Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակցի միտինգավորներին քաշքշեցին

Մայիս 02,2009 00:00

Ճանապարհային ոստիկաններն ակտիվացել են

\"\"
Գյումրիի ավտոկայարանում մարդիկ անհույս սպասում էին:

Երեկ վաղ առավոտից «Առավոտը» ահազանգեր էր ստանում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից, որ ոստիկանները շրջափակել են Գյումրիից Երեւան տանող մայրուղին՝ անհարկի կանգնեցնելով ու ստուգելով բոլոր վարորդներին: Ըստ կոնգրեսականների, ոստիկանական խմբերին «դեսանտ» էին իջեցրել Գյումրիի, Մարալիկի, Թալինի, Աշտարակի հատվածում եւ Երեւան մտնող ճանապարհին: Նաեւ դժգոհություններ էին հնչում, որ պարալիզացվել է տրանսպորտը՝ Գյումրիից Երեւան մեկնող միկրոավտոբուսները հրաժարվում են ուղեւոր փոխադրել: Գյումրիի մուտքի մոտ կանգնած ոստիկաններից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ այս տոն օրով մարդկանց գլխին պատմություններ են սարքում: Նրանք, մեզ տեսնելով, դադարեցրին ստուգումները՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե սովորական աշխատանքային պրոցես է: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ մյուս օրերին այդպիսի ոգեւորությամբ չեն աշխատում, նրանցից մեկը, որը ներկայացավ որպես քննչական բաժնի աշխատակից՝ պատասխանեց, թե «Վահան» միջոցառումների շարքը այսօրվանից է մեկնարկվում. իրենց պետը հրահանգել է միջոցառումը բարձր մակարդակով անցկացնել. այսինքն՝ կասկածյալ փնտրել, զենք-զինամթերք հայտնաբերել: Մեր դիտարկմանը՝ կասկածյալ բառի տակ նկատի ունեք միտինգավորների՞ն, ոստիկանները փորձեցին մեզ համոզել, որ իրենք տեղյակ չեն հանրահավաքից: Նույն սցենարին՝ շատ ավելի հետաքրքիր տարբերակով, հանդիպեցինք Ձորակապ գյուղի մոտ: Չնայած սարսափելի քամուն՝ ոստիկանները «հանգրվանել» էին Ձորակապ մտնող ճանապարհին՝ բառի իսկական իմաստով «օկուպացնելով» գյուղը:

Հիշեցնենք, որ Ձորակապը քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի ծննդավայրն է: Սա հանրապետության միակ տեղանքն է, որտեղից 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախագահական երկու ընտրություններին այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ ձայն ձեռք բերել: «Եթե հացադուլ, ուրեմն գյուղովի, եթե մահ, դարձյալ գյուղովի». այսպիսին է ձորակապցիների սկզբունքը: Տեղեկացնենք, որ Անիի տարածաշրջանի ոստիկանները երկար ժամանակ չարչարվելով ու չկարողանալով «դաստիարակել» Լեւոն Տեր-Պետրոսյանին համակրող Ձորակապի ու նաեւ հարեւան Մարալիկի երիտասարդներին, դիմել էին այս մեթոդին: Իհարկե, ոստիկանները կանգնեցնում էին նաեւ Ձորակապի մոտով անցնող բոլոր մեքենաներին՝ վարորդներից մանրակրկիտ բացատրություն պահանջելով ու արձանագրություններ կազմելով:

Ճանապարհին մենք ականատես եղանք նաեւ, որ Գյումրիից Երեւան մեկնող միկրոավտոբուսները դատարկ են: Այս հարցի պատասխանը ստանալու համար ուղեւորվեցինք Գյումրիի ավտոկայան: Այստեղ մարդկանց մեծ բազմություն էր կուտակված՝ «Երեւան» ուղեցույցի տակ: Ուղեւորներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են մեկնում Երեւան, գնում են հանրահավքի՞ մասնակցեն: Մեր հարցը տալուն պես մի կին անեծքների տարափ տեղաց: «Հանրահավա՞ք, ես ո՞ւր, հանրահավաքն ո՞ւր, ինչի Երեւանում ցույցեր կա՞ն, ես իմ տուն եմ վերադառնում՝ Աբովյան, ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, ես ուղղակի ուզում եմ հասնել տուն, էնքան պրիմիտիվ են, որ հլը չեն հասկացել, որ հանրահավաքի գնացողը պետք եկած տեղը սամալյոտով կգնա, գետինն էլ լավ բառ է, որ սրանց կամենաս»,- ասաց տիկինը, որը, անձրեւի տակ մնալով, դողում էր: Մեր՝ Գյումրիի ավտոկայանի տնօրեն Հովհաննես Գեւորգյանին մոտենալուն ու պարզաբանումներ խնդրելուն պես, Երեւան գնացող մի միկրոավտոբուս հայտնվեց, սպասող ուղեւորներն այնպես վրա տվեցին, որ թվաց՝ աշխարհի վերջն է: Մենք ավտոկայանի տնօրենին հարցրինք, թե ո՞րն է իմաստը մարդկանց այսպես կուտակելու ու միկրոավտոբուսները մայրաքաղաք դատարկ ճանապարհելու: Վերջինս մեր աչքի տեսածը ու ֆոտոխցիկով ֆիքսածը սուտ հանելով՝ փորձում էր արդարանալ. «Ինքներդ եք տեսնում, կուտակումներ չկան, մինչեւ հիմա տասներորդ մեքենան ենք ուղարկում, իսկ դատարկ «Գազել» Երեւան ուղարկում ենք նրա համար, որ էսօր ուրբաթ է, Երեւանից ուղեւորահոսքը շատ է, ուսանողները Երեւանից տուն են վերադառնում, դրա համար մեքենաների պակասություն կա, դրա համար էլ մեքենաներ ուղարկեցինք, որ կարողանան ուղեւորներին ուղեկցել Գյումրի, մենք էսօր աշխատում ենք ի շահ ժողովրդի»:

Իսկ ինչո՞ւ դատարկ միկրոավտոբուսների մեջ ավտոկայանում կանգնած մարդկանց չեք տեղավորում մեր հարցին՝ վերջինս փորձեց համոզել, որ այդ պահին Երեւան գնալու պահանջարկ չկար: Տեղեկացնենք, որ միկրոավտոբուսը հայտնվեց ժամը 13-ի սահմաններում, ճիշտ այն պահին, երբ հանրահավաքին հասնելու վտանգն արդեն անցել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել