Ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Շահումյան համայնքում հանդիսավորությամբ դրվել են նոր եկեղեցու հիմքերը, իսկ մեկ օր անց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի պատվոգրով եւ մարզպետի ոսկե կրծքանշանով պարգեւատրել է եկեղեցու կառուցման հովանավոր, Շահումյան գյուղական համայնքում ծնված, այժմ Մոսկվայում բնակվող գործարար Կարեն Հովհաննիսյանին: Մարզպետարանի տարածած տեղեկության համաձայն, մարզպետը նկատել է, որ, հայրենիքից հեռու գտնվելով, հայորդիները հավատարիմ են մնում իրենց արմատներին եւ հնարավորության սահմաններում նպաստում են իրենց երկրի շենացմանն ու հզորացմանը:
Հավելենք, որ Կարեն Հովհաննիսյանը Շահումյանի գյուղապետ Հարություն Նավասարդյանի ազգականն է, իսկ այս գյուղը եւ գյուղապետը հայտնի են նրանով, որ գյուղապետի նախաձեռնությամբ գյուղի փողոցները անվանակոչվել են գյուղապետի ազգականների անուններով («Առավոտ», 25 մարտ, 2009 թվական): Շահումյանում կա եկեղեցի կառուցող գործարարի պապի անունով փողոց: Եվ, ի դեպ, սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ Արմավիրի մարզը եկեղեցիներով ամենահարուստ մարզն է: