոլորի համար», պրոֆեսորը չի մանրամասնել, սակայն հայտնի է, որ Վրաստանի իշխանությունները աջակցում են թուրք-մեսխեթցիներին Ադրբեջանից Ջավախք վերաբնակվելու հարցում, նպաստելով Ջավախքի ժողովրդագրական պատկերի փոփոխմանը: Իսկ Ադրբեջանն էլ իր հերթին հայտարարում է, որ վերաբնակվելու ցանկություն հայտնողներին օգնելու համար կարող է դիմել միջազգային կառույցներին: