Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԳՐԱՏԱՇԵՆ. ԳՈՐԾԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Մայիս 02,2009 00:00

\"\"Շուկան փակվել է, եւ մարդիկ ճարահատ զբաղվում են հողագործությամբ

Վասն շուկայի, ձիթապտղի եւ արեւածաղկի

Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Բագրատաշեն գյուղը հանրապետությունում հանրաճանաչ է 90-ական թվականներից գործող, սակայն 2 տարի առաջ փակված սահմանամերձ առեւտրի շուկայով: «Առավոտը» տեղեկացրել է, որ վերջերս փորձ արվեց 3 տարբեր տեղ շուկա գործարկել, սակայն բոլոր փորձերն էլ անհաջողության մատնվեցին:

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում ոչ մի տեղ շուկա չի գործել»,- ասում է Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը: Նրա տվյալներով, այդ փոքր շուկաների կազմակերպիչները չեն կարողանում համապատասխան արտոնագիր ձեռք բերել: Բագրատաշենի բնակիչներից ոմանք այն կարծիքին են, որ շուկաների կազմակերպիչները չեն կարողանում լուծել հարկային մարմինների հետ կապված խնդիրները: Մինչդեռ Բագրատաշենի շուկան ոչ միայն գյուղի, այլ նաեւ հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչների ապահովում էր աշխատանքով եւ եկամտի աղբյուր էր: Ներկայումս 3050 բնակիչ ունեցող Բագրատաշենից շուրջ 300-ը բացակայում է գյուղից: Մյուս կողմից՝ շուկայի փակումը հարկադրեց տեղացիներին ավելի շատ ուշադրություն դարձնել հողագործությանը: Գյուղն ունի 1460 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որից վարելահողը՝ 916 հա: 43,5 հա վարելահող տրված է վարձավճարով, մի մասը՝ երկարաժամկետ: Գյուղատնտեսական հողերի կեսը ոռոգելի է, 220 հա-ն՝ ինքնահոս եղանակով: Խորհրդային տարիներին Բագրատաշենը հռչակված էր իր արեւահամ պտուղներով: Հիմա, կամաց-կամաց պտղաբուծության լավագույն ավանդույթները վերականգնվում են: Այստեղ 43 հա խաղողի եւ 119 հա պտղատու այգի կա: Պտղատու այգիների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 59 հա ձիթենու այգին, որից 43.5 հա-ն վարձակալության է տրված: Սա հանրապետությունում եզակի ձիթենու այգի է: Դրա տնկիները 1949-50 թվականներին բերել են Ղրիմի բուսաբանական այգուց: Բագրատաշենի գյուղապետն ասաց, որ այս այգին իրենց հպարտությունն է եւ ամեն կերպ կպահպանեն այն: Ի դեպ, ձիթենու այգին ոռոգման կարիք չի զգում: Վերջին տարիներին Բագրատաշենում հաջողությամբ արմատավորվել է արեւածաղիկը: Անցյալ տարի այստեղ 700 հա արեւածաղիկ է մշակվել: 2008թ. արեւածաղկի սերմի 1 կգ-ը տեղացի անհատ ձեռներեցը 800 դրամով է ընդունել: Սակայն հարեւան տարածքում՝ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում արեւածաղկի ցանքերի ընդլայնումը, ինչպես նաեւ ՌԴ Կրասնոդարի երկրամասից մեծ ծավալով արեւածաղկի սերմի ներկրումը նվազեցրել է դրա պահանջարկը: Այս տարի, նախորդ տարվա նման, գյուղացիները արեւածաղիկ են ցանել նաեւ անջրդի հողերի վրա: Սակայն այս մշակաբույսը խոնավասեր է, ուստի չոռոգվող հողերից ցածր բերք է սպասվում: Ընթացիկ տարում Բագրատաշենում 30 հա վարելահող չի հարկվի, որովհետեւ այդտեղ այգիներ են հիմնվում, հիմնականում՝ արքայախնձորի (կորոլյոկի):

Խոստանում է մարել պարտքերը

Գյուղապետ Արկադի Մակյանը անցյալ տարվա հոկտեմբերի 19-ին է ընտրվել: Հանրապետական կուսակցության անդամ է: Գյուղապետարանը նախորդ տարիների աշխատավարձի 1 միլիոն 934 հազար դրամ պարտք ունի, որից 584 հազարը պարտադիր սոցիալական ապահովագրության վճար է: Այս պարտքերը գոյացել են դեռեւս 1996-97թթ., որից 1 միլիոնը մարվել է: Գյուղապետը հավաստիացրեց, որ 3 ամսվա ընթացքում պարտքն ամբողջությամբ կփակվի: Համայնքի այս տարվա բյուջեի եկամտային մասը 40 միլիոն դրամ է, որից պետական լրավճարը՝ 17 միլիոն 424 հազար դրամ: Տեղական բյուջեն թույլ է տալիս նաեւ որոշ ծրագրեր իրականացնել: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ գյուղապետարանը 2009-ին կֆինանսավորի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով համայնքի ոռոգման ներտնտեսային փակ ցանցի 480 մ հատվածի վերանորոգման եւ նոր ջրագծի կառուցման արժեքի 15%-ը:

Ակումբը՝ փշալարերի հետեւում

Բագրատաշենում գործում են ծանրամարտի եւ կարատեի խմբակներ: Գյուղում լավ ավանդույթներ ուներ ազատ ոճի ըմբշամարտը: Այստեղ պատանեկան մեծ մրցաշարեր էին կազմակերպվում, որին մասնակցում էին նաեւ հարեւան Վրաստանի ըմբիշները: Սակայն արդեն մի քանի տարի է՝ ըմբշամարտի խումբը չի գործում: Նախկին «Լալվար» սովխոզի ակումբը, ուր պարապմունքներ էր անցկացնում խումբը, այժմ սահմանապահների տեղադրած փշալարերի հետեւում է: Նախկին շուկայի տարածքում գտնվող ակումբը անգործության է մատնվել, այնտեղ փակված տարածքում են մնում ըմբշամարտի ներքնակները: Մարզիչ Աբրահամն էլ ստիպված է եղել փակել խումբը եւ մարզչական գործունեություն ծավալել Նոյեմբերյանի տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Ոսկեւանում: Սահմանապահները նախկին շուկայի հատվածով, Դեբեդի երկայնքով հսկում են հայ-վրացական սահմանը, ու երկհարկանի մեծ ակումբի շենքը այժմ պարապուրդի է մատնված: Բագրատաշենցիք կարծում են, որ հարկ է շենքը վերադարձնել համայնքին, ակումբն էլ ցանկապատով տարանջատել սահմանից ու մաքսային գոտուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել